Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

07.07.2011

Անմեղ մեղավորներ: Նորից հիշենք 88-ը

«Մի ամաչեք` հարցրեք» (24 հունիս) հոդվածիս ֆեյսբուքյան ընդդիմախոսներիս պատասխանի («Պայծառատեսները գրոհում են», 30 հունիս) շարունակությունն է սա: Այսպիսի տարակուսանք հնչեց` ինչո՞ւ եմ Ղարաբաղի նկատմամբ դիրքորոշումս պայմանավորում ԼՂ բնակչության դիրքորոշմամբ: Կհակադարձեի` հապա ո՞ւմ դիրքորոշմամբ պայմանավորեմ, թունիսցիների՞: Բայց հարցը շարունակվում է` ԼՂ-ում ԿԳԲ-ական ռեժիմ է, բնակչությունը տեղեկատվական շրջափակման մեջ է, ու դրա համար է, որ այդ կողմերից ձեն-ծպտուն չի լսվում:


ԼՂ-ում իրոք ԿԳԲ-ական ռեժիմ է, բնակչությունն էլ տեղեկացված չէ ըստ հարկի: Իսկ 88-ին ի՞նչ ռեժիմ էր: Կարծեմ ե՛ւ մենք, ե՛ւ Ղարաբաղը չարիքի կայսրության գաղութներ էինք: Ավելին` ԼՂ-ն Ադրբեջանի գաղութն էլ էր: Ու եթե հիմա ըմբոստներին ՀՀ բանտախցերում են փակում կամ բազազներին են «գործուղում» ջարդելու, այն ժամանակ մեր դեմ հսկա կարմիր բանակն էր, մերոնց էլ ՀՀ բանտերում չէին փակում, այլ` մոսկովյան կամ ադրբեջանական: Տեղեկատվության աղբյուրներն էլ «Վրեմյան» ու մեր ռսահաճկատար հեռուստատեսությունն էին, որոնց մատուցմամբ` մենք մի խումբ ծայրահեղականներ էինք:
Հիշու՞մ եք, թե երկրաշարժից հետո ինչպես էին Երեւանը օկուպացրել մեր դարավոր բարեկամները,
Շարժման ղեկավարներին էլ շղթայած տարել Ռուսաստան, ու մենք անղեկ-շվարած, մի կողմից` արցունքի հեղեղ էինք թափում ավերված հայրենիքի ու փլատակների տակ մնացած տասը հազարավոր մեր հայրենակիցների համար, մի կողմից էլ` շարունակում էինք պայքարել: Ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ղարաբաղում: Սովետի տանկերը վարում էին Հայոց հողը, ու ո՛չ բջջային հեռախոս կար, ո՛չ ինտերնետ, փողոցներում կանգնում էինք ժամերով, որ մեկնումեկը լուր հասցնի, «շքախմբով» մոտենում էր որեւէ զոմբի ու բղավում` երեք հոգով չի կարելի կանգնել: Ու տանկի փողն ուղղում էր մեր կողմը: Հետո մերոնցից մեկը փսփսում էր` հավաքվեք կրկեսի մոտ, վազում էինք այնտեղ, տանկերով քշում էին, մյուսն էր փսփսում` Շախմատի տան մոտ, վազում էինք Շախմատի տուն, այնտեղից էլ էին քշում, հետո` իջեք կայարան, իջնում էինք... Կռիվ էլ էինք տալիս, նույնիսկ զրահատանկ գրավեցին մեր տղաները, եռագույն դրոշն էլ զարկեցին «ճակատին»: Հիշու՞մ եք, թե ոնց էին շրջափակել Ազատության հրապարակը: Հե՛նց նույն ձեւով` ինչպես հիմիկվա ոչուփուչ ՀՀ իշխանությունները: Վախից չորացած 18 տարեկան զինվորիկներին շարել էին շուրջբոլորը, իսկ զոմբիները ներսում փռվել էին խոտերին, որ եթե հանկարծ չափն անցնենք, վրա հասնեն ու ջարդեն: Իսկ ո՜նց էին ծաղրում մեր վիշտը. մենք կսկիծից մի բուռ էինք դառել, «ազատարար» բանակը արեւածաղիկ էր չրթում, «թքում» մեր երեսին ու հռհռում մեր արցունքների վրա... Այդպիսի հրահանգ էր տրված Կրեմլից` քանի դեռ վշտից գլուխները կորցրած են` ողնաշարները ջարդեք: Չջարդվեցինք. ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում: Ու որ «Ղարաբաղ» կոմիտեի ազատ արձակված առաջնորդներին դիմավորեցինք, նրանք միանգամից հասկացան, որ ձեռքներս ծալած չենք նստել, չենք ասել` մեր առաջնորդները բանտում են, սպասենք` գան, տեսնենք` ինչ են ասում. կասեն` պայքարեք` կպայքարենք, կասեն` սսկվեք-տեղներդ վեր ընկեք` կսսկվենք ու տեղներս վեր կընկնենք: Դե հետո` հաստատ կհիշեք, որ մեզ պատերազմ պարտադրվեց, ու երկրաշարժի զոհերի համար մեր արցունքները դեռ չցամաքած, հազարավոր հրաշք ջահելների հայրենի հողին պահ տալու գնով` կիսավեր Հայաստանն ու բզկտված Ղարաբաղը հաղթեցին այդ պատերազմում:
Հիմա ապրում ենք անկախ Հայաստանում, ղարաբաղցիները` նույնպես. ապրում են չճանաչված, բայց` անկախ Ղարաբաղում: ԿԳԲ-ական ռեժի՞մ է այնտեղ` ճիշտ է: Իսկ Հայաստանը երեւի ազատ, ժողովրդավարական պետությու՞ն է: ՀՀ բանտերո՞ւմ չէին նստած քաղբանտարկյալները, ՀՀ-ո՞ւմ չեն ոստիկանները սովետական զոմբիներից ոչ պակաս գազանաբար հարձակվում ռեժիմի դեմ պայքարողների վրա... Թե՞ ՀՀ մայրաքաղաքը չի այն Երեւանը, որտեղ մարտի 1-ին սովետական... կներեք` հայոց մարտունակ բանակը կոտորեց անզեն մարդկանց: Ընդունենք` հասկանում եմ, որ ԼՂ-ում ԿԳԲ-ական ռեժիմ էր, ու դրա համար ընդամենը երկու կցկտուր դատապարտող ձայն լսվեց ընդդեմ սեփական ժողովրդի դահիճների, տեղեկատվական շրջափակումն էլ այնքան անանցանելի է` մինչ օրս չգիտեն, որ հայերի արյուն է թափվել` Ք. Ռ.-ի հրամանով եւ Ս.Ս.-ի համաձայնությամբ:
Լավ, էս ինտերնետի ու բջջային կապի դարում մի բուռ Ղարաբաղում չե՞ն կարող մեկը մյուսին բանավոր հաղորդել, որ ՀՀ իշխանությունը զավթած Քոչարյան Ռոբերտն ու Սարգսյան Սերժիկը հիմա ընդամենը երկու հոգս ունեն. մեկը մտածում է` ոնց անի, որ նորից զավթի ՀՀ նախագահի աթոռը, մյուսն էլ` ոնց անի, որ ՀՀ նախագահի զավթած աթոռը պահի, ու ԼՂ խնդիրը նրանց համար ընդամենը խաղաքարտ է` ըմբոստացողների աչքը խոթելու համար: Եթե չգիտեն, ուրեմն` չարաչար սխալվում են ընդդիմախոսներս, թե իբր ԼՂ-ում Ք. Ռ.-ն ու Ս.Ս.-ն «ներկայացուցչական» չեն: Հակառակը. ուրեմն` այնտեղ այնքան են վստահում սրանց, որ զգոնությունը կորցրած մտածում են` քանի Ռոբն ու Սերժիկը կան, մեզ վտանգ չի սպառնում: Թե չէ` ինչպես հայաստանցիներին չես զարմացնի կամ վախեցնի ԿԳԲ-ական ռեժիմով, նույնն էլ ու գուցե ավելի` ղարաբաղցիներին:
Մի ելք է մնում. նորից հիշել 88-ը, մի բռունցք դառնալ ու ազատվել ավազակապետերից: Հանուն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի: Եթե տեղեկատվական շրջափակումը վերանա, ղարաբաղցիները վերջապես կգիտակցեն, թե ում էին մինչ օրս վստահել իրենց ճակատագիրը: Ու դրանից հետո չեն նայի` ԿԳԲ-ակա՞ն ռեժիմ է, թե՞ քադաֆիական, կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը: Ի վերջո` հո չե՞ն փոխել Ղարաբաղի ժողովրդին, նույնն է, չէ՞, հենց էն նույն հերոսական ժողովուրդը, որով տարիներ շարունակ հպարտացել ենք:
Դրանից հետո նորից կկրկնեմ, որ ԼՂ խնդրի լուծման հարցում ՀՀ դիրքորոշումը պայմանավորված է ղարաբաղաբնակների դիրքորոշմամբ: Այդ ժամանակ դժվար թե ընդդիմախոսներիս տարօրինակ թվա ասածս:

Комментариев нет: