Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

01.03.2012

Լիբերտանգո

Այսօր Մարտի 1-ն է: Գրեցի` հետո տեսա, որ Մարտի 1-ը մեծատառ եմ գրել: Սա ինձ համար ռեֆլեքս է դարձել, կամ էլ` իրականության որոշակի ընկալում. Մարտի 1-ը գրել մեծատառ: Ժամանակ առ ժամանակ ինձ հիշում եմ այն պահին, երբ կոնսպիրատիվ ճանապարհներով եկա հասա «Կոնգրես» հյուրանոցի մոտ:


Մյասնիկյանի արձանի կողմը հայացք նետելով` այնտեղ շանս տեսա, պատմական հնարավորություն` հիմա եւ անդառնալիորեն փոխել Հայաստանը, դարձնել իրավատեր քաղաքացիների երկիր: Հարց` օգտագործվե՞ց այդ շանսը, թե` ոչ: Եւ բացառի՞կ էր այդ շանսը, թե` ոչ: Հասկանալի է, որ չօգտագործվեց, բայց Մարտի 1-ի նրբությունն այն է, որ այդ շանսը չսպառվեց այդ օրվա մեջ: Մարտի 1-ը մեծատառ եմ գրում, որովհետեւ հասկանում եմ, որ Մարտի 1-ով ինչ-որ բան ոչ թե ավարտվել է, այլ սկսվել: Շարադրության ոճով ասած` այդ օրը ոչ թե վերջակետ դրվեց, այլ կախման կետեր: Ի՞նչ է սա նշանակում եւ ինչու՞:
Սա նշանակում է, որ բաղձալի փոփոխությունների դռնից չկարողացանք ներս մտնել, բայցեւ կարողացանք այնպես անել, որ այդ դուռը չփակվի: Եւ սա տեղի ունեցավ մի պարզ թվացող գործողության արդյունքում. առավոտյան ցույցը ցրեցին, բայց մի քանի ժամ անց` նորից հավաքվեց: Հարձակվեցին` պաշտպանվեց: Կրակեցին` ընդվզեց: Ուզում եմ հիշեցնել, որ Մարտի 1-ի ցույցը, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքված ցույցը ոչ ոք չի ցրել, Ռոբիկի ձեռքերը չեն հասել այդ ցույցին, այդ ցույցը պաշտպանել է ինքն իրեն, այդ ցույցը կանգնել է մինչեւ վերջ…
Չեմ ուզում ասել, ոչ էլ ուզում եմ մտածեք, որ Մարտի 1-ը բարոյական հաղթանակ էր: Մարտի 1-ին անզեն քաղաքացիների մեր բանակը պարտվեց ավտոմատավոր հրոսակներին, սափրագլուխներին, բանակին, օլիգարխիային, Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Եվրամիությանը: Ոչ թե նրանց` առանձին-առանձին, այլ նրանց ձեւավորած դաշինքին, նրանց ամբողջությանը: Մենք պարտվեցինք ճակատամարտում, բայց հաղթեցինք ինքներս մեզ, հաղթեցինք բոլոր նրանց, ովքեր իրենց բոզիտղությունը բացատրում են երեխա պահելու իրենց առաքելությամբ: Մենք հաղթեցինք բոզիտղության կանխավարկածին եւ մեր երեխաներին դրինք որբ մեծանալու սպառնալիքի տակ: Գիտակցաբար. որովհետեւ մտածեցինք, որ ավելի լավ է մեր երեխեքը հեր չունենան, քան ապրեն վախկոտի թուլա լինելու անջնջելի խարանով:
Մենք մեր կանանց դրինք այրիանալու սպառնալիքի տակ ու լավ արեցինք, որովհետեւ մտածեցինք, որ ավելի լավ է մեր կանայք կողակից չունենան, քան որպես կողակից ունենան որձի իրենց իրավունքը մի դուրսպրծուկ բոզի տղու զիջած ներքինիների:
Մարտի 1-ին մենք կրեցինք մեր հերթական պարտությունը, բայց կռեցինք մեր կյանքի ամենափառապանծ հաղթանակը` պարտվելու դուխ ունենալու բերկրանքը վայելեցինք: Ու Մարտի 1-ի քաղաքացին էսօր կրկին էստեղ է, ու մենք բոլորս դեռ կլսենք նրա մասին: Էսօր Մարտի 1-ն է:

Комментариев нет: