Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.03.2013

Րաֆֆիին ոչ մի նախագահ պետք չէ, միայն մի քանի պաշտոն

Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ մի այնպիսի առաջարկություններ արեց Սերժ Սարգսյանին, որոնցից վերջինս երեւի դժվարությամբ կարող է հրաժարվել. հատկապես` դրանց երկրորդ մասից: Մեռնեմ հայոց լեզվի զորությանը: Ափսոս, Հովհաննիսյանը դա չի հասկանում: Որովհետեւ` առաջարկները հնչեցնելուց հետո նրա թիմակիցները ասում են, թե առաջարկների կոնտեքստը, իմաստը ճիշտ չի հասկացվել, եւ այլն, եւ այսպես շարունակ: Բայց հայոց լեզուն զորեղ է եւ զորավոր է, (չխառնել զորավար բառի հետ): Բաներ կան, որ հայերենում այլ իմաստով ուղղակի անհնար է հասկանալ:
Ուրեմն, պարոն Րաֆֆին, երեկ Ազատության հրապարակի հարթակից ներկայացրեց Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկների փաթեթ, իր բառերով ասած` պայմանագիր: Տատս լավ բառ ուներ, բայց ծանոթներիցս մեկի մորքուրն էլ ավելի լավ բառ էր ասում նման դեպքերի համար:  

Ուրեմն, Հովհաննիսյանը բառացիորեն ասաց` երկու առաջարկ կա, մեկը ամբողջական, մյուսը`«գողացված,կեղծված,հակահայկական,հակասահմանադրական ըտրություններով հանդերձ, (ի դեպ, այդ խոսքերին զուգահեռհրապաարակում արդեն լսվում են դժգոհ վանկարկումներ), եթե դուք ուզում եք շարունակել որպես դե ֆակտոնախագահ չունենալով ժողովրդի վստահության քվեն նաեւ այդ հնարավորությունը պիտի տամ ձեզ»: 
Ասաց, որ սա իրենց նվազագույն դիրքորոշումն է` այսինքն, պլան մինիմումը:


Ուրեմն, պլան մաքսիումըԱրտահերթ նոր նախագահական ընտրությունների անցկացում: Ի դեպ, որքան էլ տարօրինակ է, երբ մինչ այդ Արմեն Մարտիրոսյանն իրեն ներկայացրեց որպես ՀՀ չորրորդ նախագահ, պարոն Րաֆֆին ասաց, որ իրեն ոչ մի նախագահ պետք չէ:
  
ԿԱՄ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ՝ այս տարվա ընթացքում: (Մինչ այդ Ընտրական օրենսգրքում իրականացնել փոփոխություններ. վերացնել մեծամասնական ընտրակարգը՝ թողնելով բացառապես համամասնականը, թույլատրել ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, վերականգնել քաղաքական-կուսակցական սկզբունքը Կենտրոնական ընտրական եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ձեւավորման համար, դրսում ապրողների քվեարկության ապահովում կամ էլ ընտրացուցակներից նրանց հանում)

Ապա

Առնվազն հինգ մարզպետների ազատում աշխատանքից եւ այդ պաշտոններում ժողովրդի` հանձնինս Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացրած մարդկանց նշանակում:

Հիմնական ընտրակեղծարար քաղաքապետերի եւ գյուղապետերի ազատում աշխատանքից՝ օգտագործելով կառավարության լիազորությունները:

Բոլոր ընտրակեղծարարների, այդ թվում մարզպետերի, քաղաքապետերի, կուսակցական պատասխանատուների, այլ պաշտոնյաների ենթարկում քրեական պատասխանատվության:

Կառավարության եւ ծառայությունների թվից հետեւյալ ոլորտների ղեկավարներ նշանակել ժողովրդի` հանձնին`Հովհաննիսյանի ներկայացված անձանց.

ա/ ՀՀ դատախազություն
բ/ Հարկային եւ մաքսային պետական ծառայություն
գ/ Ազգային անվտանգության ծառայություն
դ/ Արտգործնախարարություն
ե/ Կրթության եւ գիտության նախարարություն
զ/ ԱԺ վերահսկիչ պալատ
է/ Արդարադատության խորհուրդ
ը/ Հակակոռուպցիոն հանձնաժողով

Ուրեմն, ինչպես տեսանք, պարոն Հովհաննիսյանը ներկայացրեց երկու պլան` պլան մաքսիմում եւ պլան մինիմում: Մաքսիմում պլանով` նախագահական նոր ընտրություններ, իսկ եթե դա չի ստացվում, ապա մի քանի պաշտոն է ուզում: Մնացածը`ինչպես տատս կասեր` համեմունքներ են, խառը չորացրած կանաչի:

Կասեք` այդպես չէ, բայց, այդ պարագայում` նորից մեռնենք հայոց լեզվի զորությանը: Րաֆֆի Հովհաննիսյանը չի ասում` նոր ընտրություններ եւ... : Չնայած, ի դեպ, եթե նա համարում է, որ ինքն է հաղթել ընտրություններում, ապա նրա միակ քաղաքական հնչեցված պահանջը նոր ընտրությունները պետք է լինեին, առանց որեւէ հավելյալ համեմունքների: Րաֆֆին ասում է` նոր ընտրություններ ԿԱՄ...: Այսինքն, հայերենով սա նշանակում է, եթե նոր ընտրություններ չեն լինում, ապա ինքը` Րաֆֆին, պատրաստ է Սերժ Սարգսյանին «թողնել մնալ դե ֆակտո նախագահ», եթե վերջինս իրեն տա նշված պաշտոնները: Ի դեպ, այստեղ էլ Րաֆֆին բառախաղ է անում, ասում է` ժողովրդի` հանձնինս Րաֆֆի նշանակած մարդկանց: Բայց մի հարցնող լիներ պարոն Րաֆֆին, ի՞նչ կապ ունի այստեղ ժողովուրդը: Այդ երբվանի՞ց է ժողովուրդ բառը հայերենում դարձել Րաֆֆի անվան հոմանիշը:  

Հաջորդ, շա՜տ խիստ էական հանգամանքը:

Ասենք` Սերժ Սարգսյանն ընդունեց պարոն Րաֆֆի պլան մինիմումը, քանզի ինչպես հասկանում ենք, պլան մաքսիումը ոչ Սերժ Սարգսյանին է պետք, ոչ՝ պարոն Րաֆֆին, ի՞նչ է լինելու դրանից հետո: Ոչինչ: Ամեն ինչ դրանով էլ կավարտվի, կամ ինչպես` մի երկու տարի առաջ պարոն Րաֆֆիի մասին ասում էր նրա ներկայիս թիմակից Նիկոլ Փաշինյանը, կլինի` Ֆինիտա լա կոմեդիա: Թատրոնը կավարտվի: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով: Քանզի եւ վասնզի, ինչպես լսեցիք պարոն Հովհաննիսյանի շուրթերից, պաշտոնների դիմաց Րաֆֆին համաձայնվում է հնարավորություն տալ Սերժ Սարգսյանին`գողացվածկեղծվածհակահայկականհակասահմանադրական ընտրություններով հանդերձ,  շարունակել մնալ որպես դե ֆակտո նախագահչունենալով ժողովրդի վստահության քվեն:

Այստեղ մի անգամ էլ մեռնենք հայոց լեզվի զորությանը, չնայած, ո՞վ գիտե, գուցե վաղը կասեն` սխալ թարգմանություն է եղել: Բայց ինչեւէ:

Այժմ փորձենք հասկանալ այս ամենի չերեւացող կողմը:  

Րաֆֆի Հովհաննիսյանն ուզում է պաշտոններ, որտեղ ինքը` իրեն նույնականացնելով ժողովրդի հետ, նշանակում է իր մարդկանց: Պարոն Րաֆֆին ամբողջ իշխանությունը չի ուզում: Այլ միայն` դրա մի մասը: Դրա դիմաց հնարավորություն է տալիս Սերժ Սարգսյանին մնալ դե ֆակտո նախագահ: Բոլորը երջանիկ են, իրար ջան ու ղուրբան են ասում, «զինվորը սահմանին է գանգնում», արեւը նորից արեւելքից է դուրս գալիս եւ բոլորը ցրվում են տներով: Բայց, Սերժ Սարգսյանի ասած` մենք դրա համար չենք այստեղ հավաքվել, եւ չմոռանանք` այստեղ մի կարեւոր հանգամանք էլ կա:

Փորձենք հասկանալ` այդ ի՞նչ պաշտոններ է ցանկանում պարոն Րաֆֆին:

Նախ, դրա համար փորձենք ընթերցել կամ վերընթերցել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի ծիրին մեջ գործող մամուլը: Պարոն Րաֆֆին ցանկանում է բոլոր այն պաշտոնները, որոնց ներկայիս պաշտոնավարողներին հատկապես վերջին մեկուկես տարվա ընթացքում ակտիվորեն քննադատել է վերոնշյալ մամուլը: Իսկ ի՞նչ է ուզում վերոնշյալ մամուլը, կամ ավելի ճիշտ` վերոնշյալ փեսան:

Շատ պարզ մի բան` ներքին փոքրիկ հեղաշրջումիկ: Որոշ արդեն բազմակի օգտագործված հին կադրերից ազատում, այդ պաշտոններում` նոր, ավելի թարմ, դեռ երիտասարդ իշխանական երիտասարդների նշանակում` առանց ավելորդ ցնցումների, իհարկե, առանց իշխանությունը ժողովրդին հանձնելու, իհարկե: Ու դա արվում է նաեւ`շահարկելով ժողովրդի բնական եւ հիմնավոր դժգոհությունները` ավանգարդում պահելով վերոնշյալ փեսայի մամուլը, որոնք էլ հնչեցնում են այդ մեսիջները. «Թագավորը լավն է (կամ այնքան էլ վատը չէ, կամ` եղածների մեջ ամենավատը չէ), բոյարներն են վատը», «Ստալինը ոչնչից տեղյակ չէ, ամեն ինչ չար Բերիան է անում», հարկայինը խեղդում է ձեզ, որովհետեւ միայն ու բացառապես հարկայինի պետն է վատը, խոշոր հարկատուները հարկեր չեն վճարում, քանզի նրանք այնքան գլուխ ունեն, որ չեն վճարում: Եւ ոչ մի խոսք այն մասին, որ համակարգը, կամ ինչպես իրավացիորեն ձեւակերպել է այդ միտքը Հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը` ավազակապետական բուրգի կառուցվածքն ու դրվածքն է այդպիսին: Քանզի ու վասզնի, եթե մինչեւ ամենավերեւինը իր «փայն» ու «ատկատն» է ցանկանում, նրանից ներքեւ գտնվող բոլոր պաշտոնյաները պետք է հարստահարեն իրենցից ներքեւ գտնվողներին:

Սա` փեսայի ծիրին մեջ գտնվող մամուլի մեսիջները:

Հիմա դառնանք պարոն Րաֆֆին: Վերջինս, գուցե ամենատարօրինակ զուգադիպությամբ եւ պատահականությամբ, փաստորեն հենց այդ նույն` փեսայական ծիրին մեջ գտնվող մամուլի թիրախում գտնվող պաշտոններն են ցանկանում: Արմեն Մարտիրոսյանի ականջը կանչի` իշխանության մեջ գտնվող ողջախոհ երիտասարդների անունն ինչի՞ հնչեցրեց, մեզ էլ կասկածների գիրկը նետեց:

Չէ, մենք չենք պնդում, որ պարոն Րաֆֆին գործարքի մեջ է մտել պարոն Միքայելի հետ, կամ` որ պարոն Միքայելը պարոն Րաֆֆու ձեռքով շագանակներ է հանում կրակից: Ամենեւին: Բայց տարօրինակ զուգադիպությունները պարտավոր ենք արձանագրել:  

Քանի չեն ասել` սխալ թարգմանություն է եղել,  տեսագրություն

Քրիստինե Խանումյան 

http://www.ilur.am

Комментариев нет: