Ինչպես նշել էինք մեր նախորդ հոդվածներում, Հայրիկյանը այս ընտրությունների ֆավորիտը չէր, նրա հետևում չկա լուրջ ազդեցիկ քաղաքական ուժ, և ուրեմն նրա վրա մահափորձն ավելի շատ ուղղված էր ոչ այնքան իր դեմ, որքան երկրում քաոսային վիճակ ստեղծելու համար:
Սույն թեզը մեզ համար գրեթե անվիճելի է, քանզի Հայրիկյանի հնարավոր սպանությամբ երկրի ոչ արտաքին քաղաքական վեկտորը կփոխվեր, ոչ էլ` ներքաղաքական վերադասավորում կառաջանար:
Մենք նախորդ հոդվածներում հիմնավորել էինք, որ ներքաղաքական քաոսը Հայաստանում շահավետ չէ ո՛չ Արևմուտքին, ո՛չ Ռուսաստանին:
Հասկանալի է, որ այդ սցենարը մշակվել է Հայաստանում: Փորձենք հասկանալ, թե այսպիսի սցենարը ում կարող է ավելի շահավետ լինել: Եվ այդ իմաստով քննարկենք բոլոր հնարավոր վարկանիշերը:
Վարկած 1-ին. Րաֆֆի Հովհաննիսյան
Այս վարկածը գրեթե հավասար է զրոյի, քանզի Հայրիկյանի հնարավոր սպանությամբ կնշանակվեին նոր ընտրություններ, որտեղ Րաֆֆիի շանսերը չէին տարբերվի ներկայիս հնարավորություններից:
Վարկած 2. Հրանտ Բագրատյան
Բագրատյանը նույնպես ֆավորիտներից չէ, և նոր ընտրություններ անցկացնելով՝ սույն գործիչը գրեթե ոչինչ չէր շահի: Եվ հենց դրա պահանջով էլ այս վարկածը անիմաստ է քննարկել:
Վարկած 3. Էպոսագետը և մյուս թեկնածուները
Սույն վարկածը չենք էլ ուզում քննարկել, քանզի վերջիններս այս ընտրություններում կատարում են, այսպես կոչված, «հարսանեկան գեներալների» ֆունկցիան, և ուրեմն նրանք որևէ լուրջ դերակատարում չեն կարող ունենալ:
Փաստացի, կարող ենք արձանագրել, որ այս մահափորձի մեջ չեն կարող շահագրգռված լինել այս ընտրություններին մասնակցող ուժերը:
Իսկ հիմա վերլուծենք այն ուժերի վարկածները, որոնք չէին մասնակցում այս ընտրություններում:
Վարկած 4-րդ. ՀԱԿ-ի և Լևոն Տեր – Պետրոսյանի վարկածը
Հայրիկյանի հնարավոր սպանությամբ և նոր ընտրությունների անցկացմամբ ո՛չ Լևոն Տեր – Պետրոսյանը, ո՛չ էլ ՀԱԿ-ը ոչինչ չէին շահի, քանզի վերջիններիս` ընտրություններին չմասնակցելու որոշումը որևէ կապ չուներ ժամկետների հետ:
Այստեղ շատ լավ գիտակցում էին, որ միասնական ընդդիմադիր բևեռի բացակայության պայմաններում գործող նախագահին հնարավոր չէր հաղթել: Եվ ուրեմն, նոր ընտրությունները ո՛չ ՀԱԿ-ին, ո՛չ էլ նրա լիդերին ոչինչ չէին տա:
Վարկած 5-րդ. ԲՀԿ-ի վարկածը
Գրեթե նույն պատճառով այստեղ էլ ԲՀԿ-ն ոչինչ չէր շահում նոր ընտրություններով, քանզի Ծառուկյանի որոշումը պայմանավորված չէր ժամկետներով, իսկ երկրում քաոս առաջանալուց` բացի իշխանությունից ոչ մի ուժ չի կարող շահել:
Հիշենք 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները ԱՄՆ-ում. այն ժամանակ շահեց Ջորջ Բուշ կրտսերը, ով այդ դեպքից հետո երկիրը համախմբեց իր շուրջ և վերընտրվեց իր պաշտոնում:
Վարկած 6-րդ. ՀՅԴ-ի վարկածը
Այս ուժը նույնպես նոր ընտրությունների շահագրգռվածություն չէր կարող ունենալ, քանզի նույնպես չուներ անցողիկ թեկնածու, և 40 օրվա ընթացքում հաստատ նոր անձ չէր գտնի` նոր ընտրությունների մասնակցելու համար:
Վարկած 7-րդ. Ռոբերտ Քոչարյանի վարկածը
Այս վարկածը նույնպես չարժե լուրջ քննարկել, քանզի, եթե նա շահագրգռված լիներ նոր ընտրություններով, ապա կմասնակցեր այս ընտրություններին: Ի՞նչն էր խանգարում նրան` մասնակցելու այս ընտրություններին, որ չէր խանգարի նրան նույն բանն անել 40 օր անց. այս սովորական հարցադրումն անելուց հետո պարզ կդառնա, որ նման վարկածը նույնպես անլուրջ է քննարկել:
Վարկած 8-րդ. ՀՀԿ-ի վարկածը
ՀՀԿ-ն այսօր ունի մենաշնորհ և գլխավոր ֆավորիտ թեկնածու այս ընտրություններում:
Եվ ուրեմն, նրան նույնպես ձեռնտու չէր լինի Հայրիկյանի սպանությունը:
Վարկած 9-րդ. Սերժ Սարգսյան
Այս անձը երկրի այսօրվա փաստացի նախագահն է, ով նաև գրեթե 100 տոկոսով վերընտրվելու է իր պաշտոնում` փետրվարի 18-ից հետո:
Եվ ուրեմն, նրան էլ պետք չէին ֆորս- մաժորներ, որոնք կստվերեին այս ընտրությունների ընթացքը:
Այսպիսով, մենք վերլուծեցինք ողջ քաղաքական դաշտը, և պարզեցինք, որ Հայրիկյանի սպանությունը ոչ մեկին ձեռնտու չէր:
Սակայն փաստն այն է, որ մահափորձը եղել է: Այդ դեպքում ի՞նչ է սա. թատրո՞ն, թե՞ իրականություն:
Առաջին հայացքից սա ավելի շատ նման է թատրոնի, և հենց այս վարկածն է այսօր ամենաշատը տարածված: Սակայն դա առաջին հայացքից է այդպես:
Ավելի խոր վերլուծելուց հետո կարելի է ի վերջո հասկանալ, թե ում և ինչու էր կարող շահավետ լինել երկրում «կառավարելի քաոս» ստեղծելը: Այս մասին մենք կներկայացնենք սույն հոդվածի 4-րդ և վերջին մասում:
Դավիթ Մկրտչյան
Комментариев нет:
Отправить комментарий