Այսօր նորից, ավելի կրքերը հանդարտված ու «մուշտարու աչքով» կարդացի Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը։
Երվանդ Օտյանն իր հանրահայտ «Ընկեր Փանջունու» մեջ էսպիսի մի պահ ունի։ Փանջունին երեխա ժամանակ անդադար ջարդում է խաղալիքներն ու մնացած ամեն բան և, երբ հարցնում են՝ ի՞նչ ես անում, պատասխանում է՝ կը շինեմ կոր (ծանո՞թ տեսարան է. բայց զուգահեռն ակամա ստացվեց)։ Մի խոսքով, երբ այլանդակություններ է անում, հայրը հուսահատված ասում է. «Փորձա՜նք պիտի ըլլա այս տղան, փորձա՜նք»։ Այնուհետև Օտյանն ավելացնում է. «Խեղճ մարդը կսխալեր իր լավատեսության մեջ. Փանջունի փորձանք չպիտի ըլլար, այլ հեղափոխական գործիչ»։
Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցում մի պահ կա, ուր թե՛ հարցազրույց վերցնող լրագրողը՝ մեր սիրելի Քրիստինե Խանումյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը և թե՛ բոլորս սխալվել ենք։ Լրագրողի հարցին՝ «Բայց դժգոհողներն ու քննադատները լինելու են Ձեր համակիրները, իսկ հրճվողներն ու մեծաբանողները` Ձեր հակառակորդները», Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանում է. «Վստահ եմ, որ որոշ ժամանակ անց համակիրներս կհասկանան, որ իմ որոշումը ճիշտ ու ազնիվ էր, իսկ հակառակորդներիս հրճվանքն ու մեծաբանությունն ինձ երբեք չեն հետաքրքրել»:
Զարմանալիորեն, եղավ հակառակը։
Անձամբ ես վախենում էի, որ չառաջադրվելու նրա որոշումը մեր շարքերում պայթյունի պես արձագանք կարող էր առաջացնել։ Մինչդեռ եղավ հակառակը։
Իշխանական ու իշխանամերձ լրատվադաշտը լցվեց ախուվախով ու եղուկներով, դատապարտումներով ու մեղադրանքներով։ Եվ փա՛ռք ու պատիվ մերոնց, որ, իրատեսական գնահատելով իրավիճակը, խիստ հավասարակշիռ ու համաչափ վերաբերմունք դրսևորեցին։ Փաստորեն, մեր երտասարդությունն իրո՛ք քաղաքականապես բավական հասունացել է այս տարիներին։ Նորից՝ ի հեճուկս Նախագահի հետևյալ խոսքերի. «Չբացառենք նաև, որ բացի վերը նշվածներից, լինելու են նաև իմ որոշումից գոհ ու շնորհակալ եղողներ: Չէ՞ որ շատերի կարծիքով` իմ ներկայությամբ ես ամայացրել եմ քաղաքական ղաշտը, ինչի հետևանքով է, որ Հայաստանում նոր լիդերներ չեն ծնվում: Փույթ չէ, թե քաղաքականությունից իմ տասնամյա բացակայության ընթացքում նման լիդերներ այդպես էլ չծնվեցին, բացառությամբ Ստեփան Դեմիրճյանի, ով 2003 թվականին հաղթեց Ռոբերտ Քոչարյանին: Այն ժամանակ չծնվեցին, գուցե հիմա ծնվեն: Տա´ Աստված»։
Պարոն Նախագահ, ասպարեզում եղած բոլորն այսկամայն չափով Ձեր ժամանակ ու Ձեր շնորհիվ ծնվածներն են։ Այլ հարց է, որ ոմանք եթե ծնված չլինեին, թերևս աշխարհն ավելի գեղեցիկ տեղ լիներ։
Հասմիկ Հարությունյան
Комментариев нет:
Отправить комментарий