Սերժ Սարգսյանը երեկ Մոսկվայում հայտարարելով, թե Ռուսաստանը և Հայաստանը փոխհամաձայնության են եկել գազի գնի ձևավորման սկզբունքների շուրջ, նշել էր, որ այն պետք է բխի գազի իրական շուկայական գնից՝ հաշի առնելով տարածաշրջանում համադրելի գները և պահպանելով Հայաստանի տնտեսության արդյունավետությունը:
ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանն խորին համոզմունք հայտնեց, որ եթե Սերժ Սարգսյանը իմանար գազի գնի գոյացման իրական մեխանիզմները (կամ գուցե գիտի, բայց համեստաբար չի ասել), երբեք գազի գնի շուրջ չէր բանակցի:
«Բանն այն է, որ Հայաստանի համար գազի գին գոյություն չունի: Հայաստանն Ուկրաինա չէ: Ուկրաինային Ռուսաստանը վաճառում է գազը, իսկ Հայաստանին՝ ոչ: Ռուսաստանը գազը վաճառում է Հայաստանում գտնվող իր կազմակերպությանը. «Գազպրոմ»-ը գազը վաճառում է, կարծեմ, Տրանզիտ անող գազին, որը նույն «Գազպրոմ»-ին է պատկանում, վերջինս էլ «ՀայՌուսգազարդ»-ին: Սրա ավելի քան 80%-ի փայատերը նոյնպես Գազպրոմն է։ Հայաստանն այդ սխեմայում չկա: Ես չեմ կարողանում հասկանալ՝ որևէ տեսակի հայտարարություն՝ լավ, թե վատ, Հայաստանի վարչապետը կամ նախագահը ինչո՞ւ են բանակացում գազի գնի շուրջ,- ասաց Հ. Բագրատյանը:
Այսօր գազի մանրածախ գինը՝ 132 հզ. դրամ/1000խմ է, ներկայիս փոխարժեքով հաշվարկելիս, նաև նկատի ունենալով գործակիցը, որ ՀՀ մտնող գազը 27%-ով ցածր կալորիականություն ունի, քան Եվրոպայում, դա հավասար է 425 դոլարի: Ըստ Հ. Բագրատյանի՝ գազի 180 կամ 230 դոլար գինը ներքին գին է, որ գոյություն ունի 2 ռուսական կազմակերպությունների միջև:
«Ներկայում Վրաստանում բնակչությանը վաճառվող գազի գինը մեր փողով արտահայտած 110 հզ. դրամ է, մեզ մոտ՝ 132 հզ. դրամ: Ահա և ձեզ բարեկամական միջազգային գին։
Գնորդը Հայաստանում գտնվող ռուսական կազմակերպությունն է: Ես չեմ կարծում, որ այդ գինը լավն է կամ վատը: Գուցե իրոք 180-ով է Ռուսաստանն իր կազմակերպությանը վաճառում, բայց դա ինձ չի հետաքրքում: Ինձ հետաքրքրում է՝ հայ մարդը ինչքանո՞վ է գազ գնում: Իսկ մենք գազ գնում ենք 425 դոլարով: 132 հզ. դրամը դոլարով մոտ 227 դոլար է, դա էլ պետք է բազմապատկես 1.3-ով, քանի որ մեր գազը կալորիականությամբ ցածր է եվրոպականից: Մեր ստանդարտը 7 հզ. կկալ է, եվրոպականը՝ 9100 կկալ: Այսինքն՝ մենք` հայերս, ռուսական գազը գնում ենք 425 դոլարով»,- նշեց Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ եթե գազի մեծածախ գինը 180-ից դառնում է 300, ապա վերջնական գինը կարող է և չփոխվել, որովհետև դա վաղուց արդեն միջազգային գին է. «Իսկ այն, որ մեր նախագահը հայտարարում է, որ լավ կլինի մեզ միջազգային գնով գազ տաք, ես այդ հայտարարությունն անվանում եմ անհեթեթությանը հավասար միտք: Այդ գինը վերաբերում է 2 ռուսական կազմակերպություններին: Ինքն այդտեղ ի՞նչ գործ ունի: Եվ ինքը չգիտի՞, որ մեզ մոտ վաղուց արդեն միջազգային գին է: Եթե չգիտի, ուրեմն այս բացատրությունը հասու չէ նույնիսկ նախագահին կամ վարչապետին: Կամ էլ հասու է, ու լավ էլ լռում են: Անկախ նրանից թանկ է, թե էժան, դա միջազգային գին է, և գազի գին քննարկելու խնդիր չունենք: Եթե «ՀայՌուսգազարդ»-ը հայկական լիներ, քննարկելու խնդիր կունենայինք»:
Комментариев нет:
Отправить комментарий