Սովորաբար օպերատիվ արձագանքների ժանրը մերժող, նախապես գրված ելույթներից չշեղվող Սերժ Սարգսյանը երեկ առաջին նախագահի հարցազրույցից բառացիորեն ժամեր անց արձագանքեց հնչեցված մտքերին ու կանխատեսումներին:
Նախորդ տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանը բազմաթիվ անգամ վերլուծություններ ու կանխատեսումներ է արել, հաճախ տվել շատ ավելի կոշտ գնահատականներ, բայց Սերժ Սարգսյանը երբեք չի պատասխանել կամ չի պատասխանել նման օպերատիվությամբ: Նրա երեկվա արձագանքը հուշում է, որ բացի ընթացիկ անմրցակցային ընտրարշավից՝ կան նաև ոչ հրապարակային պատճառներ և գործոններ:
Նյարդերը
Շրջանառող վարկածի համաձայն՝ Ս. Սարգսյանը վերջին շրջանում շատ նյարդային է ու լարված: Թվում է, թե ավելի հանգիստ ու կանխորոշված ընտրարշավ դժվար է պատկերացնել, ու չկա նյարդայնանալու որևէ պատճառ: Սակայն, այսբերգի տրամաբանությունը հուշում է, որ չերևացող պրոսեցները ամենևին հանգիստ ու անամպ չեն:
Ծրագրի տապալումը
Նյարդերը, իրոք, կարևոր են, սակայն, ավելի հավանական է թվում շրջանառվող երկրորդ վարկածը: Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները լուրջ ծրագրեր ունեին և այդ ուղղությամբ արդեն իսկ լուրջ աշխատանքներ են կատարել ընտրություններից անմիջապես հետո ՀԱԿ-ում իրենց ազդեցությունը կտրուկ մեծացնելու նպատակով: Վերընտրված Ս. Սարգսյանին իրականում պետք է ոչ թե ՀԱԿ-ը, որպես քաղաքական միավոր, այլ փողոցին տիրապետող քաղաքական կենտրոնը: Բոլորին պարզ է, որ անկախ երկրում տիրող քաղաքական կոնյուկտուրայից և անկախ նախագահական մրցապայքարի էությունից, զանգվածային հուզումների, զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպման միակ պոտնեցիալ վտանգը մնում է Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական ուժը:
Սա հասկանալով՝ իշխանությունները փոձելու էին կամ կազմաքանդել ՀԱԿ-ը՝ այն մասնատելով բազմաթիվ ուժերի, այդ ընթացքում փորձել փչացնել մի շարք ՀԱԿ-ի ազդեցիկ դեմքերի անձնական հարաբերությունները: Կամ փորձելու էին հնարավորինս երկար պահել ՀԱԿ-ը այսօրվա վիճակով: Հրահրված ներքին պառակտմամբ ու հանրության առաջ միայն ներքին «ռազբորկաներով» զբաղված ՀԱԿ-ը լավագույն վիճակն է իշխանության համար:
Լ. Տեր-Պետրոսյանի հարցազրույցը անակնկալ էր: Մեծ անակնկալ: Անակնկալը հիմնականում վերաբերում էր պահին: Իշխանությունը հասկանում էր, որ առաջին նախագահը կարող է գնալ նման քայլի, բայց, ակնհայտորեն չէր հաշվարկել, թե`երբ: Իշխանությունը մտածում էր, որ Լ. Տեր-Պետրոսյանը նոր կուսակցության մասին կհայտարարի մարտ-ապրիլին, իսկ դա կնշանակեր, որ իշխանությունը կունենա բավարար ժամանակ՝ ՀԱԿ-ի ներսում իր ծրագրերն իրականացնելու համար: Դրա համար նա ուներ բավարար ֆինանսական և, որքան էլ ցավալի է, մարդկային ռեսուրսներ` ՀԱԿ-ում:
Լ. Տեր-Պետրոսյանը մեկ քայլ առաջ գտնվեց: Իսկ դա նշանակում է, որ խաղաղ նախագահական ընտրությունները ամենևին խաղաղ պաշտոնավարում չեն երաշխավորում:
Վահրամ Գեւորգյան
Комментариев нет:
Отправить комментарий