Գայանե Ղազարյան |
Համարյա 100 տարի է բաժանում մեզ մեր իսկ մտածողների թողած ժառանգությունից, որոնց մասին մեր գիտելիքները, շնորհիվ գաղութացման ու այդ ժառանգության մոռացմանն ուղղված համառ ու հետևողական ջանքերի, մեր ներկայիս կենսաշխարհում ձգտում են զրոյի: Մենք համարյա կատարելապես զուրկ ենք մեր իսկ ժառանգության մասին պատկերացումներից, զուրկ ենք դրանք մարսելուց, քննելուց ու առաջ անցնելուց... Մինչդեռ 100 տարի առաջ, եթե չընդհատվեր այդ թելը, ներկայումս մենք բոլորովին այլ մտածողության, հասունության ու համաշխարհային մտավոր պրոցեսներին համընթաց քայլող հանրույթ կլինեինք, որում պարզապես չէին կարողանա դոմինանտ լինել մտածողության այն ձևերը, որոնք որպես գաղութացումից ու ուղեղների լվացումից մնացած ժառանգություն, ստիպված ենք թույլ ջանքերով վերացնել:
Խնդիրն այն է, որ հայ մտածողների թողած ժառանգությունն ավելին է, քան մենք այսօր կանք, ավելին է, քան մենք գիտենք ու շատ ավելին, քան այսօրվա գերիշխող մտածողության շրջանակներում ի վիճակի ենք մարսել: Հենց սա է պատճառը, որ ընդամենը 100 տարով մեզ բաժանող ժառանգությունից շարունակում ենք անտեղյակ մնալ՝ ի վիճակի չլինելով նույնիսկ առաջին կուրսեցու մակարդակի վերլուծության ու իմաստավորման ենթարկել այդ՝ ներկայումս արդեն ոչ փայլուն, բայց իր ժամանակի համար առաջադեմ ու բնական երևույթներն ու մտքերը:
Ուստի եթե անտեղյակ ենք հայ մշակույթի առաջադեմ ու ուզում եմ հատուկ ընդգծել՝ պոլեմիկ (այսինքն՝ առողջ ու անբարդույթ, այսինքն՝ հասարակական, այլ ոչ համայնքային-հոտային) մշակույթից, ապա բնական է, որ անտեղյակ պիտի լինենք նաև դրա կանացի հատվածից:
Հետևաբար մեծ ծառայություն մատուցած կլինենք հենց այս օրը և հենց այս օրվան, եթե վերջապես մեր ձեռքը վերցնենք մեր իսկ ժառանգությունը և աստիճանաբար կրճատենք 100 տարվա անդունդը, որ անջատում է մեզ Սրբուհի Տյուսաբի, Զաբել Եսայանի, Միքայել Նալբանդյանի, Անահիտ Աբգարի, Գրիգոր Արծրունու, Շուշանիկ Կուրղինյանի, Րաֆֆու, Զոհրապի, Սիբիլի և բազմաթիվ այլ հայ գործիչներից ու մտածողներից, քանի որ մեր խնդիրը ոչ միայն և ոչ այնքան ժառանգության կանանց «դեմքի» մոռացման, որքան առհասարակ ժառանգության չիմացության մեջ է:
Գայանե Ղազարյան
1 комментарий:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
Отправить комментарий