Կանգ մի’ առ, ակնթարթ
Տարափեց անձրեւս: Վերջապես: Սրտիս զարկերը կարգավորվեցին:
Առավոտյան երկինքն ամպամած էր, բայց` տարօրինակ ճեփ-ճերմակ: Թվում էր, պետք է հոգիս փառավորվի այդ ճերմակությունից, բայց` չէ: Ճնշում էր, ոնց էր ճնշում: Անձրեւն սկսվեց, ու հիմա ինձ սիրելի այդ ձայնի տակ գրում եմ` աչքիս պոչով երկնքից թափվող կաթիլներին ու ժամացույցին նայելով:
Տասնյոթ րոպե հետո բոլորդ կհավաքվեք, ու ես նորից այդտեղ չեմ լինի: Մեր մասի՞ն եմ ավելի շատ մտածել այս օրերին, թե՞ նրանց: Նրանց, որ երբեք մեր կողքին չեն կանգնել, երբեք մեզ հետ չեն ապրել ոչ ամենազորության, ոչ էլ` անզորության զգացումները:
Երեւի նրանց մասին ավելի շատ եմ մտածել, որովհետեւ այս տասնօրյակը ապրեցի նրանց նման. կողքից, հեռվից էի նայում, թե ոնց եք պայքարում:
Մնաց տասնմեկ րոպե: Շուտով կհավաքվեք, ու հա’ կհնչի «կարոտել եմ»-ը: Կարոտել եմ: Տեսնես` նրանք ինչ կամ ում են կարոտում: Կամ գուցե` չե՞ն կարոտում: Իրենց ցանկացածն ունե՞ն գուցե: Իրենց ցանկացածը մեր ցանկացածի հետ եզր չունի՞ գուցե: Գուցե կուշտ կերել են ու շոյե՞լ իրենց ստամոքսները, ու որ բխկացել են` հենց այդ բխկոցն իրենց երազանքի սլա՞ցքն է:
Մնաց չորս րոպե: Երեւի արդեն հավաքվել եք, ու լավատեսներն ասում են` էլի կգան, վատատեսներն էլ` էլի էսքա՞նս ենք: Ու հենց հիմա սրտիս զարկերն արագացան. ես այդտեղ չեմ: Ես լավատեսներից եմ ու այդտեղ չեմ: Անձրեւն էլ դադարեց: Եթե այդտեղ անձրեւեր ու այս պահին դադարեր, շատ կուրախանայի, որ չեք թրջվելու: Բայց այստեղ ուզում էի, որ շարունակվեր: Այստեղ պայքարող չկա: Այստեղ ապրում են այնպես, կարծես Հայաստանում չլինեն: Այստեղ հայլուրիկների Հայաստանն է, ու ես էլ` իրենցից մեկը: Եւ այս բոլոր օրերին ինքս ինձ մի քանի անգամ հարց եմ տվել` կկարողանայի՞ շարունակ այսպես ապրել: Պատասխանը սա է` Աստված մի արասցե:
Չորս րոպե անցավ: Սկսե՞լ եք պահանջել, որ Սերժիկը հեռանա: Սկսե՞լ է բազազը քացահարել իր ենթակաների կոճերին, որ հարձակվեն ձեզ վրա: Սկսե՞լ են բազազիկները հայհոյել ձեզ`իրենց անպատիվ կյանքը երկարաձգելու համար: Չգիտեմ, ես այդտեղ չեմ, ու սրտիս զարկերն ավելի են արագանում: Զանգահարում եմ Արային: Չի վերցնում: Ուզում եմ հարցնել` հո այդտեղ անձրեւ չէ՞, հո չե՞ք թրջվում: Չի պատասխանում: Ինքն ուրախ է, որ հիմա այնտեղ չեմ, երեւի միակ մարդն է, որ ուրախ է: Հաստատ ուրախ է. ես իրեն եմ խանգարում այդտեղ, ինքն` ինձ: Ասում եմ` ա’յ տղա ջան, գնա, հա՞, կողքիցս: Չէ` ասում է: Գիտի, որ անկանխատեսելի եմ, թիկնապահի պես կողքս պտտվում է: Հիմա հաստատ ուրախ է, որ այնտեղ չեմ, ինչ ուզենա` կանի: Ոչ ես եմ իրեն խանգարում, ոչ ինքը` ինձ:
Տասներկու րոպե անցավ: Միայն թե Սեդան լաց չլինի: Վերջերս սիրտը շատ է բարակել, իր տզտզանությամբ ինձ տվել-անցել է: Չլացես, Սեդ ջան, հաղթելու ենք: Հիմա Արեգը ծածանում է դրոշը, ու ինձ նման քանի հոգի նայում են նրան ու մտածում` եւ աչքունքն էին արեգակունք: Հիմա մերոնցից ով ում կորցրել է, Սուրոյին է հարցնում` չե՞ս տեսել: Սուրոն բոլորին տեսնում է, գրեթե բոլորից բարձրահասակ է: Հիմա Ծովը իմ ծննդավայրում իր Արտակ-Հովհաննես եղբոր դահիճներին է փնտրում ու փնտրում, մտքում էլ ասում է` Իջեւան, շատ սիրուն ես, բայց ստիպում ես, որ չսիրեմ քեզ: Ու ես երբեք չեմ համարձակվի ասել` չէ, Ծով, սիրիր: Հիմա ինչ-որ մեկը նայեց Հրանտին ու Գայանեին, Տաթեւին ու Արմենին, Սիրիկին ու Սուրիկին ու մտածեց` էս ինչ սիրուն զույգեր են: Հիմա Եվան երեւի էն բառն ասաց բազազներից մեկին ու մտքում էլ ավելացրեց` լավ է, որ էստեղ չի (ինձ նկատի ունի), թե չէ փնթփնթալու էր` մի ասա, էլի~… Սեդան էլ ասելու էր` լավ է անում, որ ասում է, ես է’լ եմ ասում: Չնայած, խոսքը մեր մեջ, վաղուց է արդեն, որ ոչ էլ ասում եմ` մի ասա, Եվա: Հակառակը` մտքումս ես էլ եմ ասում նույնը, ինչ որ` Եվան, ու լավ եմ անում, որ ասում եմ: Քիչ եմ ասում:
Քսան րոպե անցավ: Չգիտեմ` շատ եք, թե քիչ, բայց մեկով հաստատ պակաս եք, ու էդ մեկը ես եմ` տասն օր հայլուրիկների Հայաստանում ապրողս: Էս ի~նչ խղճալի են իրենք, էս ի~նչ դժբախտ են, էս ի~նչ մենակ են, էս ի~նչ տարօրինակ են, ոնց որ այլմոլորակային լինեն: Եթե այլմոլորակայիններն իրենց նման են, ոչ էլ թող գան մեր Երկիր, շատ իզուր էլ այսքան տարի սպասում եմ դրանց: Մենք մեր այլմոլորակայիններից մինչեւ կոկորդներս կուշտ ենք, Եվայի ասածից եղեք:
Քսանյոթ րոպե անցավ: Զանգահարում եմ, էլի չի վերցնում: Չէ, անհանգիստ չեմ, է՞լ ինչ պետք է անեն, որ մինչեւ հիմա չեն արել: Թե անձրե՞ւն ինչի կտրվեց… Արի էլի’, դու էլ հո էս իշխանություններին ծախվածներից չես: Մի թեթեւ կաթկթում է, ասում է` չէ, էդ ինչե՞ր է անցնում մտքովդ, բա անհարմար չէ՞: Անհարմար է, ներող եղիր, Անձրեւ ջան, սիրտս նեղված է, դու էլ ինձ հասկացիր, ընկերներս էնտեղ պայքարում են բութ գործիքների դեմ, ես էստեղ նստած` անձրեւ եմ խաղացնում:
Գնամ պատշգամբ, մի քիչ անտառին նայեմ, գուցե սրտիս զարկերը կարգավորվեն:
Օգնեց:
Քառասունինը րոպե անցավ: Հիմա հաստատ Մարտինն ու Զառան էլ են իմ օրին: Երեւի հեռուներում իրենք էլ են համակարգչի մոտ ծվարել: Բարեւ, Զառա ջան, բարեւ, Մարտին ջան, ձեզ շատ եմ սիրում: Դե հա’, նորություն չեմ ասում: Բոլորիդ էլ սիրում եմ: Մեկիդ` շատ, մեկիդ` ավելի շատ, մեկիդ ավելի շատ-շատ, մեկիդ` շատ-շատ-շատ-շատ…
Հիսունչորս րոպե անցավ: Վերջապես զանգիս պատասխանեց: Հը, ի՞նչ կա: Իջնում ենք Օպերա: Լա՞վ եք: Հա’: Այդտեղ անձրեւ կա՞: Չէ, չկա: Այսքան բան: Դրանից ավելի Արայից ակնկալելն անիմաստ է, բառերն աքցանով եմ բերանից հանում:
Լավ, մինչեւ տեղ հասնեն, ասեմ: Սրանք ի՞նչ են հասկանում իրենց կյանքից: Սրանք գիտե՞ն, թե ինչ է նշանակում պայքարի ընկեր, թե՞ սրանցը միայն սեղանի ընկերն է: Սրանք հասկանու՞մ են, թե մենք ինչի համար ենք մեր կյանքի կեսը փողոցներում անցկացնում` բազազիկների «բարձր հովանու ներքո»: Սրանք անձրեւին նայելիս ի՞նչ են մտածում, ճեփ-ճերմակ երկնքին նայելիս ի՞նչ են տեսնում, անտառի ձայնը երաժշտությու՞ն է թվում իրենց, թե՞ ձանձրալի լռություն: Սրանք էլ են ախր իմ հարազատները, բա ինչու՞ են այսքան օտար, այսքան անհաղորդ, այսքան հեռու: Սրանք Տիգրանին ճանաչու՞մ են: Այն փոքր-մոքր տղային, որ տասը-քսան բտած կարմիրբերետավորների գետնին զարկեց, ու մինչեւ հիմա դրանց խելքը գլուխները չի գալիս, ասում են` Տիգրան, ու դիվոտվում լեղաճաք լինելուց: Սրանք Արտակի, Սարգսի, Դավթի անունները լսած կա՞ն: Գիտե՞ն, որ Հայաստանի փառապանծ ոստիկանության ահուսարսափն են: Գիտե՞ն, որ Տիգրանն էլ է հիմա չորս պատի մեջ նստած լուրի սպասում: Ինձ նման: Մի տարբերությամբ: Ես իմ կամքով եմ չորս պատի մեջ, ինքը` ոչ:
Յոթանասունչորս րոպե անցավ: Զանգահարեցի: Ասի` խիղճ ունե՞ս, զանգիր էլի, տեսնեմ` ինչ եք անում: Ասաց` օօօֆ, տամ Սեդային, ինքն ավելի լավ կասի: Ցավը տանեմ Սեդայի, միանգամից ամեն ինչ տեղը գցեց: Երթով իջնում են Մաշտոցի պողոտայով: Ես Սեդայի ցավը տարա, Սեդան էլ` իմ: Հիմա ժպտում եմ: Ժպտալով եմ գրում: Ուշքս գնում է մեր երթերի համար: Տեսնես` սրանք գիտե՞ն, թե ինչեր են կորցնում, որ մեր կողքին չեն, սրանք գիտե՞ն, որ երթ` նշանակում է. «Ես քեզ սիրում եմ: Ես քո ցավը տանեմ: Կարոտել եմ: Մեռնեմ կյանքիդ: Էս ինչ սիրուն ես: Էս ինչ ջահել ես: Էս ինչ հրաշալի ժողովուրդ ենք մենք: Էս ինչ լավն է իմ երկիրը: Հայաստան, ոնց եմ սիրում քեզ: Հայաստան, գիտե՞ս, որ պատրաստ եմ մեռնել քեզ համար, միայն թե էս արեգակունք աչքունքով տղեկներն ու աղջնակներն իրենց արժանի երկրում ապրեն: Հայաստան, ա’յ հոգուդ մեռնեմ, դու գիտե՞ս, թե ինչ գանձ են էս էրեխեքը…»:
Իննսունչորս րոպե անցավ: Ես լաց եմ լինում… Ժպտալով:
Չհարցնեք: Չեմ ասի` ինչու:
ԼԻԶԱ ՃԱՂԱՐՅԱՆ
.jpg)
Комментариев нет:
Отправить комментарий