Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.03.2013

Հանդիպում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

Որքան հասկացա մամուլի հրապարակումներից, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի այցը «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպումը ինձ հետ` շատերի համար խորհրդավորության քողով է պատված: Ազատության մեջ հայտնվելու այս մի քանի օրում արդեն հասցրել եմ բազմաթիվ հարցեր ստանալ, թե ինչ ենք խոսել առաջին նախագահի հետ: Հիմա կպատմեմ:
Այն, որ առաջին նախագահը մայիսի 5-ին այցելելու է ինձ, իմացա նախորդ օրը` «Ազատություն» ռադիոկայանի երեկոյան թողարկումից, եւ դա կատարյալ անակնկալ էր: Հաջորդ օրն առավոտյան ինձ ուղեկցեցին ՔԿՀ պետի աշխատասենյակ, որտեղ եւ տեղի ունեցավ մեր հանդիպումը: Բնականաբար, մեզ առանձին զրուցելու հնարավորություն տրվեց (մեկ ժամ):
Խոսակցությունը սկսեցինք Սասուն Միքայելյանի առողջական վիճակի քննարկումով, քանի որ առաջին նախագահը նախորդ օրը նրան էր այցելել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: Ես հետաքրքրվեցի, թե ինչպես է Սասունը: Նախագահն ասաց, որ նրա առողջական խնդիրները լուրջ են, բայց կարծում է, որ թե Սասունը, թե ես մինչեւ մայիսի 28-ը ազատության մեջ կլինենք, եւ Սասունի առողջական խնդիրները կարգավորելու հնարավորություն կստեղծվի:
Ես նախագահին ասացի, որ չնայած չեմ կասկածում նրա խոսքերին` ինքս ինձ տրամադրում եմ «օրացուցային» ազատազրկման, այսինքն` դատարանով սահմանված ժամկետը մինչեւ վերջ նստելուն: Նախագահն էլ ասաց, որ դա նորմալ պաշտպանական ռեակցիա է, երբ 1989 թվականին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին Մոսկվայի «Մատրոսկայա ծիշինա» եւ «Բուտիրկա» բանտերից ետ էին բերել Երեւան, Նուբարաշենի մեկուսարան, եւ ակնհայտ էր, որ այդ քայլի միակ նպատակը իրենց ազատ արձակումն է, մինչեւ վերջին պահը չէին ուզում լուրջ վերաբերվել ազատ արձակման հնարավորությանը:
Սրանից հետո էր ահա, որ մենք կարճ խոսակցություն ունեցանք ներքաղաքական իրավիճակի մասին: Դա մեր մեկժամյա հանդիպման երեւի թե 10 րոպեն է զբաղեցրել: Ես ասացի, որ չեմ կարծում, որ եթե որեւէ բանական մարդու առջեւ ընտրություն դրվի` տվյալ խնդիրը լուծել ցնցումների՞, թե՞ անցնցում ճանապարհով, նա կնախընտրի ցնցումների ճանապարհը: Այսինքն, եթե մի հարց կարելի է լուծել անցնցում ճանապարհով, ինչու՞ ընտրել ցնցումների ճանապարհը: Ասացի նաեւ, որ իմ կարծիքով, եթե իշխանությունը գնա մեզ բանտից ազատելու զիջման, դրանում դեր կունենան ոչ միայն Հայ ազգային կոնգրեսի հետեւողական եւ համառ պայքարը, միջազգային ճնշումները, հասարակական կարծիքը, այլեւ այն, որ իշխանությունը գլխովին ձախողվեց այսպես կոչված «նոր» ընդդիմություն ձեւավորելու գործում:
Սրանից հետո նախագահը հետաքրքրվեց, թե ինչով եմ զբաղվում, ինչով եմ լցնում օրս: Ասացի, որ կարդում եմ եւ փորձում եմ առավելագույնս օգտագործել այս իմաստով մենախցի ընձեռած հնարավորությունները: Նախագահը հետաքրքրվեց, թե վերջին շրջանում ի՞նչ եմ կարդացել. կարդացե՞լ եմ արդյոք Ժոզե Սարամագոյի «Ավետարան ըստ Հիսուսի» վեպը (պորտուգալացի գրողը այդ վեպի համար Նոբելյան մրցանակ է ստացել): Տեր-Պետրոսյանը, ի դեպ, տեղյակ էր, թե վերջին շրջանում ինձ մոտավորապես ինչ գրքեր են ուղարկվել, որովհետեւ դրանց բավական մեծ մասը նրա որդին` Դավիթն էր ուղարկել: Մեր խոսակցության հաջորդ մեծ հատվածը, ահա, նվիրվեց գրքերին: Ասացի, որ չնայած Սարամագոյի վեպը շատ եմ հավանել, բայց իրապես ցնցող տպավորություն գերմանացի գրող Բերհարդ Շլինկի «Երկրպագուն» վեպից եմ ստացել: Խոսեցինք Շլինկի մասին, նախագահն ասաց, որ այդ վեպի հիման վրա ԱՄՆ-ում փայլուն ֆիլմ են նկարահանել: Շլինկը, ի դեպ, մասնագիտությամբ իրավաբան է, գրել սկսել է բավական ուշ եւ ներկայումս էլ բարձր պաշտոնատար անձ է Գերմանիայի Դաշնության սահմանադրական արդարադատության համակարգում: Հետո ես առաջին նախագահին ասացի, որ վերջին շրջանում իմ կարդացած գրքերի «վարկանիշային ցուցակում» երկրորդ տեղը տալիս եմ սերբ գրող Միլորադ Պավիչի «Արկղ գրենական պիտույքների համար» վեպին: Վերը հիշատակված երկու վեպերն էլ փայլուն օրինակ են այն բանի, թե ինչպես կարող է գրականությունը վեր հանել, ախտորոշել պետության, ազգի, ժողովրդի հոգեվիճակը, նրա խորքային պրոբլեմները: Ահա, ուրեմն Ժոզե Սարամագոն, Բերհարդ Շլինկը, Միլորադ Պավիչը, Պաոլո Կոելեոն եւ նրա «Հաղթողը մնում է մենակ» վեպը դարձան առաջին նախագահի հետ մեր խոսակցության առանցքը: Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, անելիքներին, այս իմաստով առաջին նախագահի հետ քննարկելու շատ բան (հատկապես բանտում) չունեինք: Քաղաքական համախոհները նաեւ նրանով են համախոհ, որ անհրաժեշտության դեպքում իրար կարող են հասկանալ նաեւ առանց խոսքի:
Հ.Գ. Խոսք բացվեց նաեւ այն մասին, որ բանտը ինքնություն ունեցող մարդուն ավելի հասուն է դարձնում: «Ինչ-որ իմաստով համալսարան է»,- նկատեց առաջին նախագահը: Ես էլ հումորի տվեցի. «Ինձ այդպես էլ չվիճակվեց որեւէ համալսարան ավարտել, գոնե այս մեկը ավարտեմ»: «Աչքիս էս էլ չես ավարտելու»,- արձագանքեց նախագահը, նկատի ունենալով մայիսյան տոներին մեզ ազատ արձակելու հնարավորությունը:

Նիկոլ Փաշինյան - Հունիս 2, 2011 Հայկական Ժամանակ

Комментариев нет: