Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

01.08.2012

Նրանք վախենում են իրենք իրենցից, վախենում են այն հայելուց, որի մեջ իրենց նայում են


Խորհրդային տարիների քաղբանտարկյալ, իրավապաշտպան Վարդան Հարությունյանն օրերս բաց նամակով դիմել էր Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով ազատ արձակել ՀԱԿ-ի ազատազրկված երիտասարդներին: Հարցազրույց իրավապաշտպանի հետ այդ և այլ հարցերի շուրջ:

- Ի՞նչ ակնկալիքներով եք նման նամակ ուղղել Սերժ Սարգսյանին:
- Ես նրան դիմել եմ ոչ որպես Հայաստանի Հանրապետության նախագահի, այլ որպես մարդու, որն ունի լայն հնարավորություններ այս երկրում: Բնականաբար, հույս ունեմ, որ նա կօգտագործի իր հնարավորությունները և անմեղ երիտասարդներին, որոնց կալանավորել են իր հրահանգով, ազատ կարձակի: Ճիշտ է, ես չեմ ուզում միամիտի դեր ստանձնել, բայց կարծում եմ, որ այդ երիտասարդների ճակատագիրը բոլորին պիտի հուզի, իսկ արդեն 50-ն անց տղամարդուն՝ առավել ևս:
- Ինչո՞ւ նախքան երիտասարդների դատավճռի կայացումն ակտիվ պայքար չծավալվեց, չբարձրաձայնվեց խնդրի մասին, որպեսզի կանխարգելվեր այն, ինչ ունենք այսօր:
- Այն ժամանակ էլ էր ակտիվ պայքար, ուղղակի մարդիկ, այդ թվում՝ նաև ես, գիտեինք, որ վրեժխնդրություն, իհարկե, կա, բայց որևէ մեկի մտքով չէր անցնի, որ այս իշխանությունները սահմանը կանցնեին: Օրինակ՝ ես չէի կարծի, որ 6 տարի ազատազրկում կտան ոչինչ չանելու համար կամ միայն վրեժխնդիր լինելու համար: Բնական է, որ այս հրապարակված դատավճիռը պետք է թողներ իր ազդեցությունը և թողեց: Պայքարը եղել է միշտ երիտասարդների ազատ արձակման համար: Բայց անմարդկային ու դաժան դատավճիռը ստիպեց, որպեսզի մարդիկ շատ ավելի ակտիվ գործունեություն ծավալեն:
- Ասում եք՝ անմարդկային և դաժան դատավճիռ: Ձեր կարծիքով` իշխանությունների ինչի՞ն էր պետք այս փուլում ՀԱԿ-ի ակտիվիստների նկատմամբ նման դատավճիռ կայացնելը:
- Ես կարծում եմ, որ գալիք նախագահական ընտրությունների շեմին նրանք փորձում են իրենց մկանները ցույց տալ: Ուզում են ցույց տալ, որ իրենք անվախ են, իրենց դեմ խաղ չկա, որ անելու են այն, ինչ արել են, դեռ ավելին: Դա մկանների ցուցադրում է: Ժամանակ առ ժամանակ նրանք փորձում են ցուցադրել իրենց մկանները, բայց նախագահական ընտրությունների նախաշեմին առավել ևս:
 - Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Տիգրան Առաքելյանը լիարժեք չի ընկալվում որպես քաղբանտարկյալ:
- Տիգրանը քաղբանտարկյալ է, որովհետև նա քաղաքական կազմակերպության համախոհ և անդամ է, ակտիվ քաղաքական գործիչ, որը մշտապես եղել է մեր հանրության ուշադրության կենտրոնում և վերջին 4-5 տարիներին մշտապես ենթարկվել է ոստիկանական բռնություններին: Այն, որ ինչ-որ մարդիկ չեն ցանկանում դա ընկալել, ապա այդ մարդիկ ուղղակի գլուխները մտցնում են ավազի մեջ, որպեսզի չտեսնեն մեր իրականությունը: Նրանք վախենում են մեր իրականությունից, վախենում են իրենք իրենցից, վախենում են այն հայելուց, որի մեջ իրենք իրենց նայում են: Նրանք վախենում են քաղաքական բանտարկյալին բանտում տեսնելուց: Երբ որ նրանք հայտարարեն, որ Տիգրանը քաղաքական բանտարկյալ է, նրանք ստիպված պետք է լինեն պայքարել նրա ազատության համար: Բայց նրանց համար հեշտ է հայտարարել, որ նա քաղբանտարկյալ չէ և գնան իրենց տուն կամ սրճարան, գնան իրենց մի բաժակ գարեջուրը վայելեն: Հայտարարում են՝ քաղաքական բանտարկյալ չէ, և վերջ, իրենք ազատ են արդեն: Իսկ մարդիկ, ովքեր հայտարարում են, որ նա քաղբանտարկյալ է, նրանք պարտավոր են պայքարել Տիգրան Առաքելյանի ազատ արձակման համար:
- Իսկ առաջիկայում ՀԱԿ երիտասարդների ազատ արձակման պահանջով պայքարն ակտիվանալո՞ւ է:
- Ես իմ կողից լինելու եմ բավականին ակտիվ, և այդ բնագավառում ես ունեմ շատ համախոհներ: Մարդիկ արդեն պայքարում են՝ ամեն ուրբաթ ակցիաները դատախազության մոտ վերականգնվել են, իրավապաշտպանները շուտով հայտարարությամբ հանդես կգան, անհատ քաղաքացիներն էլ են պայքարում:

Комментариев нет: