Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

31.03.2012

«Րաֆֆի+» կամ «Նոր Հայաստա՞ն»

Ի՞նչ հակասություններ էին առաջացել «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում, ինչպե՞ս ստացվեց, որ նորաստեղծ այդ կուսակցության հիմնադիրներից ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը չհայտնվեցին «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» միասնական համամասնական ցուցակում, ի՞նչ են մտածում Զուրաբյանն ու Գեւորգյանը, եւ ինչու՞ են բոլորն այս ամենի մասին համառորեն լռում:
Ըստ խիստ հավաստի տեղեկությունների, մինչեւ վերջին պահը «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» միջեւ  
բանակցություններ են ընթացել ընտրություններին դաշինքով մասնակցելու ձեւաչափի շուրջ: Ավելին, ինչպես մեզ հաջողվեց պարզել, անգամ դաշինքի անունն է քննարկվել: Տարբերակները երկուսն են եղել` «Նոր Հայաստան» կամ «Րաֆֆի+»:
«Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները միայն մամուլից են տեղեկացել, որ որոշվել է ընտրություններին մասնակցել «Ժառանգության» ցուցակով: Այսինքն, որոշումը կայացվել է բոլորովին այլ մակարդակում, եւ դրա մասին իմացել է ընդամենը մի քանի հոգի: «Ժառանգության» ներկայացուցիչները դեռ մի քանի օր առաջ իմացել են, որ «Ազատ դեմոկրատները» մտնելու են իրենց ցուցակ, բայց «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները եւ հիմնադիր ներկայացուցիչները տեղյակ չեն եղել: Միասնական ցուցակի հրապարակումից հետո «Ազատ դեմոկրատների» վարչության անդամները, ըստ հավաստի տեղեկությունների, բացատրություն են պահանջել կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանից: Եղել է մեծ վեճ: Ինչպես հայտնում են մեր աղբյուրները, մասնավորապես Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը շատ կտրուկ են դրել հարցը, որ այդ ձեւաչափով ընտրություններին մասնակցել չի կարելի, ավելի լավ է` միայնակ գնալ եւ արժանապատիվ պարտություն կրել, քան մտնել Րաֆֆու ցուցակ: Բայց երբ հասկացել են, որ որոշումը վերջնական է, ու որեւէ բան հնարավոր չէ փոխել, պահանջել են իրենց անունները հանել միասնական ցուցակից` դա համարելով անպատվաբեր: «Ազատ դեմոկրատների» վարչությունն այժմ, ըստ էության, պարալիզացված է: Արարատ Զուրաբյանը եւ Գառնիկ Գեւորգյանը, թերեւս, կլքեն կուսակցությունը. ըստ էության, այլ տարբերակ չկա էլ: Այսինքն, նորաստեղծ այդ կուսակցությունն արդեն լուրջ ճաքեր է տվել: Գառնիկ Գեւորգյանը երեկ կտրականապես հրաժարվեց պատասխանել մեր հարցերին, իսկ Արարատ Զուրաբյանի հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել:
Ի դեպ, նախորդ համարում տեղեկացրել էինք, որ Արաբկիր համայնքն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքի ինտրիգներից մեկն էլ այստեղ մեծամասնականով առաջադրված Զարուհի Փոստանջյան-Սաթիկ Սեյրանյան-«Ազատ դեմոկրատներ» հանգույցն է: Մինչ երկու ուժերի միասնական ցուցակի հրապարակումը` տեղեկություններ կային, որ թիվ 4-ում «Ազատ դեմոկրատները» սատարելու են Սաթիկ Սեյրանյանին: Այս կապակցությամբ մեր հարցին Սաթիկ Սեյրանյանը պատասխանեց. ««Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավարներից շատերի հետ ունենալով ընկերական, մարդկային հարաբերություններ, տեղյակ եմ եղել բոլոր գործընթացներին եւ փորձել եմ աջակցել: «Ազատ դեմոկրատների» հիմնադրման սկզբնական փուլում ինձ նաեւ առաջարկել են դառնալ կուսակցության փոխնախագահ, ինչից հրաժարվել եմ, քանի որ, Հայաստանի քաղաքական դաշտի այսօրվա իրողությունները հաշվի առնելով, սկզբունքորեն չեմ ցանկանում անդամակցել որեւէ կուսակցության: Այդուհանդերձ, ինչպես առիթ ունեցել եմ նշելու, «Ազատ դեմոկրատների» գաղափարական, արժեքային համակարգն ինձ ավելի հոգեհարազատ եմ համարում: Դա էր պատճառը, որ մինչեւ իմ թեկնածության առաջադրումը` քննարկվում էր «Ազատ դեմոկրատների» կողմից ինձ պաշտոնապես սատարելու հնարավորությունը: Սակայն, այն ժամանակ խոսքը կամ «Ազատ դեմոկրատների», կամ «Ազատ դեմոկրատներ»-«Ժառանգություն» դաշինքի կողմից ինձ սատարելու մասին էր: Մի քանի օրվա ընթացքում ինձ համար անսպասելիորեն ընտրություններին նրանց մասնակցության ձեւաչափը փոխվեց, եւ «Ազատ դեմոկրատներն» ընդամենը ընդգրկվեցին «Ժառանգության» համամասնական ցուցակում: Դա ինձ համար անհասկանալի ու անընդունելի ձեւաչափ է, եւ հարգելով նրանց որոշումը` հրաժարվեցի այդ համագործակցությունից, այդ թվում` «Ժառանգության» համամասնական ցուցակում ընդգրկվելու առաջարկից: Թեման մեկընդմիշտ փակված համարելու համար ուզում եմ նշել` որեւէ կուսակցություն, այդ թվում եւ առաջին հերթին «Ժառանգությունը»` «Ազատ դեմոկրատներով» հանդերձ, ինձ ո՛չ պաշտոնապես, ոչ էլ որեւէ այլ կերպ չի սատարում: Հավատացած եմ, որ ինձ սատարելու է Արաբկիրի բնակչությունը»:

Комментариев нет: