Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

08.08.2012

Քնել-վերկացել՝ Վանո՞ եք ուզում


«Հրապարակ» թերթի «Վանո Սիրադեղյանն արտերկրում մահացե՞լ է» հոդվածի հարցական նշանը ընթերցողին պետք է հուշեր, որ, չնայած ունեցած տեղեկատվությանը, թերթը հարցականի տակ է առել լուրի ստույգությունը: Անգամ հարցական նշանի բացակայության դեպքում ինտերնետային  աղմուկ բարձրացնելն ուղղակի զավեշտալի է… Երկար տարիների ձեր լռությունը մա՞հ չէր Վանոյի համար: Թաքնված ապրելը մա՞հ չէր Վանոյի համար, համազգային անտարբերությունը մա՞հ չէր Վանոյի համար… Բանաստեղծական, նուրբ հոգու տեր մարդու համար Հայաստան աշխարհից հեռու լինելը մա՞հ չէր Վանոյի համար… Քնել-վերկացել՝ Վանո՞ եք ուզում: Ինձ համար պարզ չէ՝ Վանոյի՞ համար եք Վանո ուզում, ազգի՞ համար, թե՞ սեփական կայացման համար…
Ուզելը հերիք չէ՝ կոտորում են իրենց. ճանաչող-չճանաչող՝ Վանո է ուզում:  Ինչո՞ւ այդ մահերն ընդունվեցին սառը հարմարվողականությամբ ու անտարբերությամբ, իսկ ֆիզիկական մահվան կասկածն անգամ ցնցում առաջացրեց սոցիալական ցանցերում: Մի՞թե ֆիզիկական մահն ավելի սոսկալի է, քան… բարոյականը: Այդ մահվան մեջ որեւէ մեկն իր մեղքի բաժինը չզգա՞ց… Չխորանալով ինտերնետային աղմուկի իրական ու անիրական հիմքերի մեջ՝ ասեմ, որ Վանոյի ֆիզիկական բացակայությունն ինչքան էլ սպանիչ լիներ, պիտի որ արդեն հարմարված լինեիք… Իսկ թե այդ մահվան լուրն ինչ ազդեցություն կարող է ունենալ Վանոյի վրա (տա Աստված՝ հերքվի մահը), դա է հետաքրքիր, որովհետեւ համընդհանուր այդ հետաքրքրության մեջ Վանոն իր երկրորդ ծնունդը կապրի:
Այդքան տարիներ հետո առաջին անգամ նա կզգա, որ զուր չի ապրել: Տեղին եմ համարում Սթիվեն Քովիից հետեւյալ մեջբերումը. «1888 թվականին լրագրողական սխալի պատճառով թերթերում տեղեկատվություն տարածվեց Ալֆրեդ Նոբելի մահվան մասին, այնինչ մահացել էր նրա ավագ եղբայրը: Դեպքը ծանր ազդեցություն գործեց Նոբելի վրա. թերթերը նրան մեծարում էին «միլիոնատերն արյան մեջ», «պայթյունավտանգ մահվան վաճառականը»,  «դինամիտի արքան» արտահայտություններով: Եվ այդ ժամանակ նա հարցրեց ինքն իրեն.
- Մի՞թե սա եմ թողնելու ինձնից հետո, այդպիսի՞ն պիտի հիշեն ինձ մարդիկ:
Եվ որպեսզի մարդկային հիշողության մեջ չմնար իբրեւ «համաշխարհային մասշտաբի չարագործ», Նոբելը որոշեց մահից հետո մեկ այլ՝ ավելի արժեքավոր ժառանգություն թողնել՝ Նոբելյան մրցանակը:
Համոզված եմ, որ Վանոն, եթե կենդանի լինի, անպայման կարձագանքի, թեկուզ  որեւէ ստեղծագործության ձեւով, անպայման կարձագանքի: Այս անգամ կարձագանքի ոչ թե նախկինի պես, այլ համարժեք ձեւով: Վանոն ժողովրդին ասելու բան ունի: Նա կվերարժեւորի իր ապրած կյանքը ու կբացի այն, ինչն իր հոգում վերք է եղել… Նա կկերտի իր ամենամեծ գործը, որի անունը կլինի՝ անկեղծ զրույց ժողովրդիս հետ:

Հասմիկ Բաբաջանյան

Комментариев нет: