Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

01.03.2012

Մի այլ ձեւի հավատում ենք


Զգուշացե՛ք ՀՀԿ ծրագրից

Հեղինակ՝ Արզօ
Երեկ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը գնացել է Կոտայքի մարզ եւ սպառնացել, որ ՀՀԿ նախընտրական ծրագրով փոփոխություններ են նախատեսվելու:
«Հիմնական թեզը, որ առաջ ենք քաշելու նախընտրական ծրագրում, դա փոփոխություններն են: Փոփոխություններ, որոնք իրենց վրա կզգան մեր քաղաքացիները»,- ասել է վարչապետը: Քանի որ սա ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրն է, ապա այլ կերպ, քան սպառնալիք` չի կարելի դիտարկել: Այս պնդման մեջ չափազանցություն չկա: Վերջին 4 տարիներին ՀՀԿ-ի եւ նրա ձեւավորած կառավարության գործունեության շնորհիվ «մեր քաղաքացիները» իրոք իրենց վրա զգացել են փոփոխություններ: Ու այդ փոփոխությունները շա՛տ, ահավոր վատն են: Ասվածը կարող ենք ապացուցել պաշտոնական ցուցանիշներով, եւ դա ամենեւին էլ դժվար չէ: Դրա համար պետք է ընդամենը նայել Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության 2008-2012թթ. ծրագրի դրույթները եւ դրանց իրական հետեւանքները:
Սկսենք ամենագլխավորից` աղքատությունից: Եթե ըստ պաշտոնական վիճակագրության` 2008-ին աղքատ էր բնակչության 27.6%-ը, ապա կառավարության ծրագրի իրականացման արդյունքում 2010-ին արդեն աղքատ էր բնակչության 35.8%-ը:
Այսինքն, 2008-ին, երբ դեռ նոր էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը սկսել իրականացնել իր ծրագիրը, ՀՀ-ում աղքատ էր 828 հազար մարդ, իսկ 2010-ին` արդեն 1 միլիոն 75 հազար: Այսինքն, ավելի քան 200 հազար մարդ իր վրա զգացել է Տ. Սարգսյանի փոփոխությունների խոստման արդյունքը: Տեսնո՞ւմ եք, որ վարչապետի` «փոփոխություններ, որոնք իրենց վրա կզգան մեր քաղաքացիները» խոստումը իսկական սպառնալիք է: Կառավարության 2008-ին ընդունած ծրագրով` ՀՀ-ում տարեկան պետք է արձանագրվեր 8-10% ՀՆԱ-ի աճ: Եւ ի՞նչ ստացվեց: Հենց այդ 2008-ին արձանագրվեց 6.8% աճ, 2009-ին ՀՆԱ-ն նվազեց 14.4%-ով, 2010-ին` աճեց ընդամենը 2.6%-ով, 2011-ինը դեռ հաշվարկված չէ, բայց հաստատ նույնիսկ 5% չի կազմում: Եւ ուրեմն` 8-10% ՀՆԱ աճն էլ իրականություն չի դարձել: Հիմա կասեք` ճգնաժամ էր: Վարչապետն էլ է երեկ ասել, թե ՀՀ տնտեսության վրա բացասական է ազդել համաշխարհային ճգնաժամը: Նախ, 2008-ին հենց ինքը` Տիգրան Սարգսյանը, չէր ընդունում, որ ճգնաժամը ՀՀ-ի վրա կազդի: 2009-ին ասենք` լավ, ճգնաժամ էր: Բա 2010-ի՞ն, բա 2011-ի՞ն: 2009-ի 14.4% անկումից հետո 10-15% աճ ապահովելը ամենեւին էլ բարդ խնդիր չէր: Եւ հետո` աղքատությունը 27.6%-ից հասավ 35.8%-ի այն դեպքում, երբ ՀՀ արտաքին պարտքը եռապատկվեց: Եթե այդքան պարտք վերցրինք ու «լցրինք» տնտեսության մեջ, ապա աղքատությունը չպետք է խորանար: Եթե խորանալու էր, ապա էլ ինչո՞ւ պարտք վերցրինք ու դրեցինք մեր հետագա սերունդների վզին: Երեկ վարչապետը ասել է նաեւ, որ մեր տնտեսության վրա բացասաբար է ազդել ռուս-վրացական պատերազմը: Հետաքրքիր «կռուտիտ» է: Տարեկան մոտ կես մլն հայաստանցի գնում է Վրաստան եւ համոզվում, որ այդ 10-15 օր տեւած պատերազմը հենց Վրաստանի տնտեսության վրա վատ չի ազդել: Ո՞նց ստացվեց, որ պատերազմող կողմերից մեկի տնտեսությունը չի տուժել, իսկ երրորդ կողմ Հայաստանինը տուժել է: Հաջորդ մարզ այցելելիս վարչապետը երեւի պետք է գտնի պատճառներ 2010-ի եւ 2011-ի տապալումների համար: Որպես անվճար խորհուրդ` կարծեմ 2010-ին Իսլանդիայում հրաբուխ ժայթքեց, իսկ 2011-ին` կարծեմ Ֆուկուսիմայի ցունամին էր:
Լավ, կառավարության ծրագիրը վերընթերցել ենք, էլի մի հետաքրքիր մեջբերում անենք: «Որպես քաղաքաշինության կարեւորագույն սկզբունք` որդեգրվում է «կանաչ քաղաքաշինությունը»,- խոստանում էր կառավարությունը դեռ 2008-ին: Հիմա կասեք` այս 4 տարիներին Երեւանը ավելի ծառազրկվեց ու բետոնապատվեց... Բայց մի շտապեք, պարզապես սխալ եք հասկանում «կանաչ քաղաքաշինություն» արտահայտությունը: «Կանաչը» ամենեւին էլ չի զուգահեռվում ծառութփի հետ: Դա կարող է նշանակել, որ պետք է պարզապես շենքերը կանաչ ներկել: Երեւանի կենտրոնում ներկեցին, բայց կանաչ գույնի փոխարեն օգտագործեցին վարդագույն, դեղին, երկնագույն... Շեղումը մեծ չէ: «Կանաչ քաղաքաշինությունը» կարող է նաեւ կապված լինել դոլարի գույնի հետ: Այս դեպքում պետք է նկատել, որ մեզանում քաղաքաշինությունը իրոք կանաչ է` շատ մուգ կանաչ:
Բայց ամենաուշագրավն այն է, որ այսպիսի գործունեություն ծավալելուց հետո ՀՀԿ-ն բոլորիս ուզում է համոզել, որ ՀՀ բնակչությունը ահավոր սիրում է իրեն, եւ առիթ է ման գալիս, որ արդար ու թափանցիկ ընտրություններով մի 50-60% ձայն տա ՀՀԿ-ին: Մի ուրիշ ձեւի հավատում ենք:

Комментариев нет: