Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

02.03.2012

Վախն ու պոպուլիզմը գիրկընդխառն: Էսպես մինչեւ ու՞ր


Անցած հինգշաբթի կառավարությունն իր հերթական նիստում ընդունեց ՀՀ մի քանի օրենքներում փոփոխությունների նախագիծ, որի նպատակը հարկային համաներումն էր:

Այսինքն, կառավարությունը մշակել էր «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին» եւ «Գույքահարկի մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման պարագայում բոլոր այն անձինք, որոնք 2009-2010 թվականներին չէին վճարել հողի հարկ եւ գույքահարկ, ստանում էին չվճարված գումարը այլեւս երբեք չվճարելու հնարավորություն: Իսկ չվճարվելիք ընդհանուր գումարը կազմում էր ավելի քան 40 միլիարդ դրամ: Ակնհայտ է, որ ընդգծված պոպուլիստական այս նախաձեռնությունն ունի զուտ նախընտրական բնույթ, եւ դրանով էր պայմանավորված, որ նախագիծը շտապ կարգով ուղարկվեց Ազգային ժողով: Ստացվում էր այնպես, որ բոլորն, ովքեր պարտաճանաչորեն վճարել էին հարկերը, հայտնվում էին մի տեսակ միամիտի կարգավիճակում:
Սա նկատել էին նույնիսկ լրագրողները: Բայց դա ընկալելու համար կառավարությանը պահանջվեց մի ամբողջ շաբաթ: Կառավարության երեկվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նկատեց, թե յուրաքանչյուր համաներում առաջին հերթին հարվածում է պարտաճանաչ հարկատուներին: «ԱԺ-ում առաջարկվող փոփոխություններն էապես մեղմացնում են այդ խնդիրը: Իսկապես, մնում են այն խմբերը, որոնք փոքր պարտավորություններ ունեն, եւ դրանք օբյեկտիվ պատճառներով են ձեւավորվել»,- ասաց վարչապետը: Թե Ազգային ժողովում քննարկումների արդյունքում կառավարության մշակած այս նախընտրական նախագիծը կյանքում ինչպես կկիրառվի, կերեւա առաջիկայում, բայց ամբողջ խնդիրն այն է, որ նախագիծը հայլուրիկների «թոփ» լուրերում էր իր նախկին տեսքով, երբ համաներվում էին բոլոր պարտք ունեցողները: Հիմա, ինչպես ասում է վարչապետը, «խնդիրը մեղմվել է», համաներումը կիրառվելու է այն խմբերի վրա, «որոնք փոքր պարտավորություններ ունեն, եւ դրանք օբյեկտիվ պատճառներով են ձեւավորվել»: Իհարկե, սա թեկուզեւ սկզբունքային, այնուամենայնիվ փոքր խնդիր է: Բայց կարեւորն այն է, որ այս նախընտրական ժամանակահատվածում, ինչպես ցույց է տալիս այս նախագծի պատմությունը, կառավարությունը, ընկնելով պոպուլիզմի ետեւից, կարող է անվերահսկելի դառնալ ու այնպիսի որոշումներ ընդունել, որոնք ճակատագրական կդառնան: Մինչեւ ընտրություններ դեռ երկու ամիս կա, ու դժվար է պատկերացնել, թե կառավարությունը մասնավորապես ու ՀՀԿ-ն ընդհանրապես մինչեւ ուր կարող են հասնել: «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի ընդունումը, որը, ի հեճուկս ՀՀ Սահմանադրության, թույլ է տալիս բանակն օգտագործել ներքաղաքական խնդիրներ լուծելու համար, ցույց է տալիս, որ գործող իշխանությանը վախը կարող է շատ հեռուն տանել: Իշխանությանը նույնքան հեռու կարող է տանել պոպուլիզմը, եւ դրա վառ ապացույցը հենց հարկային համաներման մասին նախագիծն է: Դրա մեկ այլ ապացույց էլ տարվա սկզբին կառավարության ընդունած այն որոշումն է, որով մասնակիորեն սուբսիդավորվելու է գյուղացիներին վաճառվելիք դիզվառելիքի գինը: Ըստ այդմ, գյուղացիները տեսականորեն պետք է կարողանան 450 դրամանոց դիզվառելիքը գնել 350 դրամով: Սա` տեսականորեն: Սա, բացի պոպուլիստական քայլ լինելուց, գործնականում ապահովելու է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ընկերը` «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ՀՀ պետական բյուջեից մի քանի միլիոն դոլար ստանա: Էլի նման մի որոշում եղել է պարարտանյութի գնի մասնակի սուբսիդավորման համար: Նորմալ իրավիճակներում նույնիսկ ՀՀԿ-ական վախեցած իշխանությունը չէր կարող նման աբսուրդ որոշումներ ընդունել:
Օրեցօր վախն ու պոպուլիզմը կառավարությանը դրդելու են նորանոր նմանատիպ որոշումներ կայացնել:

Հայկ Գեւորգյան - 02. 03. 2012

Комментариев нет: