Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

06.08.2012

Եվ Բազազ մի` այր անունով

Քաղաքի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազը) ֆեյսբուքում աշխատում է որպես Մովսես Խորենացի, որպես մի մեծ բարոյախոս: Նրա սիրտը այնքան է մղկտում այս քաղաքի եւ տիրող բարքերի համար, որ Բազազը, այլեւս չդիմանալով կրծող ցավին, նետվում է ֆեյսբուքի գիրկը, գրիչը թաթախում սեփական արյան մեջ եւ կարմիրը սպիտակի վրա հանձնում պատերին. 
«Գրում եմ ոչ որպես ոստիկանության գնդապետ, այլ որպես ՀՀ քաղաքացի, ով ի տարբերություն պաշտոնյայի իրավունք ունի մի քիչ ազատ արտահայտել իր մտքերը, խոհերը: Բայց նաեւ ի տարբերություն ոմանց կձգտեմ հնարավորինս կոռեկտ լինել:

Նամակի շարժառիթը`


Լավ, ինչքան վանդալ, բարբարոս պետք է լինեք, որպեսզի սեւ ներկով մրոտեք Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի եւ փոքր կենտրոնի մյուս շենքերի պատերը:
Որքան էլ, ըստ ձեզ, վատը լինի այն անձը, ում ուղղված են այդ խոսքերը, որքան էլ փորձեք արդարացնել ձեզ, չեմ ընդունում ու չեմ ընդունի երբեք: Մոնղոլ-թաթարական, թուրք-սելջուկյան հորդայի արշավանք կազմակերպել, հարձակվել եւ ձեզ բնորոշ գույնով սեւացնել շենքերի պատերը արդարացում չունի: Պայքարի այլ քաղաքակիրթ ձեւեր կան` քաղաքական ակցիաներ, կարգախոսեր, ցուցապաստառներ, ծաղրանկարներ եւ այլն: Ինչու? սեւացնել մեր քաղաքի շենքերի, կոթողների պատերը, անցումները: Այ հենց ձեր նմաններն են ներկում, մրոտում եկեղեցիները, պատմամշակութային արժեքները, պատռում հասարակական տրանսպորտի նստարանները, «փորագրում» պատերը, աղտոտում շրջապատը… Եթե ոստիկանները գիշերը բռնեին այդ հորդայի անդամներին, պատժեին, ապա ես պատկերացնում եմ ինչ հիստերիա ու վայնասուն կբարձրանար համացանցի կայքերով եւ սոցիալական ցանցերով, այլ լրատվամիջոցներով: Էլ քաղաքական հետապնդում, էլ քաղաքացիական արժեքների ոտնահարում, քաղբանտարկյալներ, միջազգային կոնվենցիաներ ու արեւմտյան արժեքներ: Լավ մինչեւ երբ…
Լավ, այ «քաղաքականացված» եւ «քաղաքացիականացված» զոմբիկներ, դուք չեք զգում, որ քաղաքկան մեծ օվկիանոսում դուք ափի ավազները շարժելու ու ափամերձ քարերը մաշացնելու համար եք…
Քանի օր է քաղաքի փողոցներում իրար հետեւից հարսանիքների եմ հանդիպում: Շատ լավ է, թող հարսանիքներ շատ լինեն, թող նոր ընտանիքներ կազմեն:
Լսիր Հայաստան, բայց ինչ է նշանակում քսան-եռեսուն ավտոմեքենաների շարասյունով, տարատեսակ, տարաբնույթ, հաճախ նաեւ սարսափազդու ազդանշաններով տեռորի ենթարկել համաքաղաքացիներին: Ես այդ ընթացքում ուշադիր հետեւում էի զբոսաշրջիկներին, նրանք զարմացած, վախեցած, շփոթված գլուխները այս ու այն կողմ էին տանում` պատասխան ստանալու, պարզաբանման ակնկալիքով նայելով տեղացիներին:
Դե արի ու զբոսաշրջիկ եվրոպացիներին բացատրիր, որ երբ իրենց նախապապերը ծառերի վրա էին, հայերը գիր-գրականություն ու մշակույթ ունեին, հետո իրենք իջան ծառերից, զարգացան, իսկ մենք ցավոք սրտի բարձրացանք ծառերի վրա ու համառորեն չենք ուզում իջնել…
Այս պահին բազմոցից, բազկաթոռից վեր թռան «վիրտուալ քաջնազարները», մոտեցան ստեղնաշարին ու ինչպես միշտ գրեցին. «Մեղավորները ոստիկաններն են, իշխանությունները»: Այո մեղավոր են, հիմա կասեմ ինչու: Որովհետեւ մեր հասարակության մի ստվար զանգված, որ ունակ է վանդալիզմի, տառապում է ցուցամոլությամբ, ճոխամոլությամբ, լկտիությամբ, անդաստիարակությամբ, քննադատամոլությամբ, ամեն ինչ սեւացնելու մոլուցքով, ինքն է սնում այն կառույցները, այն շերտերը, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Այդ հասարակությունն է ծնում ոստիկաններ, իշխանավորներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, մանկավարժներ, բժիշկներ, վարորդներ, նաեւ վանդալներ ու իհարկե վիրտուալ քաջնազարներ: Այս ամենը միայն պետականորեն հնարավոր չէ կարգավորել, պատժիչ միջոցները ժամանակավոր, ոչ հիմնական, ոչ արմատական դեր կարող են խաղալ: Այդ ամենի դեմ պետք է պայքարենք բոլորս` ես, դու, նա, մի խոսքով բոլորս…Պետք է ուժն ու եռանդը ուղղել հասարակության այդ շերտի դաստիարակությանը, այլ ոչ թե մասնակի երեւույթների դեմ ու խրախուսել վանդալիզմի, բարբարոսության ակցիաները:
Լսիր Հայաստան, հասարակությունդ ինքնամաքրման կարիք ունի, ու դա պետք է սկսենք յուրաքանչյուրս մեզնից, մեր ընտանիքներից, հարազատներից, բարեկամներից, մեր շրջապատից, մեր կոլեկտիվներից` մանկապարտեզից, դպրոցից, ԲՈՒՀ-ից, աշխատավայրից…
Միայն այդ միասնական ինքնամաքրմամբ կվերանան այն ամեն վատ երեւույթները, արատները, որոնք ցավոք շատանալու, ճոխանալու տենդենց ունեն:»:

hayeli.am

Комментариев нет: