Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

12.01.2013

Շարմազանովը ժամանակից շուտ է ուրախացել

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանն օրերս «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե այս պահին չի տեսնում մեկին, ով կարող է "հաղթել" Սերժ Սարգսյանին, «ավելի ճիշտ՝ նրա ադմինիստրատիվ լծակները, նրա ֆինանսական միջոցները»։ «Այդ մրցակցության մեջ մտնելը ես Կոնգրեսի համար անլուրջ եմ համարում, երբ նախօրոք գիտես, թե ինչ է լինելու», - հավելել է Լյուդմիլա Սարգսյանը՝ կարծիք հայտնելով, որ Հրանտ Բագրատյանը, ինչպես նաեւ՝ «լավ կլիներ»՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, չառաջադրվեին՝ իմանալով, որ «հաղթելու շանսերը զրոյական են»։ Հակադարձելով ընդդիմադիր պատգամավորի այն պնդմանը, թե նախագահի թեկնածուների մի մասին առաջ են քաշել իշխանությունները, իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այդ մեկնաբանությունները «անհեթեթություն» է որակել։

Իրականում անհեթեթությունն այն է, ինչ իր պատասխան խոսքում ասել է Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ պատասխանելով ռադիոկայանի հարցին՝ նա ասել էր. «Իսկ ո՞վ պետք է դներ, որ լուրջ մրցակցություն լիներ։ Չեմ կարծում, որ ովքեր որ թոշակի են գնացել, կամ հրաժարվել են առաջադրվել, ավելի մեծ շանսեր կարող էին ունենալ, քան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կամ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը»։
Շարմազանովի պատասխանին անդրադառնալուց առաջ՝ պարզապես մի դիտարկում: Շարմազանովը, իր ընտանիքը կարող է եւ չլինեին կամ աշխարհի գաղթականների թվին կպատկանեին, եթե 90-ականների սկզբին, պատերազմի ամենադժվարին տարիներին երկիրը չղեկավարեր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս ամենի մասին չի կարելի մոռանալ: Իսկ Շարմազանովը, ամենայն հավանականությամբ, մոռացել է, կամ՝ չի էլ հասկացել, թե ում է պարտական, որ այսօր ապրում է խաղաղ եւ հաղթանակած երկրում:
Շարմազանովին, ով զինված ուժերում նույնիսկ չի էլ ծառայել,  պարզապես խորհուրդ տանք, որ նման անհեթեթ արտահայտություններ անելուց առաջ մինչեւ տասը հաշվի, հետո նոր մտածի ասելիքի մասին: Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ 2008-ին Սերժ Սարգսյանին եւ Էդուարդ Շարմազանովին ջախջախիչ պարտության մատնեց: Ավելին, վերջին հինգ տարիներին Լեւոն Տեր-Պետրոսյանն այն մարդն էր, ում ստվերն անգամ նյարդայնություն էր պատճառում Բաղրամյան 26-ին:
Կարելի է կռահել, թե ինչ ահռելի միջոցներ եւ ռեսուրսներ ծախսեց վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ պայքարելու համար: Ականատես եղանք թե՛ պայթած ականների, թե՛ նորաթուխ ականների: Ու չնայած այդ ամենին՝ Էդուարդ Շարմազանովի կողմից թոշակառու որակված մարդը սարսափի մեջ էր պահում իշխանություններին:
Շարմազանովի եւ նրա նմանների ուրախությանը չափ ու սահման չկա: Նրանք թեթեւացած շունչ քաշեցին, քանի որ Տեր-Պետրոսյանը որոշեց չառաջադրվել: Կարելի է հանգիստ պատկերացնել, թե ինչ ջղաձգումների մեջ կհայտնվեր իշխանությունը, եթե Տեր-Պետրոսյանը առաջադրվելու որոշում կայացներ: Եթե հիմա իշխանությունները վստահ չեն իրենց թեկնածուի հաղթանակում եւ կրկին սկսել են անձնագրային տվյալներ հավաքել, ապա պարզ է, թե ինչ տեղի կունենար ՀՀ առաջին նախագահի առաջադրման դեպքում:
Այդ հիմա է Շարմազանովի ձայնը համեմատաբար տաք տեղից դուրս գալիս: Վստահ ենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման դեպքում Շարմազանովը կրկին պատվերի շրջանակներում կհայտարարեր, թե իրենց թեկնածուն վայելում է ժողովրդի սերն ու հարգանքը, եւ որ նրա հաղթանակի մասին են խոսում այս ու այն ծախու սոցիոլոգիական կենտրոնները, բայց այդ ժամանակ նրա դեմքի արտահայտությունը բոլորովին այլ բանի մասին կխոսեր:
Շարմազանովը շատ լավ գիտի, որ նույնիսկ ընտակաշառքներով եւ կեղծիքներով հնարավոր չէր լինի հաղթանակի հասնել Տեր-Պետրոսյանի նկատմամբ, քանի որ նրա շուրջը կհամախմբվեր հասարակության գերակշիռ մասը: Շարմազանովը լավ է հասկանում, որ առողջ ուժերի հաղթանակի դեպքում ինքը եւ իր նմաններն անգամ տաքսու վարորդ չեն կարող աշխատել, քանի որ բացի իշխանություններին քծնելուց՝ ուրիշ ոչնչի ունակ չեն: Նրանք միայն կարող են կարճ շորտեր հագնել եւ պիոներիկների նման տռճիկ տալ երկրի ղեկավարների առաջ:
Եթե Շարմազանովին թվում է, թե այս անհեթեթ ընտրություններն իրենց դիրքերն ավելի ամուր կդարձնեն, ապա սխալվում է: Իրականում նրանք միայն թուլանալու են: Իհարկե, դեռ որոշ ժամանակ Շարմազանովը կարող է ավելի ցինիկ հայտարարություններ անել, փորձել տպավորություն ստեղծել, թե Հովհաննիսյանին կամ Բագրատյանին հաղթելը հեշտ գործ չէ, բայց դե գիտենք, որ ինքն իր ասածին էլ չի հավատալու: Իսկ առաջիկայում սպասվում են գործընթացներ, որոնք անպայման Շարմազանովի նմաններին կդնեն իրենց իսկական տեղը, եւ այլեւս ոչ մի իշխանություն թույլ չի տա, որ նա եւ նրա տեսակի կրողները թռվռան իրենց առաջ:

Էդուարդ Աշոտյան

Նկարի հեղինակ՝ Վարպետ Օնիկ

Комментариев нет: