Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

23.04.2012

Եթե ես գիրք լինեի


Ես գիրք եմ, համենայնդեպս՝ ինձ էդպես են կանչում: Ես ինձ լավ եմ ճանաչում, իսկ մարդիկ զանազան բաներ են հորինում իմ դերը եւ ով լինելը հասկանալու համար: Ես ազգություն չունեմ, բոլորինն եմ, բոլոր ազգերինը, մանավանդ եթե ինձ լավ են գրում, մի ազգից դուրս եմ գալիս ու դառնում բոլորինը: Ես տերեր չունեմ, բայց մարդիկ սիրում են տեր լինել ինձ, ասել, որ ունեն ինձնից էսքան հատ: Լինում է նաեւ, որ մարդիկ իրոք սիրում են ինձ, դրա համար էլ ձեռք են բերում ինձ: Էդ մարդկանց ես էլ եմ սիրում. ինձ չեն մոռանում, հոգ են տանում իմ մասին, կարդում են, ու ես փակ չեմ մնում: Ախր ինձ բացելու համար են գրել. ես բաց եմ, ու զզվում եմ, երբ տարիներով դարակներում են պահում ,վրաս փոշի է նստում, իսկ հյուրերին ասում են՝ տեսե՛ք՝ ինչքան գիրք ունենք: Էդ մարդիկ չգիտեն, որ ես իրենց լսում եմ. էն օրը մեկը շատ վատ էր, ընկերը հարյուր տարի չէր զանգել իրեն, մենակ էր զգում, անտեսված, բայց մտքով չանցավ էլ, որ ես էլ եմ էդ վիճակում, իսկ ընկերը զանգել էր, երբ պետք էր իրեն. էդպես էլ ինքն էր մեկ-մեկ ինձ ցուցադրում մարդկանց:

Ասում են՝ ինձ քիչ են կարդում. չգիտեմ. չեմ կարող ասել: Դե նրանից էլ է, որ ափսոսում են՝ ինձ տպեն: Այ մի լավ տղա կար, էնքան լավ էր գրել ինձ, բայց երկար ժամանակ չէր կարողանում տպել. փող չկար. պետությունն էլ, պարզվեց, գրքի կարիք չունի: Բայց պետությունը էդպիսին լինու՞մ է: Ես լավ պետություններում եղել եմ.էնտեղ էդպես չէր: Կամ ասենք լավ տներում էլ եմ եղել, եւ իմ հանդեպ ուշադրությունը տանտիրոջից էր կախված, ոչ թե տնից, տան առաստաղից: Հմմ, փաստորեն վատ տեղ եմ ընկել: Երեկ իմացա, որ Հայաստանում եմ, մի հայտնի դերասան էլ գրել էր, որ դժոխքից հետո կյանքը Հայաստանում է: Հիմա դժո՞խք եմ ընկել: Բայց պարզվեց՝ էս դժոխքում լուսավոր, պայծառ մարդիկ կան, ինձ էլ սիրում են, մտածում են իմ մասին, բայց դե սիրելը ո՞րն է. կարդում են. թե չէ էն չսիրողներն էլ են ասում, որ սիրում են, դեմքիս ժպտում են, գցում մի կողմ, գնում: Անգամ վրաս ճաշ էլ են եփում, մեկ-մեկ էլ զուգարանի թուղթ եմ դառնում: Ու էս պայմաններում, երբ էսքան ճզմել են ինձ, որոշել են տոն սարքել իմ պատվին: Իրենց մայրաքաղաքը, որ ինձ պես լավ վիճակում չի, հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք: Լավ չտեսնողների, չհավատացողների մի խումբ դժգոհ է իմ ճակատագրի համար. ես էլ եմ դժգոհ:Ուրեմն էս երկրի վերեւների թերուսներով հավաքվել են, օտարերկրացիներին կանչել են ու ասում են՝ տեսե՛ք՝ լավ ենք նայում գրքերին: Ախր դրանք խոսել էլ չգիտեն. էս նախագահ կոչվածը անգամ այբբենարանը կարդալ չսովորեց, տառերը մեկումեջ է կարդում, էն  քաղաքանգլուխն էլ իբր բան կարդաց, գովեց ինձ:  Էն ժամանակներում՝ սրանից մի դար առաջ համարյա, ձեր երկրի ամենալավ պոետն էր գրում ինձ, ու գրեց մի անգամ. « Դեմքե՜րը, ախ. բութ են այնպես, ասես շինված են տապարով»: Դրանց ձեռքով էլ գնաց ինքը: Հիմա էս տապարյա պաշտոնյաները էնտեղ են հասցրել, որ ինձ կարդացողները բարկացել են, ասում են՝ կապ չունենք գրքի հետ.ես էլ կմնամ անկապ:
Բայց ու՞մ եմ պետք ես անկապ. ինձ գրողները էլ չկան կամ էլ նոր են ծնվում, իրենք ինձ գրում էին ու մի քիչ դժվար էին բաժանվում ինձնից, որովհետեւ հենց բաժանվեին, ինչ-որ առումով էլ իրենցը չէի լինի կամ էլ մենակ իրենցը չէի լինի, բայց էդպես էլ երկար չէին դիմանում ու ինձ աշխարհ էին հանում: Դե իհարկե, բաներ կան, որ մենակ ես ու ինձ գրողները գիտենք, ու դա ոչ ոքինը չի դառնում: Ինձ գրողների մի մասը նոր աշխարհ էր ստեղծում ամեն անգամ. հիմա հինը փոխելու հերթը ինձ սիրողներինն է. թե չէ վիրավորված ման եք գալիս, մի բան արեք, ես կօգնեմ ձեզ:

Ռիմա Գրիգոտյան  23.04.2012

Комментариев нет: