Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

27.07.2012

Ժամանակն է, որ վարչապետը հստակ կողմնորոշվի


Հարգարժան Ջեյմս Հակոբյան: Նախ շնորհակալություն բանիմաց եւ փաստարկված վերլուծության համար: Սակայն, քանի որ այս թեման արդեն մի քանի անգամ Lragir.am կայքում քննարկվում է, կփորձեմ, որպես լրացում, ներկայացնել իմ մոտեցումները Հայաստանի առջեւ կանգնած՝ Եվրամիություն, թե՞ Եվրասիական միություն երկընտրանքի կապակցությամբ: 
Դուք Ձեր հոդվածում նշում եք, որ «2011 թվականին Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ վարչապետների հավաքի ժամանակ ԱՊՀ ազատ առեւտրի մասին համաձայնագրի տակ Հայաստանի ստորագրությունը հայտնվելու փաստին Եվրոպան բավական լոյալ վերաբերվեց, չնկատելով հակասություն Հայաստանի եվրաինտեգրման պաշտոնական հռչակագրերի եւ ԱՊՀ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ստորագրելու միջեւ»: Իսկ ինչո՞ւ պետք է լոյալ չվերաբերվեր: Եվրամիությունը շատ ավելի լավ է պատկերացնում, թե ինչ ճակատագրի կարող են արժանանալ այնպիսի համաձայնագրերը, որոնք ստորագրողները, այդ թվում երկրիս վարչապետը, տնտեսական հիմնախնդիրների լուծման հիմքում տեսնում են գլխավորապես քաղաքական շարժառիթներ: Եվրամիությունը կազմավորվել է բացառապես տնտեսական հաշվարկների հիման վրա՝ փոխշահավետ առեւտրային կապերի, մասնագիտացման և կոոպերացման խորացման, միասնական շուկայի ձեւավորման նպատակով: ԱՊՀ-ն եղել եւ մնում է քաղաքական կառույց, տնտեսական միություն դառնալու համար համագործակցության փորձ անող երկրները (տվյալ դեպքում ԱՊՀ) պետք է նախ ամրագրեն ժողովրդավարական արժեքները, ստեղծեն մրցակցային միջավայր, ազատ շուկայական հարաբերություններ: Սրանց բացակայության դեպքում ԱՊՀ ցանկացած նախաձեռնություն կմնա թղթի վրա (այդպիսիք թղթի վրա շատ կան): Ինչ վերաբերում է Եվրասիական մաքսային միության համաձայնագրին չմիանալու վարչապետի բերած փաստարկին, ապա Դուք միանգամայն արդարացի եք: Այո՜, Հայաստանը Եվրամիության հետ էլ ընդհանուր սահման չունի: Այդ սահմանը չկար նաեւ 2011թ. թվականին Սանկտ-Պետերբուրգյան հանդիպման ժամանակ: Ազատ առեւտրի համաձայնագիրն էլ չի կարող իրացվել առանց ԱՊՀ երկրներից որեւէ մեկի հետ ընդհանուր սահմանի: Չգիտե՞ր այդ մասին վարչապետը: Ճիշտն ասած նրա չիմացության հարցը այնքան էլ զարմանալի չէ: Հիմա Եվրամիության մասին: Համաշխարհային տնտեսական ճգնաժամը բավականին լուրջ դաս եղավ Եվրամիության համար: Թե ինչ ծանր տնտեսական իրավիճակ է ձեւավորվել Միության անդամ երկրներից շատերում, դա հայտնի է (Հունաստան, Իսպանիա, Իռլանդիա, Իտալիա): Ավելին, եվրոպական 17 տնտեսագետներ վերջերս հայտարարեցին, որ Եվրոպան աստիճանաբար մոտենում է աննախադեպ մաշստաբների հասնող կրախի: Դրանում ոչ միայն, եւ ոչ այնքան «մեղավոր» է համաշխարհային տնտեսական ճգնաժամը, այլ ավելի շուտ, ինչ-որ մի պահից սկսած, տնտեսական միության նպատակների մեջ քաղաքական, մեղմ ասած, երանգներ ներմուծելը: Արդյունքում միության անդամ դարձան նոր կազմավորվող շուկայական տնտեսություններ ունեցող երկրներ, որոնք Եվրամիության հնաբնակների համար դարձան ծանր բեռ՝ ցանկացած առումով և հատկապես ֆինանսական: Ուստի Հայաստանի, եւ ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի Եվրանիությանն անդամակցությունը հեռավոր ապագայի խնդիր է: Եթե նույնիսկ Եվրոպան ցանկանա Հարավային Կովկասում ամրապնդել իր տնտեսական ազդեցությունը, միեւնույնն է, առանց Միության անդամ երկրներից որեւէ մեկի հետ ընդհանուր սահմանի Հայաստանի անդամակցությունը բացառվում է: Այո՜, Դուք ճիշտ եք, երբ գրում եք. «Եթե Վրաստանը ձգտեր դեպի ԱՊՀ, ապա այդ դեպքում հակասությունը կառաջանար Հայաստանի դեպի Եվրամիություն, ոչ թե Եվրասիական միություն ձգտման առումով»: Վրաստանը, ցավոք սրտի, մեր միակ հարեւանն է, որին մենք կարող ենք ապավինել, իսկ լավ հարեւանը հազար հեռավոր բարեկամ արժե: Ուրեմն, ի՞նչ է պետք անել: Առաջնահերթ ստեղծել երկկողմ՝ հայ-վրացական ինտեգրացիոն խմբավորում՝ ունիֆիկացնելով մաքսային օրենսդրությունն ու մաքսային գործը եւ կնքել մաքսային միության համաձայնագիր: Սրա արդյունքները միանգամից իրենց զգացնել կտան, կազատվենք նաեւ մաքսային կոռուպցիայից: 
Գիտեմ, Ռուսաստանին դա դուր չի գա, բայց իրեն անկախ հռչակած պետությունը պարտավոր է առաջնահերթ բավարարելու ազգային շահը: Պարտավո՞ր ենք մենք հանուն ուրիշի շահի մերը մոռանալ: Երբե՜ք: Ի վերջո դա ազգի գոյատեւման ու արժանապատվության խնդիր է: 

P.S. Ժամանակն է, որ վարչապետը հստակ կողմնորոշվի տնտեսության «գերակա ոլորտների» հարցում: Առանց զարգացած գյուղի եւ գյուղատնտեսության Հայաստանը ապագա չունի: 

Խորին հանգանքներով՝ Զոյա Թադեւոսյան

Комментариев нет: