«Դատապարտյալների հիվանդանոցը» դարձել է ՀՀԿ-ի կենտրոնական շտաբը
Արամ Վրեժի Սիմոնյանը Շենգավիթ համայնքի բնակիչ է։ Վերջինս 2008 թվականին դատապարտվել է ազատազրկման։ Նրան մեղադրանք է առաջադրվել ինչ-որ ռեստորանում կրակոցներ արձակելու եւ սպանության փորձի հոդվածներով։ Արամ Սիմոնյանն իր պատիժն է կրում «Կոշ» քրեակատարողական հիմնարկում։
Մինչդեռ, «ՉԻ» տեղեկություններով, սույն անձնավորությունը շուրջ 10 օր առաջ տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ` ժողովրդի լեզվով ասած` Ցեբե։ Մեզ հասած լուրերի համաձայն` Արամ Սիմոնյանը ըմբշամարտիկ է եւ որեւէ առողջական խնդիր, ըստ այդմ` իրավական հիմք չունի «Կոշից» «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխվելու համար։ Սակայն նրան տեղափոխել են, եւ տեղափոխողը նրանից որոշակի ակնկալիքներ ունի։ Արամ Սիմոնյանն ու նրա նմանները հիմա քաղաքական գործոն են դարձել, որովհետեւ նրանք կարող են այս կամ այն թեկնածուի, ինչպես նաեւ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել` նաեւ կալանավայրից համապատասխան աշխատանքներ իրականացնելով։ Այս առումով «Դատապարտյալների հիվանդանոցը» այս օրերին դարձել է ՀՀԿ նախընտրական մինի շտաբը։ Քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող «խարոշիները» աշխատում են ՀՀԿ-ի եւ նրա թեկնածուների համար` փոխարենը ընտրություններից հետո ակնկալելով ազատություն, պատժի կիսում, համաներում կամ էլ խնդրագրով պատժի մեղմացում։
Կոնկրետ Արամ Սիմոնյանն այս ընտրություններում ձայն է ապահովելու թիվ 11 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրված Գրիգորի Մարգարյանի` Բելաջիոյի Գրիշի համար։ Խոսակցություններ կան, որ Արամ Սիմոնյանը խոստացել է 500 ձայն ապահովել Բելաջիոյի Գրիշի համար իր ազատության դիմաց։ Գրիշն էլ խոստացել է, որ ձայները ստանալուն պես ազատելու է Արամ Սիմոնյանին։ Ավելին` նույնիսկ մեխանիզմն է բացատրվել` Սերժ Սարգսյանը համաներում է հայտարարելու հատուկ Արամ Սիմոնյանի համար կամ էլ ներելու է նրան օրինակելի պահվածք դրսեւորելու հիմնավորմամբ։
Արամ Սիմոնյանին ՀՀԿ-ականները փորձել են օգտագործել դեռեւս 2008 թվականի նախագահական ընտրություններին։ Այն ժամանակ նշված անձնավորության գործը դեռեւս նոր էր մտել դատավարական փուլ, եւ նրան ձայն ապահովելու դիմաց «գործ սարքելու» խոստումներ էր տվել Շենգավիթ վարչական տարածքի նախկին թաղապետ, ՀՀԿ-ական Սարգիս Հովհաննիսյանը` Կադիլակ Սերոժը։ Արամ Սիմոնյանը համաձայնել էր աշխատել ՀՀԿ-ի համար` միայն թե իրեն չդատեն։ Սակայն Կադիլակ Սերոժը տեր չկանգնեց իր խոստմանը. Նա այդպես էլ չկարողացավ պատասխանատվությունից ազատել Արամ Սիմոնյանին։
Հիմա ՀՀԿ-ի համար աշխատելու «միջնորդությամբ» է հանդես եկել Բելաջիոյի Գրիշը` ըստ էության նույն խոստումները տալով կալանավորին։ Ընդգծենք, որ Սիմոնյանը հասարակ կալանավոր չէ. «Կոշում» նա ունի «օբշակ» նայողի կարգավիճակ։
Այս պատմության մեջ ուշագրավ մեկ այլ դրվագ էլ կա։ Բելաջիոյի Գրիշը բոլորովին վերջերս դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, եւ թիվ 11 ընտրատարածքում նա համարվում է ԲՀԿ թեկնածուն։ Մինչդեռ Բելաջիոյի Գրիշն այս ընտրատարածքում աշխատում է իր եւ ՀՀԿ-ի համար` բացահայտ քարոզչություն անելով ցուցակով քվեարկել ՀՀԿ-ի օգտին։
Վերադառնալով Արամ Սիմոնյան-Բելաջիոյի Գրիշ սերտ «համագործակցությանը»` ավելացնենք, որ սա միակ դեպքը չէ, երբ կրիմինալը կալանավայրից մասնակցում է ընտրություններին` «քրտնաջան» աշխատելով Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրության համար։ Այս դեպքը եզակի չէ. սա «գործող մոդելի» դրրսեւորումներից մեկն է։ Կրիմինալի այն հատվածը, որն այսօր անազատության մեջ է, կալանավայրից էլ «աշխատում է» ձայն ապահովել ՀՀԿ-ի համար` դրա դիմաց ունենալով հավաստիացումներ, թե ընտրություններին «լավագույն արդյունք ցուցաբերողներն» անպայման հայտնվելու են ազատության մեջ։
Ազատության համար կարելի է եւ պետք է վճարել բարձր գին։ Բայց ինքնափչացման գնով ձեռք բերված ազատությունն ամենեւին էլ կապ չունի ազատություն հասկացության հետ։ Փչացած մարդը երբեք չի կարող ազատություն ունենալ։ Փչացածությունն ու ազատությունը հակադարձ համեմատական երեւույթներ են։
18.04.2012 Անդրանիկ Միքայելյան
Комментариев нет:
Отправить комментарий