Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

24.04.2012

«Մե պուճուր» վրիպակի պատմություն


Մամուլում եւ համացանցում վերջին օրերին ակտիվորեն քննարկվում է, թե «Ժառանգություն» կուսակցությունը որոշ տեղամասային հանձնաժողովներում իր տեղերը «ծախել է»:

Ինչպես հայտնի է` ՀՀ ընտրական օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները հնարավորություն ունեն նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներին: Սակայն, ԿԸՀ պաշտոնական կայքում տեղադրված ցուցակից տեղեկանում ենք, որ մի շարք տեղամասերում «Ժառանգության» ներկայացուցչի անվան դիմաց գրված է` «փոխ.»: Սա նշանակում է, որ կուսակցության համար նախատեսված տեղում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահն այլ կուսակցության ներկայացուցիչ Է նշանակել:
Թե որ կուսակցությունից է այդ նոր ներկայացուցիչը` այնտեղ նշված չէ, չնայած դժվար չէ  կանխատեսել եւ պարզել: Մասնավորապես, «Ժառանգության» ներկայացուցիչը փոխվել է թիվ 8 ընտրատարածքի 23, 27 տեղամասերում, թիվ 10/34 տեղամասում, թիվ 15/20 տեղամասում: Նկատենք, որ հենց թիվ 15 ընտրատարածքում է առաջադրված Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մկրտիչ Սափեյանը, որին սատարելու մասին վերջերս հայտարարել էր «Ժառանգությունը»: Կուսակցության ներկայացուցիչները փոխված են նաեւ թիվ 20 ընտրատարածքի բոլոր 59 տեղամասերում, թիվ 23 ընտրատարածքի 18 տեղամասերում, թիվ 26 ընտրատարածքի 17 տեղամասերում, թիվ 27-ի` 27 տեղամասերում, 28-ի` 23 տեղամասերում, 29-ի` 8, 31-ի` 32 տեղամասերում, 32-ի` 21, 33-ի` 60 տեղամասերում: «Ժառանգությունը» ներկայացուցիչներ չունի թիվ 34, 35, 36, 37, 38, 39, 40 ընտրատարածքների, համապատասխանաբար, 10, 13, 38, 27, 13, 2, 24 տեղամասերում:
Երեկ «Հայացք» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, տեղերը ծախելու վերաբերյալ շրջող կարծիքների կապակցությամբ, մեկնաբանություն խնդրեցինք «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանից: «Այն, որ ես ամեն նման անհիմն կարծիքին պատասխան չեմ տալիս կամ դատի չեմ տալիս, դա չի նշանակում, որ դրանք անհիմն են եւ ստահոդ»,- հայտարարեց նա` հավանաբար հակառակը նկատի ունենալով: Հովհաննիսյանը բացատրեց, թե  «իրականում» ինչ է տեղի ունեցել: «Համակարգչային վրիպման պատճառով ոչ ամբողջական ցուցակ է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, դրա համար մի քանի տասնյակ տեղերում հանձնաժողովների մեր առաջարկած անդամները տեղ չեն գտել վերջնական հաշվարկում, եւ ըստ օրենքի` այդ հանձնաժողովների նախագահները որոշել են, թե ով պետք է մեզ փոխարինի»,- ասաց նա: Խնդրեցինք մանրամասնել, թե կոնկրետ ինչպես է ստացվել այդ վրիպակը, եւ ով է դրա համար մեղավոր: «Մենք մեզ ենք քննադատել, մենք այդ փոքր վրիպումը թույլ ենք տվել, կապ չունի դա տեխնիկական է, թե համակարգչային: Մեղավորը ես եմ»,- պատասխանեց Րաֆֆի Հովհաննիսյանը` փաստորեն հրաժարվելով մանրամասնել, թե ինչ տեխնիկական վրիպակի մասին է խոսքը: Նկատենք, որ ցանկացած տեխնիկական վրիպակ հնարավոր էր ուղղել` հաշվի առնելով, որ դրա համար «Ժառանգությունը» հինգ օր ուներ (ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 42.6. Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 30, եւ ոչ ուշ, քան 25 օր առաջ` մինչեւ ժամը 18:00-ն): Ուստի Րաֆֆի Հովհաննիսյանին հարցրինք, թե ինչո՞ւ չի ուղղվել այդ վրիպակը: «Օրենքի սահմաններում եթե այդ վրիպակը ուղղման ենթակա է, դա կանենք, բայց մենք նաեւ ձեզ տեղյակ կպահենք, որ եթե չուղղվեց, որտե՞ղ «Ժառանգությունը» իր սեփական սխալի բերմամբ չունի սեփական հանձնաժողովի անդամներ»,- ասաց նա: «Վրիպակն» ուղղել «Ժառանգությունը» հիմա, իհարկե, չի կարող: Ըստ Ընտրական օրենսգրքի` եթե տեղամասային ընտրական հանձնաժողովի ձեւավորման համար օրենքով սահմանված ժամկետում որեւէ կուսակցություն անդամ չի նշանակում, ապա հանձնաժողովի թափուր տեղերը նրանց փոխարեն լրացնում է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը:

Սյուզաննա Պողոսյան - 24. 04. 2012

Комментариев нет: