Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.04.2012

Երկի՞ր, թե` փող ու աթոռ

Մանվելը քանդում է «Երկրապահը»

Հեղինակ՝ Արզօ


Երեկ «Երկրապահի» 70 անդամներ իրենց ստորագրությամբ նամակ են հրապարակել` ուղղված ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին եւ հայտարարել «Երկրապահից» դուրս գալու մասին:

«Ելնելով Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին առկա քաղաքական լարվածությունից, խորհուրդ ենք տալիս մեզ չներքաշել խարդավանքների եւ դավադրությունների գործընթացի մեջ: Մենք հավատարիմ ենք մեր սկզբունքներին եւ արդեն իսկ 12 տարի է չենք զբաղվում քաղաքականությամբ, չնայած բոլոր ընտրություններից հետո ստիպված ենք լինում դիմակայել տարաբնույթ խարդավանքների եւ դավադրությունների հետեւանքների վերացմանը: Այսօր իրականացվող կադրային քաղաքականության արդյունքում ԵԿՄ-ին անդամագրվում են անհատներ, որոնք ոչ մի կապ չունեն մեր` Երկրապահների անցած ուղու հետ, ավելին, բացի քաղաքական խարդավանքներից եւ դավադրություններից, սեփական կազմակերպություններին եւ սկզբունքներին դավաճանելուց, մեր երկիրը առեւտրային սեղանիկ տեսնելուց, մեզ փնովելուց եւ վարկաբեկելուց, իրենց մարտական հեքիաթասաց ուղին պատմելուց, վերջին 15 տարում ոչնչով չեն զբաղվել:
Ելնելով վերոնշյալից, լինելով առավել քան իրատեսական, ցանկություն չունենալով որեւէ կերպ օժանդակել ԵԿՄ-ի պառակտմանը կամ հզորության կորստին, հոգու խորքում մնալով երկրապահ, ցավով պետք է նշենք, որ ստիպված ենք կասեցնել մեր անդամությունը ԵԿՄ շարքերին, մինչեւ առաջացած խնդրի արդարացի, երկրապահին հարիր լուծում ստանալը»,- մասնավորապես ասված է հայտարարության մեջ, որտեղ նաեւ մանրակրկիտ հիշեցվում է, թե որն է իսկական երկրապահի կոչումը: Նամակի տակ ստորագրած 70 ազատամարտիկները ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքից են, որը, ըստ էության, փլուզվել է, եւ որը, արդեն մի քանի օր է, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը փորձում է վերակենդանացնել: Երեկ ԵԿՄ լրատվության եւ քարոզչության բաժնից մեզ ասացին, թե իրենք արդեն Կենտրոնի բաժանմունքից 26 հոգու, այդ թվում` կառույցի ղեկավար Էդվարդ Գյումրյանին եւ նրա հորը` Արտաշես Գյումրյանին, որը նույն կառույցի ղեկավարն էր մինչ որդու պաշտոնավարումը, հեռացրել են իրենց դիմումի համաձայն: Մեր հարցին, թե որն է այդ բաժանմունքի շուրջ ստեղծված աղմուկի պատճառը, ԵԿՄ-ից ասացին, թե կառույցը լավ չի աշխատել: ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանիհետ զրուցել չհաջողվեց: Մեզ նրա աշխատասենյակ չթողեցին էլ մտնել, փոխարենը խոստացան, որ այսօր ինչ-որ փաստաթղթեր կտրամադրեն, ըստ որի` Կենտրոն կառույցի ղեկավարը չարաշահումներ է թույլ տվել, նաեւ հավելեցին, թե դուրս եկածների փոխարեն` ավելի շատ մարդիկ են անդամագրվել սույն կառույցին: Երեկ մենք զրուցեցինք ԵԿՄ Կենտրոնի կառույցի նախկին ղեկավար Արտաշես Գյումրյանի հետ: Երբ հարցրինք, թե որն է ԵԿՄ-ն լքելու իրական պատճառը` նշելով, որ ԵԿՄ-ից պնդում են, թե իրենց ղեկավարած կառույցը լավ չի աշխատել, Գյումրյանը պատասխանեց. «Այնտեղ կան հարցեր, մեծ հարցեր են` Մանվել Գրիգորյանի հետ կապված: Անձնական հարց է` դա էլ ասեմ, թող բոլորն իմանան: Ես այսքան ժամանակ ձայն չեմ հանել, հիմա ասում եմ, որ անձնական հարցեր են: Իմ կառույցի տղաներն էլ, ամեն ինչ իմանալով, տեղյակ լինելով այդ խնդրից, ինձ հետ դուրս են գալիս, որովհետեւ հիմնականում իմ ջոկատի տղաներն են: Այդ 70 հոգին, որ ստորագրել են, մի քանիսին արդեն կանչեն են, նեղացրել են, վախեցրել են, մի քանիսն իրենց ստորագրությունները հետ են վերցրել, բայց 60-65 հոգի ինձ հետ մարդ կա: Նրանք ճիշտը գիտեն, թե ինչ է կատարվել»: Այն, որ ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքում ինչ-որ խնդիրներ կան, մենք արդեն տեղեկացրել ենք: Ժամանակին անգամ խոսակցություններ կային, թե այդ կառույցի ղեկավար է նշանակվելու Արարատ Զուրաբյանը: Սույն լուրերը, սակայն, պաշտոնապես հերքվում էին: Իսկ բոլորովին վերջերս, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն իրենց համագումարում հայտարարեց, թե «Երկրապահը» սատարելու է Սերժ Սարգսյանին, իսկ ավելի ուշ հայտնվեց ՀՀԿ համամասնական ցուցակի 15-րդ հորիզոնականում, լուրեր տարածվեցին, թե ԵԿՄ Կենտրոնի բաժանմունքի այդ 70 հոգին հենց դրա պատճառով են լքում կառույցը: Արտաշես Գյումրյանը, սակայն, երեկ պնդում էր, թե խնդիրն ամենեւին էլ քաղաքականության հետ կապ չունի, պարզապես իր որդին «Փարիզյան սուրճի» համասեփականատերն է եղել Աշխեն Գործունյանի հետ, իսկ Մանվել Գրիգորյանը նրան կանչել եւ ստիպել է, որ հրաժարվի «Փարիզյանում» իր 30 տոկոս մասնաբաժնից: Գյումրյանը համառորեն չցանկացավ փակագծեր բացել, ընդամենը հայտարարեց. «Հիմա թեթեւ ասեցի: Ես հետո եմ ասելու, շատ բեսամթ եմ ասելու, շատ բաներ եմ ասելու ընտրություններից առաջ: Ես գիտեմ` ժամանակը երբ է, իրենք ուղղակի իմ ներվերի հետ են խաղում: 20 տարվա ԵԿՄ անդամին 10 օրվա ընդունված լակոտը գալիս է, ժողով է անում, ուզում է հեռացնի: Այնտեղ էլ երկրապահ չկա, որ ես իրենց հետ նստեմ, քայլեմ կամ պատերազմի գնամ` սկսած Մանվել Գրիգորյանից ու մնացածներից: Չկա, որովհետեւ երկրապահ չեն իրենք, իրենք արդեն դարձել են աթոռապաշտներ, փող են պաշտում, իրենք որ քնում են` փող են տեսնում, զարթնում են` աթոռ են տեսնում»:

Արտաշես Գյումրյանը շատ կոշտ արտահայտություններ արեց Արարատ Զուրաբյանի հասցեին, նույնկերպ արտահայտվեց ԵԿՄ Կենտրոնի կառույցի ղեկավար  Ռոբերտ Նազարեթյանի մասին, բայց էլի փակագծեր չբացեց: «Ես մինչեւ հիմա չեմ խառնվել ոչ մի բանի, բայց հիմա կամաց-կամաց կսկսեմ խառնվել: Ինչի՞ց եք տեղյակ` ինչպես են կատարվել, ոնց են իրար կերել, անունը դրել են քաղաքական, բայց տղերքին մեկը մեկին ինչ վատություն ասես` արել են: Երբ «Ոգու փորձություն» էին ստեղծում Հակոբը, Սասունը եւ մի քանիսը, ես 10 օրից ավել իրենց հետ վիճաբանել եմ, որ դուրս չգան «Երկրապահից», որ «Երկրապահը» չքանդեն, բայց ես հիմա նոր եմ հասկացել, որ իրենք ճիշտ էին: «Երկրապահը» քանդողը Մանվել Գրիգորյանն է: Ես չէի ուզում, որ ԵԿՄ-ն քանդվեր, բայց հիմա ի՞նչ «Երկրապահ»,«Երկրապահ» չկա: Երկիր էլ չունենք արդեն»,- հայտարարեց նա:

Մնում է սպասել, թե ինչ բացահայտումներ է առաջիկայում անելու Արտաշես Գյումրյանը:

Լուսինե Բարսեղյան - 04. 04. 2012

Комментариев нет: