Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.04.2012

Կրկնակի հանցագործություն



Չնայած այն բանին, որ վերջին օրերին բացահայտվել է նախադեպը չունեցող ընտրական աֆյորա, ՀՀ իրավապահ մարմինները չեն շտապում քրեական գործ հարուցելու եւ աղմկոտ ձերբակալություններ իրականացնելու հարցում:Խոսքն այն իրողության բացահայտման մասին է, որ բազմաթիվ, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, հարյուր հազարավոր ջավախահայեր ապօրինաբար ընդգրկվում են ՀՀ ընտրացուցակներում եւ ապօրինաբար քվեարկում Հայաստանի համապետական ընտրություններում: Այս գործընթացին, մեծ հավանականությամբ, աջակցում է «Ջավախք» հայրենակցական միությունը, որը Հայաստանի հանրապետական կուսակցության արբանյակներից է: Ջավախահայերի ներգրավումն ընտրացուցակներում իրականացնում է ՀՀ ոստիկանությունը, ինչպես ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանն էր խոստովանել շաբաթ օրը մեր թերթին տված հարցազրույցում` ՀՀ կառավարության հրահանգով: Նա, ըստ էության, խոստովանել էր նաեւ, որ այդպիսով իրենք եւ ՀՀ կառավարությունը ջավախահայերի արտագաղթ են կազմակերպում դեպի Ռուսաստան:

Այսինքն, Հայաստանի գործող վարչախումբն իրեն ենթակա խմբավորումների միջոցով հետեւողականորեն հայաթափում է Ջավախքը: Երեկ մեր թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է նաեւ ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ, Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ներկայացուցիչ, Երեւանի թիվ 2 ԸՏ-ում պատգամավորի թեկնածու Վլադիմիր Կարապետյանը: «Նա (Շիրակ Թորոսյանը-խմբ.) հաստատել է, որ Հայաստանի իշխանությունները իրականացնում են Ջավախքի հայաթափման ծրագիր: Այլ կերպ չի կարելի մեկնաբանել այն պարտադրանքը, որի համաձայն` ջավախահայերը հաշվառում են ստանում Հայաստանում»,- ասել է Կարապետյանը: Ըստ նրա, այդպիսով, նախ հարվածի տակ է դրվում Վրաստանում հայերի քաղաքացիության եւ ունեցվածքի հարցը, մյուս կողմից` նրանց ներքաշում են ապօրինի գործողությունների մեջ: «Մենք ինքներս բոլոր հնարավոր միջոցներով հետամուտ ենք լինելու, որպեսզի այս աղաղակող ապօրինությունը հայտնվի ոչ միայն միջազգային դիտորդների, այլեւ տարածաշրջանային կայունությամբ եւ անվտանգությամբ մտահոգ միջազգային բոլոր կազմակերպությունների ուշադրության կենտրոնում»,- վստահեցրել է Կարապետյանը: Տվյալ պահին, սակայն, առավել հրատապ է հետեւյալ հարցը. Վրաստանի քանի՞ հազար քաղաքացի է ապօրինի կերպով ընդգրկված Հայաստանի ընտրացուցակներում: Շիրակ Թորոսյանը մեր թղթակցի հետ զրույցում ակնարկել է 20-30 հազարի մասին: Իրական թվերը, սակայն, անհամեմատ մեծ են: Խնդիրն այն է, որ ՀՀ ոստիկանությունը նախորդ շաբաթ բարձրացած աղմուկից հետո` նախօրեին ընտրացուցակներից հանել է Երեւանի Գ. Նժդեհի 35 շենքի 11-րդ տանը հաշվառված հարյուր ջավախահայերի անունները ու սրանով հարցը ուզում է համարել փակված: Եւ եթե առաջիկայում ՀՀ իշխանությունները տեսանելիորեն չբեռնաթափեն ընտրացուցակները, կարող ենք արձանագրել, որ հենց նրանց հովանավորությամբ գործում է մի մեծ հանցավոր իշխանական խումբ` ընտրությունների իրական արդյունքները կեղծելու նպատակով:
նկարում` հանրապետական երիտասարդները 2009թ. նոյեմբերի 25-ին Երեւանում ցույց են կազմակերպել Վրաստանի իշխանություններին մեղադրելով ջավախահայության սպիտակ եղեռն իրականացնելու համար:
«ՀԺ»

Комментариев нет: