Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.03.2013

Քաղաքագիտական վերլուծությունից քշվածներն ու «քաշվածները»

«Հակաօլիգարխիկ» պայքարի ռահվիրաները, «քաղաքացիականության» ջատագովները, «անկախ» լրատվամիջոցները, «սկզբունքայինները», «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նվիրած տրակտորների վկաները, ֆեյսբուքային «հեղափոխականները»  և ընդդիմադիր դաշտում ներդրված «ականները» ծանր դրության մեջ են հայտնվել։ Սրանք երեկվանից «մանթոյի» մեջ են, ինչը նշանակում է, որ «մանթո» են նաև Բաղրամյան 26–ում։

Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը, շատ լավ հասկանալով, որ բարևարշավը որևէ իրական արդյունք չի կարող տալ, քանի դեռ ինքը չի բարևել ում որ պետք է, ԲՀԿ գրասենյակում հանդիպել էր Գագիկ Ծառուկյանին։ «Ժառանգության» առաջնորդի քայլն, անշուշտ, ողջունելի է։ Դպրոցահասակ երեխաներին էլ է պարզ, որ Սերժին բարև տալով և նրանից տիկին Սարգսյանի որպիսությունը ճշտելով հեռու չես գնա։
Եթե Րաֆֆին, իրոք, ուզում է ընտրությունների դե ֆակտո արդյունքները դե յուրե ամրագրել կամ գնալ համապետական այլ լուծումների, ապա պետք է ձգտի քաղաքական ու հասարակական լայն կոնսոլիդացիայի, ինչը ենթադրում է ոչ միան Ծառուկյանի, այլև Լևոն Տեր–Պետրոսյանի հետ հանդիպման նախաձեռնում և կոնսուլտացիաներ։
Րաֆֆին պետք է ոչ թե իշխանական ցանկություններին համահունչ պայքարի ՀԱԿ–ի դեմ, «Բարևի» հեղափոխությունը հակադրի 2008–ի «Երգի ու պարի» հեղափոխությանը և փորձի նախագահականից նշանակվել «ընդդիմության առաջնորդ», այլ պետք է ձգտի ազդեցիկ քաղաքական ուժերի միավորման նախադրյալներ ստեղծել։ Միավորման գործընթացի հաջող ընթացքը հնարավորություն կտա հարթակը մաքրել քաղաքական մարգինալներից, «ազնիվ քյարփինջներից»«ականներից», դրածոներից ուպատեհապաշտներից և գնալ իրական փոփոխությունների։ Միավորման և հետևաբար՝ իշխանափոխության իրական նախադրյալներ ստեղծելու ժամանակ միայն պարզ կդառնա, թե ով է պայքարում, իսկ ով՝ իմիտացիայով զբաղվում։ Կբացահայտվեն Րաֆֆիի կեղծ թիմակիցներն ու «սութի» հեղափոխականները։
Մի խոսքով, Րաֆֆին հիմա պետք է  անի այն, ինչը չարեց ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ։
Ինչպես հայտնի է, 2012–ին «Ժառանգությունը» քննադատում էր Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը և իշխանահաճո վարքագիծ ցուցաբերում՝ դուրս գալով ընտրությունների վերահսկման միասնական շտաբից ու վիժեցնելով «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը։ «ժառանգության» քննադատության թիրախը խորհրդարանական ընտրությունների ժամանակ ոչ թե Սերժ Սարգսյանի գլխավորած թիմն էր, այլ ԲՀԿ–ն ու ՀԱԿ–ը։ Արդյունքում՝ Րաֆֆիի և իշխանության համատեղ ցուցակը մի կերպ հաղթահարեց 5–տոկոսանոց արգելքը, իսկ «Ժառանգություն» խմբակցությունն ԱԺ–ում դարձավ 2,5–հոգանոց։
Նախագահական ընտրությունների նախաշեմին «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը լքեց նաև ՀՅԴ–ն, ինչի հետևանքով ունեցանք Սերժի երազած «բարի» ընտրությունները։
Հիմա Րաֆֆին, փաստորեն, համապատասխան հետևություններ է արել։ Պատահական չէ, որ նա ԲՀԿ գրասենյակում խոսել է քաղաքական լայն կոնսոլիդացիայի մասին։
Նկատենք, որ ԲՀԿ–ն իր գնահատականը տվել է նախագահական ընտրություններին։ Ավելին ստանալու համար՝ լավ կլինի, որ Րաֆֆին Սերժի մասով հստակություն մտցնի իր քաղաքական պահանջների մեջ, խուսափի լղոզվածությունից, պայքարի միայն ընտրակեղծարարության գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի դեմ և այրի «երկխոսության» կամուրջները Բաղրամյան 26–ի հետ։ Դա հնարավորություն կտա վերականգնել ԲՀԿ+ՀԱԿ+ՀՅԴ+«Ժառանգություն» կամ որ նույնն է՝ «Կոնսենսուս մինուս Սերժ Սարգսյան» ձևաչափը և վերանայել փետրվարի 18–ի քվեարկության արդյունքները։ Սկզբի համար Րաֆֆին պետք է անպայման դիմի Սահմանադրական դատարան և զուգահեռաբար ընդլայնի Ազատության հրապարակի քաղաքական սահմանները։
Ինչ վերաբերում է ԲՀԿ–«Ժառանգություն» հանդիպմանը հետևած իշխանական արձագանքին, ապա որոշակի խուճապն ակնհայտ է, ինչը կանխատեսելի էր։
«Րաֆֆի՛ ջան, ախր դու քո համար բարի ու անշառ հեղափոխություն էիր անում, ինչու՞ գնացիր ՀԱԿ–ի տարբերակով ու մի նոր քաղաքագիտական վերլուծություն արեցիր։ Վերադարձի՛ր «քաղաքացիականության» դաշտ, և մենք քեզ կշարունակենք գովել։ Ե՛կ, «երկխոսենք» և քեզ ընդդիմության ղեկավար նշանակենք, թե չէ գնացել ես վատ շրջապատ ես ընկել, որ ի՞նչ անես»,– իրենց անհանգստությունը դեմագոգիայի ու «մուտիլովկայի» միջոցով ուզում են հանրությանն ու անձամբ Րաֆֆիին փոխանցել  Սերժն ու իր շրջապատը։
Սերժի համար հեղափոխությունը բարի է, երբ չի հանգեցնում որևէ արդյունքի և ինքը մնում է աթոռին։ Դրա համար էին «անկախները» մինչև այժմ սազն առած գովում Րաֆֆու «նոր տեխնոլոգիան»։ Հիմա, հավանաբար, կսկսեն դատապարտել չարության մթնոլորտի տարածման միտումներն ու մութ ուժեր կփնտրեն Րաֆֆու հետևում։
Հեղափոխությունը Սերժի համար չարանում է, երբ մտնում է քաղաքագիտական վերլուծության տարածք, այսինքն՝ իշխանափոխության իրական հնարավորության տարածք։ Պատահական չէ, որ «ընդդիմադիր» ու «անկախ» շրջանակները, ինչպես նաև սրանց ջրերն ընկած «ազնիվ քյարփինջները» Րաֆֆի–Գագիկ հանդիպումից հետո սկսել են սպառնալ, որ իրենք կհիասթափվեն «Ժառանգության» ղեկավարից, եթե նա խորացնի ԲՀԿ առաջնորդի հետ համագործակցությունը։
«Ընդդիմադիրներն» ու «անկախները» միշտ էլ այդպես են վարվում. ընդվզում են, երբ Սերժ Սարգսյանի աթոռին ու նրա փեսա Միքայել Մինասյանի ծրագրերին իրական վտանգ է սպառնում։ Ծանոթ պատմություն է։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Երբ Լևոն Տեր–Պետրոսյանը ԲՀԿ–ի մասով ներկայացրեց իր քաղաքագիտական վերլուծությունը, իշխանությունը վայնասուն բարձրացրեց, որովհետև հասկացավ դրա հնարավոր հետևանքները։ Հասկացավ ու անցավ գործի։ «Անկախ» մամուլն ու «թունդ ընդդիմադիրները», քափուքրտինքի մեջ մտած, պայքարում էին ՀԱԿ–ը ներսից ու դրսից թուլացնելու և այդպիսով ԲՀԿ–ին ուժեղ գործընկերոջից զրկելու համար։ Դավիթ Շահնազարյանը, Արամ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Պետրոս Մակեյանը, Նիկոլ Փաշինյանը և մյուսները «սկզբունքային» դիրքերից քննադատում էին ՀԱԿ առաջնորդին՝ «Ինչպե՞ս կարելի է» թեմայով։ Սրանք մարտի 1–ի թեման շահարկելով՝ ծառայություններ էին մատուցում մարտի 1–ի թիվ մեկ շահառու Սերժ Սարգսյանին։
Հետաքրքիր է, թե հիմա ինչպե՞ս է իրեն պահելու, օրինակ, Նիկոլ Փաշինյանը, ով ՀԱԿ–ի ներսում իշխանահաճո տարբերակով հանդես էր գալիս քաղաքագիտական վերլուծության դեմ, բայց հիմա հայտնվել է Րաֆֆու կողքը, այն Րաֆֆու, ով ուզում է գնալ Տեր–Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծության միակ արդյունավետ տարբերակով։
Տեսնես հիմա է՞լ Նիկոլը «սկզբունքայնություն» կդրսևորի ու հանդես կգա իբր հակաօլիգարխիկ դիրքերից։ Դատելով ամենից՝ Նիկոլն էլ Րաֆֆիի պես համապատասխան հետևություններ է արել և հասկացել,  որ չի կարելի իշխանությունների հետ գործարքների գնալ, քանզի նրանք «քցող» են։ Այդպես է դա, թե ոչ՝ կերևա առաջիկայում։
Բարևներս հարթակում, ֆեյսբուքում և «Ժառանգության» ցուցակում հայտնված մյուս «սկզբունքայիններին»։ Ի դեպ, Րաֆֆին իր քայլով (ԲՀԿ–ին հանդիպելով), կամա թե ակամա, «փչացրեց» սրանց։

Комментариев нет: