ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը մարտի 31-ին բավական երկար ժամանակով եղել է նախագահական նստավայրում:
Այցելությունը գաղտնի բնույթ է կրել, քանի որ ԿԸՀ-ն դրա վերաբերյալ հաղորդագրություն չի տարածել: Նախագահական նստավայրից նույնպես ԿԸՀ նախագահի այցի վերաբերյալ հաղորդագրություն չի տարածվել: Ինքը՝ Մուկուչյանն էլ, առանձնապես հակված չէ այդ մասին խոսել: Երբ կիրակի օրը հետաքրքրվեցի, թե ո՞րն է եղել նախագահական այցելելու առիթը եւ նպատակը, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ պատասխանում ընդհանրապես, որովհետեւ կոռեկտ չեմ համարում ցանկացած նման հարց տալը»:
Որոշ ժամանակ անց Մուկուչյանը փոխեց իր որոշումը եւ մեզ առաջարկեց չօգտագործել մեկնաբանելուց հրաժարվելու իր պատասխանը` համաձայնելով խնդրի վերաբերյալ մեկնաբանություններ տալ: Երեկ, ըստ պայմանավորվածության, Մուկուչյանին կրկին ուղղեցի նույն հարցը: «Ընտրությունների նախապատրաստումը եւ կազմակերպումը համապետական միջոցառում է, որտեղ ինչպես ԿԸՀ-ն, այնպես էլ` պետական տարբեր մարմիններ, ունեն օրենքով սահմանված գործառույթներ: Հետեւաբար, պետական մարմինների հետ տարբեր խնդիրների քննարկումը, որոնք վերաբերվում են ընտրությունների պատշաճ կազմակերպմանը, արտառոց երեւույթ չեն եւ օրինախախտում որակվել չեն կարող»,- ասաց ԿԸՀ նախագահը:
ՀՀ ընտրական օրենսգրքով ԿԸՀ-ն որեւէ պետական մարմնի, այդ թվում` նախագահականին կամ կառավարությանը ենթակա չէ: ԸՕ-ում չկա որեւէ դրույթ, որը ԿԸՀ նախագահին լիազորում է նախագահականում իր գործունեության կանոնները քննարկել, չկա ոչ մի դրույթ, որը նախագահականում գտնվող պաշտոնյաներին` Սերժ Սարգսյանից սկսած, իրավունք է տալիս ԿԸՀ նախագահին ցուցումներ տալ:
Ավելին, ԿԸՀ որոշումները ենթակա են կատարման պետական բոլոր մարմինների կողմից: Տիգրան Մուկուչյանից հետաքրքրվեցի, թե ի՞նչ հարց է ինքը Սերժ Սարգսյանի հետ քննարկել, եթե օրենքը ոչ նրան եւ ոչ էլ իրեն` նման ֆորմատով, փակ դռների ետեւում ԿԸՀ գործունեության հետ կապված որեւէ հարց քննարկելու լիազորություն չի տալիս: «Ես նախ չասացի, որ նախագահի հետ եմ հանդիպել: Ես հարցի պատասխանն առավել քան լիարժեք տվեցի եւ չեմ պատրաստվում որեւէ կերպ լրացուցիչ պատասխան ավելացնել»,- պատասխանեց ԿԸՀ նախագահը, հրաժարվելով խնդրի առնչությամբ այլ հարցերի պատասխանելուց:
Փաստը, որ Մուկուչյանը փորձում է արդարանալ, թե իբր իր այցը չի կարող որպես օրինախախտում դիտվել, արդեն իսկ վկայում է, որ ինքն էլ է շատ լավ գիտակցում իր գործողությունների կասկածելի լինելը: Պատահական չէ նաեւ նախագահականում հենց Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու փաստը ընդունելուց հրաժարվելը:
Սերժ Սարգսյանը, որն զբաղեցնում է նախագահի պաշտոնը, ՀՀԿ նախագահն է եւ գլխավորում է այդ կուսակցության համամասնական ցուցակը: Բանն այն է, որ հաջորդ հարցը, որը չկարողացա հնչեցնել, քանի որ ԿԸՀ նախագահը արդեն հրաժարվել էր մեր հարցերին պատասխանելուց, այն էր, թե արդյոք Տիգրան Մուկուչյանը չի՞ պատրաստվում համամասնական ընտրակարգով գրանցված մյուս քաղաքական ուժերի առաջին դեմքերի հետ էլ հանդիպում խնդրել եւ նրանց հետ քննարկել բոլոր այն հարցերը, որոնք եղել են իր եւ Սերժ Սարգսյանի զրույցի առարկան: Սա միակ տարբերակն է, որի դեպքում ընտրություններում գրանցված քաղաքական ուժերի միջեւ հավասարությունը գոնե ֆորմալ տեսանկյունից կարող է պահպանվել:
Բայց քանի որ Մուկուչյանը չի հաստատում, որ ինքը նախագահականում Սերժ Սարգսյանի հետ է հանդիպել, ուստի նախ պետք է պարզաբանի, թե կոնկրետ ում հետ է եղել հանդիպումը, ապա եւ` փորձի մյուս կուսակցությունների առաջին դեմքերի աշխատավայրերում էլ համարժեք հանդիպումներ կազմակերպել:
Մասնավորապես, եթե Տիգրան Մուկուչյանը կոնկրետացնի, թե նախագահականում ում հետ է հանդիպել, պարզ կդառնա, թե նա Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակի ո՞ր աշխատակցից պետք է հանդիպում խնդրի: Այդպես նաեւ` ՕԵԿ նախագահ, ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի աշխատակազմում, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» կուսակցությունների խորհրդարանական խմբակցություններում եւ այսպես շարունակ: Հակառակ դեպքում` մի օր պարզվելու է, որ Տիգրան Մուկուչյանը պարբերաբար այցելում է Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբ եւ տեղում քննարկում, թե ինչպես եւ քանի տոկոս է հնարավոր մայիսի 6-ին այդ կուսակցության օգտին գրել: Ի դեպ, Մուկուչյանի այցը նախագահական տեղի է ունեցել համամասնական ցուցակների գրանցման նախորդ օրը: Ենթադրվում է, որ ԿԸՀ նախագահը վերջին հրահանգներն է ստացել շեֆից:
Комментариев нет:
Отправить комментарий