Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

01.09.2012

Ձեր ցանածն եք հնձում


Հայաստանը եռում է, ուր որ է` քաջարի հայրենասերների առատությունից կպայթի: Հայաստանից դեպի Հունգարիա եւ Ադրբեջան «երկաթե բռունցքների» անտառ է վեր հառնել. ախր շատ են, է՜, հայրենասեր, ախր դողում են ամեն մի հայի կյանքի համար, հայի մազ ծռվի` կգժվեն, չոլերը կընկնեն, պատեպատ կզարկվեն… Եթե, իհարկե, սպանողն օտարազգի է, ու մարդասպանն էլ Հայաստանի սահմանից այն կողմ է, սպանվող հայն էլ` հետը: Իսկ եթե Հայաստանում են սպանում նույն հային, սպանողն էլ հայ է, էս հայրենասերների անտառը մի ակնթարթում անապատ է դառնում, քաջարի հայրենասերներն էլ խցկվում են այն նույն պատերի անցքերը, որոնց խփում էին իրենց շատ հայրենասեր ու քաջարի գլուխները:

Հայե՛ր, ոչ ադրբեջանցիներն են կույր ու Հայաստանի անցուդարձից անտեղյակ, ոչ էլ` հունգարացիները: Իրենք էլ են տեսնում, թե արդեն քանի տարի է Հայաստանում հայ սաֆարովները ոնց են հոշոտում հայ Գուրգեն Մարգարյաններին, տեսնում են, թե այդ հայասպաններին ոնց է փայփայում Հայաստանի իշխանությունը, ոնց են մարդասպաններն ազատ ու անպատիժ ասպատակում մեր երկիրը, դեռ մի բան էլ` «հայրենասեր մտավորականների» զանազան շայկաներ ոնց են թեւերը փռում մեր սեփական սաֆարովների վրա, որովհետեւ մեզանից թալանած փողերից իրենց էլ են ողորմություն շպրտում:
Ադրբեջանցիներն ու հունգարացիներն էլ են տեսնում, ողջ աշխարհն էլ է տեսնում, թե ոնց են Հայաստանում ծաղրում ու նվաստացնում իրենց զավակներին սպանողների արդար պատիժը պահանջող սգավոր հայ մայրերին, ոնց են հայ երիտասարդներին բանտերը խցկում միմիայն այն պատճառով, որ նրանք պայքարում են Հայաստանում սանձազերծված անարդարությունների ու սպանությունների դեմ, ոչ թե Երեւանի կենտրոնի իրենց քաբաբնոցներից ու սաունաներից մատ են թափ տալիս անտեսանելի ոսոխների դեմ: Շատ բան են տեսնում, հետն էլ մտածում են` ձեզ համար ձեր հայրենակցի կյանքը գրոշի արժեք չունի, մե՞նք ինչու պետք է դարդից տապակվենք: Ադրբեջանցին մտածում է` ձեզ ադաթ է, մեզ բեդա՞թ, էդ ո՞նց կլինի` դուք ձեր դահիճներին գլխներիդ դրած պահում եք, մեր «հերոսը» հունգարական բանտում նստած է, էն էլ` մերը իր հակառակորդին է սպանել, դուք ձեր եղբորն եք սպանում ու անպատիժ ապրում: Հունգարացին էլ մտածում է` եթե դուք թքած ունեք ձեր հայրենակցի կյանքի վրա, ե՞ս ինչու պետք է վատամարդ դառնամ…
Քանի դեռ չեք հասկացել, որ Հայաստանում հայի ձեռքով սպանված բոլոր անմեղները ձեր հարազատներն են, քանի դեռ չեք հասկացել, որ որքան էլ ձեր տնամերձում «կզած» ապրեք, միեւնույնն է` մի օր անպատիժ մնացած դահիճը ձեր տուն էլ է մտնելու, մինչեւ չհասկանաք, որ բարոյազրկությունը Հայաստանում արդեն ազգային անվտանգության խնդիր է դարձել, ամենակարեւորը` մինչեւ չհասկանաք, որ Սերժիկ Սարգսյանն իր ավազակախմբով հիմքից ավերում է մեր Հայաստան տունը, եւ մի քիչ էլ անցնի` հիմնահատակ փլվելու է, ու բոլորս մնալու ենք փլատակների տակ` աշխարհը նվաստացնելու ու ծաղրելու է մեզ: Որովհետեւ միայն քմծիծաղ կարող է հարուցել սեփական երկրում` սեփական մարդասպանների առաջ ճորտի պես վզները ծռածների թռփոշանալը օտարների դեմ` յոթ սարից այն կողմ, յոթ ձորից այն կողմ:
Եւ քանի դեռ էդ չհասկացողներդ մեծամասնություն եք Հայաստանում, էսպես էլ շարունակվելու է, եւ ավելի վատ բաներ են լինելու:
Ինչ ցանում եք, դա էլ հնձում եք:

Լիզա Ճաղարյան  01. 09. 2012

Комментариев нет: