Հետևելով 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակի հարթակը զբաղեցնողների խոսքերին և գործողություններին, որոնք գնալով նմանվում են ոչ թե պայքարի իշխանությունների դեմ, այլ մի անհասկանալի մրցավազքի ընդիմադիր մյուս ուժերի հետ` դժվար է չվերհիշել ոչ վաղ անցյալում տեղի ունեցած դեպքերը: Խոսքը իշխանությունների կողմից փողոցի նկատմամբ վերահսկողություն կամ վերահսկողության պատրանք ստեղծելու մի քանի չհաջողված փորձերի մասին է: Ի դեպ, շատ կարևոր է նշել, որ նշված մրցավազքը, որպես էդպիսին, միակողմանի է, այստեղ մի կողմը, որի առավելությունը տվյալ ժամանակահատվածում կասկած չի հարուցում անդադար և, թվում է թե, անհասկանալի պատճառներով փորձում է ցուցադրել իր առավելությունը մյուս կողմի նկատմամբ: Վերջինս՝ Հայ ազգային կոնգրեսը հստակ ձևակերպել է իր տեսակետը կեղծված ընտրությունների նկատմամբ և ի դեմս նրա առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի ընդունել թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանի անվիճելի հաղթանակը Սերժ Սարգսյանի նկատմամբ և թե՛ նրա Ազատության հրապարակում կեղծված ընտրությունների վերաբերյալ իրենց արդարացի բողոքը արտահայտող քաղաքացիներին առաջնորդելու իրավունքը: Այսինքն՝ Րաֆֆի Հովհաննիսյանի, պայմանական ասած, առավելությունը այստեղ բացարձակապես չի վիճարկվում:
Փողոցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կռիվը, մանավանդ վերջին հինգ տարիներին, երբեք չի դադարել: Միևնույն ժամանակ, հաճախակի կարելի է հանդիպել այն թյուրընկալմանը, թե այդ մրցակցությունը ընթանում է միմիայն ընդդիմադիր ուժերի միջև: Իրականությունը կայանում է նրանում, որ այս կռիվը մշտապես ընթացել է իշխանության և ընդդիմության միջև, տվյալ պարագայում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից առաջնորդվող համաժողովրդական շարժման և Սերժ Սարգսյանի գլխավորած վարչախմբի:Կառավարելի փողոցը մշտապես եղել և մնում է իշխանությունների ամենաբաղձալի նպատակը: Եվ, եթե անգամ ինչ-որ պահի փաստացի անհնարին է եղել իշխանությունների կողմից «հրապարակի» նվաճումը, ապա գոնե փորձ է կատարվել ստեղծելու այդ նվաճման պատրանքը:
2008-ի շարժման մեկնարկից ի վեր առաջին, այսպես ասած շատ «կացնային» և ժողովրդի հիշողության մեջ ամրացած փորձը՝ 2008թ. փետրվարի 26-ի «հաղթանակած» վարչապետի «հաղթական» հանրահավաքն էր, որը շատ ծանր հետևանքներ ունեցավ Սերժ Սարգսյանի համար: Իշխանությունները՝ ի հակադրումն արդեն մի քանի օր չդադարող շուջօրյա հանրահավաքների փորձ կատարեցին ցուցադրելու, թե իբր շարունակվող բողոքի միջոցառումները՝ հակառակ ընդդիմադիր առաջնորդների պնդումների ոչ թե համաժողովրդական ընդվզում են իշխանությունների դեմ, այլ ժողովրդի բաժանում երկու մասերի: Կարիք կար ցույց տալու, որ եթե ընդդիմությունը փողոց է հանում հարյուր հազար մարդ, ապա իշխանությունները կարող են դրա կրկնապատիկը դուրս բերել փողոց: Եվ այդտեղ կստացվեր, որ իսկապես, Ազատության հրապարակում հավաքվածները փոքրամասնություն են և հարթակում կանգնած ընդդիմության առաջնորդները, մեղմ ասած, այդքան էլ անկեղծ չէին, երբ հայտարարում էին, թե հանդես են գալիս մեծամասնության անունից: Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի մեկնաբանություններով ու վերնագրերով հայլուրային նյութեր ու հայոցաշխարհային հոդվածներ պիտի դրվեին շրջանառության մեջ, եթե հակառակ Սերժ Սարգսյանի սպասումների Հանրապետության հրապարակ բերված ժողովուրդը չթողներ «հաղթած» վարչապետի հանրահավաքը և չմիանար Ազատության հրապարակում հավաքվածներին:
Փետրվարյան այս իսկապես ցավոտ ֆիասկոյից հետո իշխանությունները «փողոցային հարցերում» շատ զգուշավոր դարձան: Իհարկե, նրանք չհրաժարվեցին փողոցը նվաճելու ծրագրից, բայց այսուհետ սկսեցին գործել ավելի խորամանկ: Եվ ահա այն ժամանակ, երբ Կոնգրեսը հասավ իր հանրահավաքային ակտիվության բարձրակետին, երբ ուժեղացավ թե՛ ներքին, թե՛ արտաքին ճնշումը քաղբանտարկյալների ու Մարտի 1-ի հարցերով, վարչախումբը ձեռնամուխ եղավ «Երևանի փողոցների առումը» մի «գլուխգործոցային» օպերացիայի, որի գլխավոր դերակատարը պիտի լիներ հայտնի ԱԼՄ հեռուստաընկերության ղեկավար Տիգրան Կարապետյանը:
Բոլորն են հիշում ԱԼՄ-ի փակման հետ կապված բարձրացված աղմուկը և խնդրի վերաբերյալ մի քանի հանրահավաքների կազմակերպումը: Ի պատիվ, ինչպես ժողովուրդն էր ասում՝ Կարապետիչի հարկ է նշել, որ նա կարողացավ, ընտրություններից երեք տարի անց և հաջորդ ընտրություններից երկու դարի առաջ՝ քաղաքական անապատում կազմակերպել բավականին տպավորիչ բողոքի միջոցառումներ: Պետք է նաև նշել, որ այստեղ հնարավոր էլ լսել բավականին կապակցված միտք, ինչը այսօր իսպառ բացակայում է Ազատության հրապարակում: Ինչևէ, խոսքն այստեղ ամենևին հանրահավաքների բազմամարդությունը, ինչը ըստ որոշ տեղեկությունների ապահովվում էր ոչ առանց իշխանությունների աջակցության կամ այնտեղ օգտագործվող հռետորաբանության մասին չէ: Խոսքը այդ հանրահավաքների ժամանակացույցի մասին է: Սկսած տարեսկզբից, բավական էր, որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարեր իր հաջորդ հանրահավաքի մասին, երբ անմիջապես Կարապետիչը հրավիրում էր մամուլի ասուլիս, կամ օգտագործելով ԱԼՄ-ի հեռուստաեթերը նշանակում էր «արտահերթ» հանրահավաք կամ տեղափոխում էր արդեն նշանակվածը, դրանք մաքսիմալ մոտեցնելով Կոնգրեսի հանրահավաքներին: Հանուն ԱԼՄ-ի պայքարի մեկնարկից արդեմ մի քանի օր անց պարզ էր, որ եթե անգամ ի սկզբանէ կար հեռուստաընկերությունը վերաբացելու արդարացի պահանջ, բողոք, ապա կարճ ժամանակ անց այն արդեն լիովին վերահսկվում էր Սերժ Սարգսյանի կողմից և ուղված էր միմիայն Հայ ազգային կոնգրեսի օր օրի աճող փողոցային ճնշման զսպմանը կամ նվազեցմանը: Նպատակը հետևյալն էր՝ շեղել հանրային ուշադրությունը Մարտի 1-ի, քաղբանտարկյալների, արտահերթ ընտրությունների հարցերից, ջլատել բողոքավոր զանգվածի ուժերը՝ թույլ չտալու դրանց կրիտիկական զանգվածի համախմբումը ՀԱԿ-ի կողմից առաջ քաշված պահանջների շուրջ: Բայց, արդյունքում՝ կոնկրետ պահանջներ առաջ քաշող և այդ պահանջների կատարումը հետևողականորեն և վճռական գործողությունների արդյունքում պարտադրող Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության ֆոնին Տիգրան Կարապետյանի նորություն չպարունակող և դինամիկայից զուրկ«շարժումը» շատ արագ մարեց, մեծ հաշվով, որևէ վնաս չհասցնելով փողոցը վերահսկող ընդդիմությանը և դեռ հակառակը՝ նաև օգուտ տալով, քանի որ ԱԼՄ-ի և իշխանական լծակների շնորհիվ փողոց դուրս եկածները, ինչպես և 2008թ. փետրվարի 26-ին համալրեցին Ազատության հրապարակում քաղբանտարկյալների ազատություն և Մարտի 1-ի բացահայտում պահանջող քաղաքացիների շարքերը:
Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ համաժողովրդական պայքարի վերելքի այս շրջանում հանրային ուշադրությունը Կոնգրեսից շեղելու փորձ կատարեց նաև հենց այս օրերի «հերոս» Րաֆֆի Հովհաննիսյանը: Բանը նրանում է, որ Կարապետիչի օգնությամբ փողոցը ՀԱԿ- ձեռքից վերցնելու ծրագրի կատարյալ ձախողումից անմիջապես հետո Սերժ Սարգսյանի համար ակնհայտ դարձավ, որ զիջումնրի գնալը և ընդդիմության պահանջների կատարումը անխուսափելի են դարձել:
Առաջին զիջումը պետք է լիներ Ազատության հրապարակը: Արդեն ակնհայտ էր, որ ուշ թե շուտ երեք տարի շրջափակման մեջ գտնվող հրապարակի նվաճումը ժողովրդի կողմից տեղի էր ունենալու և Սերժ Սարգսյանը դրան ոչ մի կերպ չեր կարողանալու խոչընդոտել: Սակայն ինչքան էլ որ իշխանությունները գիտակցում էին տվյալ պահանջը կատարելու անխուսափելիությունը, այդքան էլ չէր ցանկանում տալ ընդդիմությանը մի այնպիսի հաղթանակ, որը էլ ավելի կարող էր ոգևորել ժողովրդին: Եվ ահա այստեղ էր, որ ըստ Սերժ Սարգսյանի հաշվարկների կարևոր դեր պիտի խաղար Րաֆֆի Հովհաննիսյանի «պատմական» առաքելությունը:
ՀԱԿ հանրահավաքային ակտիվության մեկնարկից շատ չանցած մեկնարկեց անորոշ, լղոզված, ոչինչ չասող պահանջներով մի ծոմապահություն, որի իրական նպատակը ակնհատ էր, Ազատության հրապարակի վերանվաճումը վերագրել Րաֆֆի Հովհաննիսյանին, այլ ոչ թե տասնյակ հազարավոր քաղաքացիների պահանջին և ընդդիմության հետևողական քայլերին: Ծրագիրը կրկին ձախողվեց, կարծում եմ, չափից ավել ակնհայտ լինելու պատճառով: Չնայած իշխանական մամուլի գործադրված անհավանական ջանքերին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի «հաղթանակի» վերաբերյալ ցանված սերմերը այդպես էլ ծիլ չտվեցին և շատ շուտով ընդհանրապես մոռացվեցին: Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Կոնգրեսը տարավ իր հաղթանակը, նրա հանրահավաքային ալիքը չմարեց, հակառակը՝ ձեռքբերումները էլ ավելի ոգևորեցին քաղաքացիներին և պահեցին նրանց կրիտիկական զանգվածը հրապարակում մինչև չկատարվեցին բոլոր երեք պահանջները:
Եվ ահա վերը շարադրված դեպքերից անցել է արդեն երկու տարի, բայց Սերժ Սարգսյանի նպատակները, մասնավորապես թույլ չտալ Հայ ազգային կոնգրեսին վերահսկել փողոցը և այդ նպատակներին հասնելու ձեռագիրը մնացել են ամբողջովին նույնը:
Սկսած 2013 թ.-ի նախագահական ընտրությունների քարոզարշավից ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի թիվ մեկ նպատակը ոչ թե հաղթանակն էր, որի խնդիրը նա բացարձակ չուներ, այլ պայքարը իր իշխանությանը վտանգ ներկայացնող ուժերի դեմ: Սրանով էին պայմանավորված ընտրույթուններին մասնակցող ընդդիմադիր թեկնածուների բացարձակապես չխոչընդոտվող քարոզարշավները, թիվ մեկ փեսայի՝ Միշիկի հսկողության տակ գտնվող քարոզչամիջոցների ակնհայտ «պրոընդդիմադիր» գործունեությունը և ընդդիմադիր թեկնածուների հասցեին հենց Սերժ Սարգսյանի կողմից շռայլվող գովեստի խոսքերը: Արդյունքում, ստեղծվեց մրցակցային ընտրությունների պատրանք, ինչպես նաև ընդդիմություն՝ ընդդիմության առաջնորդ, որը դատելով իր գործողություններից, կարելի է ասել, բացարձակապես վտանգ չի ներկայացնում Սերժ Սարգսյանի համար: Արդեն ակնհայտ է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, այսպես կոչված, «անշառության» պատճառը նրա հրապարակում քանգնած քաղաքացիների քանակը, նրանց պահանջը կոնկրետ քաղաքական արդյունքների վերածելու բացարձակ անկարողությունն է: Ակնհայտ է, որ անորոշ խոսք ունեցող, ոչ հետևողական գործողություններ իրականցնող, Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վիճարկումը բացառող ընդդիմությունը ուղղակի նվեր է ռեժիմի համար:
Բայց, եթե մինչ այս կարելի էր միայն ենթադրություններ անել, ապա այժմ Րաֆֆի Հովհաննիսյանը բացահայտորեն ի ցույց դրեց իր իրական նպատակը, կամ նպատակներից մեկը:
Բոլորին է հայտնի, որ դեռևս ամիսներ առաջ նախատեսված և դեռևս ընտրություններից առաջ քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված Հայ ազգային կոնգրեսի 2013թ.-ի առաջին զանգվածային միջոցառումը, այն է. հանրահավաք Ազատության հրապարակում և երթ դեպի Մյասնիկյանի արձան պետք է տեղի ունենար Մարտի 1-ին: Այս՝ արդեն ավանդական դարձած ամենամյա միջոցառումը մշտապես աչքի է ընկել իր էներգետիկայով և բազմամարդությամբ: Սակայն այս տարի Մարտի 1-ից օրեր առաջ, երբ վերջնականապես հաստատվեց ՀԱԿ-ի մտադրությունը անցկացնել զանգվածային բողոքի միջոցառում, ճիշտ այնպես, ինչպես 2011-ին Տիգրան Կարապետյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նույն օրը, նույն ժամին, հենց այն վայրում որտեղով պիտի անցներ Կոնգրեսի կողմից նախատեսված երթը հանրահավաք անցկացնելու մտադրության մասին: Քաղաքապետարանն էլ իր հերթին կայծակնային արագությամբ, օրենքի ակնհայտ խախտումներով ի գիտություն ընդունեց այդ հանրահավաքի մասին իրազեկումը՝ հաշվի չառնելով դիմումը ներկայացնելու ժամկետների խախտումը և երկու զանգվածային միջոցառումների հնարավոր հատման վտանգը: Տվյալ պարագայում ՀԱԿ-ը կայացրեց ամենաճիշտ որոշումը և չեղյալ համարեց նախատեսված հանրահավաքը և երթը, որպեսզի ժողովուրդը, որի միասնականությունը այսպիսի խորհուրդ ունեցող օրը շատ կարևոր էր, ստիպված չլինի բաժանվել երկու միջոցառումների մասնակցելու համար: Սակայն Մարտի 1-ից մեկ օր առաջ պարզ դարձավ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը անհայտ պատճառներով այլևս չի պատրաստվում իրականացնել հանրահավաք Մյասնիկյանի արձանի մոտ:
Հողափոխության առաջնորդի այս չբացատրված և հակասական քայլերը մատածելու տեղիք են տալիս: Ելնելով դրանցից միակ տրամաբանված և բոլոր հարցերին պատասխան տվող տարբերակը մեկն է. իշխանությունների՝ ի դեմս քաղաքապետարանի և <ընդդիմության>՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանի միասնական գործողությունները ուղղված էին խոչընդոտելու Հայ ազգային կոնգրեսի միջոցառումը և դրա չեղյալ հայտարարելու պայմաններում իմաստ չունեցավ արդեն Հովհաննիսյանի հանրահավաքի կազմակերպումը: Այս քայլից հետո բավականին բարդանալու է Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ համախմբվելու հնարավոր գործընթացը, քանի որ բավականին դժվար է Սահմանադրական կարգի վերականգնման գործում համագործակցել մի ուժի հետ որի թիրախը, ստացվում է, ոչ թե Սահմանադրական կարգը խախտողներն են, այլ դրա վերականգնման համար պայքարողները:
Այսպիսով՝ կարելի է փաստել, որ հերթական անգամ գործ ունենք Սերժ Սարգսյանի կողմից Հայ ազգային կոնգրեսին խաղից դուրս հանելու և փողոցը վերահսկելի դարձնելու փորձի հետ: Սակայն այստեղ ևս Սերժ Սարգսյանի ծրագրերը դատապարտված են ձախողման մեկ պարզ պատճառով. փողոցը, վերջին հաշվով, վերահսկում են ոչ թե քաղաքական ուժերը, կամ գործիչները, այլ տվյալ կառավարումից դժգոհ քաղաքացիները: Իսկ քանի դեռ Հայաստանում շարունակվում է իշխանությունը հանցավոր ճանապարհով բռնազավթած Սերժ Սարգսյանի ու նրա մերձավոր շրջապատի հակաժողովրդական գործունեությունը, ապա փողոց դուրս եկող և անվերահսկելի քաղաքացիների թիվը միայն աճելու է:
Արեգ Գեւորգյան
Комментариев нет:
Отправить комментарий