Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

20.03.2013

Համարյա 100 տարի է բաժանում մեզ մեր իսկ մտածողների թողած ժառանգությունից

Գայանե Ղազարյան
19-րդ դարում թափ առած հայ հրապարակախոսական ու գրական նոր որակի մտքի զարգացումը ցավոք ընդհատվեց մի կողմից՝ Ցեղասպանության, մյուս կողմից՝ սովետականացման՝ հայ մշակույթն իր բնական՝ արևմտյան միջավայրից մեկուսացնելու, գաղութայնացնելու ու մանկուրտացնելու, ինչպես նաև այդ ավանդույթի կրողներին ֆիզիկապես ոչնչացնելու միջոցով: Արդյունքում ընդհատվեց ոչ միայն հայ կանանց՝ գաղափարական ինքնուրույն պրոդուկտով ու ջանքերով ազատագրման բնական պրոցեսը (քանի որ հայտնի է, որ սովետի առաջնային գաղափարները կարճ ժամանակում ստալինիզմի հիմնադրմամբ մեծ վարպետությամբ փոխարինվեցին ճիշտ հակառակ գաղափարներով), այլև հայ ազգի մտավորականների (կին, թե տղամարդ) սկիզբ դրած հրապարակախոսական առողջ պոլեմիկան՝ նվիրված իր ժամանակին համաշխարհային արդիականություն ունեցող խնդիրներին ու գաղափարական հարցերին և դրանք բոլորը՝ տեղայնացված հայ հասարակության ապագայի, վերափոխման ու զարգացման համատեքստում:
Համարյա 100 տարի է բաժանում մեզ մեր իսկ մտածողների թողած ժառանգությունից, որոնց մասին մեր գիտելիքները, շնորհիվ գաղութացման ու այդ ժառանգության մոռացմանն ուղղված համառ ու հետևողական ջանքերի, մեր ներկայիս կենսաշխարհում ձգտում են զրոյի: Մենք համարյա կատարելապես զուրկ ենք մեր իսկ ժառանգության մասին պատկերացումներից, զուրկ ենք դրանք մարսելուց, քննելուց ու առաջ անցնելուց... Մինչդեռ 100 տարի առաջ, եթե չընդհատվեր այդ թելը, ներկայումս մենք բոլորովին այլ մտածողության, հասունության ու համաշխարհային մտավոր պրոցեսներին համընթաց քայլող հանրույթ կլինեինք, որում պարզապես չէին կարողանա դոմինանտ լինել մտածողության այն ձևերը, որոնք որպես գաղութացումից ու ուղեղների լվացումից մնացած ժառանգություն, ստիպված ենք թույլ ջանքերով վերացնել:
Խնդիրն այն է, որ հայ մտածողների թողած ժառանգությունն ավելին է, քան մենք այսօր կանք, ավելին է, քան մենք գիտենք ու շատ ավելին, քան այսօրվա գերիշխող մտածողության շրջանակներում ի վիճակի ենք մարսել: Հենց սա է պատճառը, որ ընդամենը 100 տարով մեզ բաժանող ժառանգությունից շարունակում ենք անտեղյակ մնալ՝ ի վիճակի չլինելով նույնիսկ առաջին կուրսեցու մակարդակի վերլուծության ու իմաստավորման ենթարկել այդ՝ ներկայումս արդեն ոչ փայլուն, բայց իր ժամանակի համար առաջադեմ ու բնական երևույթներն ու մտքերը:
Ուստի եթե անտեղյակ ենք հայ մշակույթի առաջադեմ ու ուզում եմ հատուկ ընդգծել՝ պոլեմիկ (այսինքն՝ առողջ ու անբարդույթ, այսինքն՝ հասարակական, այլ ոչ համայնքային-հոտային) մշակույթից, ապա բնական է, որ անտեղյակ պիտի լինենք նաև դրա կանացի հատվածից:
Հետևաբար մեծ ծառայություն մատուցած կլինենք հենց այս օրը և հենց այս օրվան, եթե վերջապես մեր ձեռքը վերցնենք մեր իսկ ժառանգությունը և աստիճանաբար կրճատենք 100 տարվա անդունդը, որ անջատում է մեզ Սրբուհի Տյուսաբի, Զաբել Եսայանի, Միքայել Նալբանդյանի, Անահիտ Աբգարի, Գրիգոր Արծրունու, Շուշանիկ Կուրղինյանի, Րաֆֆու, Զոհրապի, Սիբիլի և բազմաթիվ այլ հայ գործիչներից ու մտածողներից, քանի որ մեր խնդիրը ոչ միայն և ոչ
այնքան ժառանգության կանանց «դեմքի» մոռացման, որքան առհասարակ ժառանգության չիմացության մեջ է:

Գայանե Ղազարյան

1 комментарий:

Blog News комментирует...

Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն: