Շատ տարիներ են անցել, բայց դժվար թե որեւէ մեկը մոռացած լինի. ոտքի ելան Ղարաբաղում բնակվող հայերի պայքարի կոչնակի ձայնը լսելուց հետո: Այլապես առնվազն տարօրինակ կլիներ, եթե ղարաբաղցիները շարունակեին, թեկուզ` արտաքուստ, հաշտ ու խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ, եւ հանկարծ Հայաստանում բնակվողները պահանջեին Ղարաբաղի ազատությունը: Գաղտնիք չէ, որ նույնիսկ այս դեպքում Ղարաբաղում հիմա էլ կան մարդիկ, որոնք երեսով
են տալիս հայաստանցիներին` շատ էլ լավ ապրում էինք ադրբեջանցիների հետ, դու՛ք ստեղծեցիք այս վիճակը: Սա, իհարկե, ցավալի փաստ է, բայց մանրուք է. կարելի է այդ մարդկանց հիշեցնել օրով ու ժամով, թե ինչպես են զարգացել դեպքերը, կարելի է նաեւ ձեռքը թափ տալ ու անցնել, որովհետեւ գուցե այդ բանն ասողն իրո՞ք էն գլխից դժգոհ էր, որ ոտքի կանգնեցինք հանուն ազատության, եւ երբ Ստեփանակերտի հրապարակում օրուգիշեր պայքարում էին, այդ երեսով տվողները լուսամուտի վարագույրը ծերպ արած նայում էին նրանց ու հայհոյու՞մ...
Նույնը Հայաստանում էր: Մի մասը պայքարում էր, մյուս մասը` հայհոյում պայքարողներին: Հո միայն հիմա չէ, որ քաղաքապետարանի ավագանու կարկառուն անդամ Լեւոն Իգիթյանը «քաջաբար» չի թաքցնում իր զզվանքը նրանց նկատմամբ, ովքեր մինչեւ հիմա Ազատության հրապարակ են ասում, ոչ թե` Օպերայի: Այն ժամանակ էլ կային, այսպես կոչված, մտավորականներ, որոնք «ալերգիա» ունեին Ազատության հրապարակից: Դա հետո, շա՜տ հետո, երբ հայրենասիրությունը շահավետ արհեստ դարձավ` պարզվեց, որ այդ «ալերգիկները» ծնվել են Ղարաբաղի դարդը սրտներում ու իրենց ծննդյան փուչ օրից ոչ իրենց կերածից են բան հասկանում, ոչ խմածից: Էդ դարդի պատճառով` հասկանալի է:
Հիմա: Հասկացող-չհասկացող ասում է` Ղարաբաղը ծախում են: Ես հավատում եմ, որ մինչեւ կոկորդը հանցագործությունների ու կոռուպցիայի մեջ խրված Հայաստանի իշխանավորները եթե վստահ լինեն, որ կմարսեն, հանուն իրենց իշխանության երկարաձգման` Ղարաբաղն էլ կծախեն, Հայաստանն էլ, ու Արեւմտյան Հայաստանն էլ կվերավաճառեն, եթե մի հնար գտնեն: Այնպես որ` բացառված չէ, նույնիսկ շատ հավանական է` Սերժիկ Սարգսյանը ստորագրի մի փաստաթուղթ, որը հավասարազոր լինի Ղարաբաղը ծախելուն: Ու հենց այս հավանականության պատճառով է, որ տարբեր տեղերից ձայներ են հնչում` ինչու՞ են լռում հայաստանցիները: Մի հարց էլ ես տամ` իսկ ի՞նչ անեն: Ի՞նչ անեն, եթե ղարաբաղցիները լռում են, նույնիսկ պաշտպանում են իրենց Սերժիկ-Ռոբիկին ու փնովում Հայաստանի առաջին նախագահին, ում օրոք ոչ միայն հաղթանակել են, այլեւ ձայնի իրավունք են ունեցել:
Ղարաբաղի ժողովուրդը լռում է, ժամանակ առ ժամանակ ինչ-որ թույլ, անհասկանալի, անատամ ձայներ են դուրս գալիս առայժմ այնտեղ ոտքները կախ գցած պաշտոնյաների կոկորդից, մնացած նախկին պաշտոնյաներն էլ իրենց գերդաստաններով այստեղ են` Հայաստանում: Բիզնես են անում տղերքը: Երեւանի կենտրոնի կեսը գնել են, առոք-փառոք ապրում են: Մեզ անտարբերության համար մեղադրող մեկնումեկը հարցրե՞լ է Ռ. Քոչարյանին. «Ի՞նչ բանի ես, պարոն: Ինչու՞ ես աֆրիկաներն ու մոսկվաները ջրի ճամփա սարքել, գուցե վերադառնաս Ղարաբա՞ղ, ա՛յ թունդ հայրենասեր: Գիտենք, որ մի կտոր հացի կարոտ ես, բայց հո թերթերին դատի տալով լիքը միլիոններ ես աշխատել, տա՛ր, Ղարաբաղում մի դպրոց վերանորոգիր, քեզ հետ բերած «ղոշունը» հետդ տար, Հայաստանում աշխատած ձեր մի քանի «գրոշներն» իրար արեք` Ղարաբաղը կառուցեք»: Մեկնումեկը հարցրե՞լ է Սամվել Բաբայանին. «Պարոն կամանդույուշչի, ի՞նչ ես կորցրել Հայաստանում, ինչո՞ւ չես գնում Ղարաբաղ, չէ՞ որ Ղարաբաղի գլխին սեւ-մութ ամպեր են կախվել»: Մեկնումեկը հարցրե՞լ է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին. «Ի՞նչ եք անում Հայաստանում դու եւ եղբայրդ, ինչո՞ւ Ղարաբաղում չեք, պարոնայք հայրենասերներ»: Ինչո՞ւ չեն «անտարբեր» հայաստանցիներին դատապարտողներն այս հարցերն ուղղում սրանց եւ իմ ու իրենց իմացած մնացածներին: Ինչո՞ւ չեն պահանջում, որ Քոչարյանի «ազգափրկիչ ծրագրով» Հայաստան փոխադրված ու Հայաստանը խոպան դարձրածները վերադառնան Ղարաբաղ: Ինչո՞ւ չեն ասում` պաշտելի ղարաբաղցիներ, ձայն հանեք, մի բան ասեք, բողոքեք, որ հայաստանցիները հասկանան` դժգոհ եք, չեք ուզում, որ Սերժիկն ու իր ավազակախումբը որոշեն ձեր ճակատագիրը: Իսկ եթե ուզում եք ու վստահում եք, հայաստանցին ի՞նչ իրավունք ունի ձեր ազատ կամքի վրա բռնանալու: Հայաստանցին կարող է պահանջել, որ Սերժիկ Սարգսյանը վերջապես ազատի ՀՀ նախագահի աթոռը, ինչն էլ պահանջում է արդեն գրեթե չորս տարի ու դրա դիմաց արյուն ու բանտի ճաղեր վաստակում:
Լավ է, թե վատ` սա է. ղարաբաղցիները ոտքի կկանգնեն իրենց ճակատագիրն այսօր տնօրինողների դեմ` հայաստանցիները կկանգնեն իրենց կողքին, իսկ եթե կհամակերպվեն, ուրեմն` ստիպված կլինենք մի տխուր հետեւություն անել. այնքան վատն են եղել ու կան ԼՂՀ իշխանությունները, որ ղարաբաղցիների համար այլեւս տարբերություն չկա` ադրբեջանցինե՞րը դժոխք կդարձնեն իրենց կյանքը, թե՞ իրենց ծնած-սնած ռոբասերժերը...
Իսկ թե ինչին են սպասում օրուգիշեր հայաստանցիներին դատապարտողները, դժվար չէ կանխատեսել: Աստված մի արասցե, որ Սերժիկ Սարգսյանը Ղարաբաղի համար աննպաստ փաստաթղթի տակ ստորագրի: Բայց եթե նման բան լինի, այս նույն մարդիկ, որոնք օրուգիշեր «ավետում են» «թույլիկ» Հայ ազգային կոնգրեսի մահը, կսկսեն բարբաջել, որ Կոնգրեսն ամենակարող էր, ամենաուժեղն էր, միակ ընդդիմադիր ուժն էր, որն ունակ էր կանխել դավաճանությունը, բայց` չարեց: Իսկ առայժմ, քանի դեռ Ղարաբաղը չենք կորցրել, այս նույն մարդկանց մի մասն զբաղված է Կոնգրեսը պառակտելու անհաջող փորձերով, մի մասը` Ղարաբաղի գրեթե դատարկման գլխավոր մեղավորի, փակուղային վիճակի «ճարտարապետ» Ք. Ռ.-ի վերադարձը նախապատրաստելով, մի մասն էլ` նրա «իրավահաջորդ» Ս. Ս.-ի վրա թեւերը փռելով ու կերակրատաշտից ոսկոր փախցնելով:
Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...
Լիզա Ճաղարյան 24.06 2011
Комментариев нет:
Отправить комментарий