Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.03.2013

Կոնգրեսից «քաշվածները»...

Պակաս հետաքրքիր չէ հետեւել, թե ինչպես են արձագանքում քաղաքական դաշտի ֆլյուիդային հատվածի ներկայացուցիչները իշխանություն-ընդդիմություն երկխոսության` այս պահին տեսական հնարավորությանը: Քաղաքական դաշտի ֆլյուիդային հատված ասելով` նկատի ունեմ այն ուժերին եւ անհատներին, ովքեր մի տեսակ խարխափում են քաղաքական կյանքի մոտակայքում, փորձելով ինչ-որ դերակատարում ստանձնել: Փորձում են` բավականին երկար ժամանակ: Այդ ժամանակի մեկնարկը զուտ պայմանականորեն կարելի է համարել 2008 թ. մարտի 1-ին հաջորդած շրջանը: Հետադարձ վերլուծությունը, ահա, ցույց է տալիս, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո քաղաքական որոշակի ուժեր, որոշ անհատներ մեծ հեռանկար էին տեսնում իրենց առջեւ, որովհետեւ հաշվարկում էին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Համաժողովրդական շարժումը ջախջախված է եւ ոտքի կանգնելու շանսեր չունի:



Ըստ այդմ, միակ բանը, որ անհրաժեշտ էր անել վերը հիշատակված ուժերին` Համաժողովրդական շարժում - Հայ ազգային կոնգրեսի թաղման հանձնաժողով ձեւավորելն էր, Կոնգրեսի թաղումը ճոխության կանոններին համապատասխան կազմակերպելը եւ հանգուցյալի հարազատի կարգավիճակով նրա տեղը գրավելն ու նրա արդարացի դատի դրոշակը ծածանելով` քաղաքական ընդդիմության դերակատարում ստանձնելը` Համաժողովրդական շարժման բեկորներին սեփական տանիքի տակ հավաքելով:

Այսօրինակ մտադրությունը ընթերցվում էր քաղաքական դաշտի մի քանի սուբյեկտների գործողություններում, ովքեր համոզված էին, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած շարժման մահը ընդամենը ժամանակի հարց է: Այստեղ է, ահա, որ հաշվարկները չաշխատեցին: Համաժողովրդական շարժումը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ստեփան Դեմիրճյանի, Արամ Սարգսյանի, Արամ Մանուկյանի, Լյուդմիլա Սարգսյանի, Պետրոս Մակեյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Լեւոն Զուրաբյանի, մյուս առաջնորդների ղեկավարությամբ ոչ միայն չմահացավ, չմարեց, չթուլացավ, այլեւ, ի հեճուկս կանխատեսումների` դարձավ քաղաքական դաշտի առաջնային, մշտական եւ հզորացող գործոն:

Եթե, ուրեմն, վերջերս սկսված քաղաքական պրոցեսները բնական հունով զարգանան, քաղաքական դաշտի ֆլյուիդային հատվածը գոլորշիանալու է անխուսափելիորեն, եւ այդ գոլորշիացումը սկսվել է արդեն երեք-չորս ամիս առաջ: Սրա «մեղավորը» ամենեւին էլ Կոնգրեսը չէ, որը հետեւողականորեն իր անելիքն է անում` չսխալվելով, չսայթաքելով նույնիսկ այն ժամանակ, երբ սայթաքումն ու տապալումը բնական են թվում եւ անխուսափելի:
Սեփական ոչնչացման մեղավորը իրենք` ֆլյուիդայիններն են, ովքեր քաղաքական իրենց ապագան կապում էին միայն ու միայն Կոնգրեսի մահվան, անկման, վարկաբեկման, քաղաքական դաշտից հեռանալու մեջ: Էստեղ են ասել. մի ցանկացիր ուրիշին այն, ինչ չես ցանկանա ինքդ քեզ: Կամ` ուրիշի համար փոս փորողը ինքն է փոսն ընկնում: Իր փորած փոսը:

Հ.Գ. Որքան էլ ցավալի է` հիմա արդեն ակնհայտ է, որ Կոնգրեսի ներսում էլ կային անհատներ, ովքեր իրենց հաշվարկները կառուցում էին նույն սպասման վրա` մի փոքր ավելի տեղային մասշտաբով: Նրանք, այդ անհատները մի տեսակ զատորոշվում էին Կոնգրեսի որոշումներից, «դիստանցիա» էին բռնում` հույս ունենալով, թե Կոնգրեսի վերնախավը տապալվելու է, ստիպված է լինելու հեռանալ եւ իրենք էլ փրկիչի կարգավիճակով զբաղեցնելու են ազատված այդ տեղը: Սա, իհարկե, ի սկզբանե ձախողված մոտեցում էր: Ձախողված են նաեւ նրանք, ովքեր շարունակում են սպասել, թե ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը շուտով հեռանալու է ակտիվ քաղաքականությունից: Հեռանալը հեռանալու է, բայց միայն Հայաստանի` նաեւ հաջորդ նախագահի պարտականությունները ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առավելագույն ժամկետով կատարելուց հետո:

«Արթիկ» ՔԿՀ մենախուց

www.nikol.am

Նիկոլ Փաշինյան -

Մայիս 7, 2011 Հայկական Ժամանակ

Комментариев нет: