Հայոց արեգակ Սերժը
«Հայոց արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որի հիմնական գործն, ըստ էության, հայրենիքը սիրելն է, ընդ որում` հնարավորինս ամպագոռգոռ ու պաթետիկ խոսքերով, կիրակի օրը բացօթյա հավաք անցկացրեց Ազատության հրապարակում, նշեց հիմնադրման 2-ամյակն ու անցկացրեց երկրորդ համագումարը:
Այդ օրը հայտարարվեց նաեւ, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Հայոց արծիվները»` իր 25 հազարից ավելի նվիրյալ, հայրենասեր անդամներով, լինելու է Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի կողքին: «Կեցցե Հանրապետական կուսակցությունը, կեցցե հայոց նախագահը»,- գոչեց գերագույն արծիվը` հայրենասիրական այս կազմակերպության հիմնադիր նախագահ ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Այդ օրը հայտարարվեց նաեւ, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ «Հայոց արծիվները»` իր 25 հազարից ավելի նվիրյալ, հայրենասեր անդամներով, լինելու է Հանրապետական կուսակցության ու Սերժ Սարգսյանի կողքին: «Կեցցե Հանրապետական կուսակցությունը, կեցցե հայոց նախագահը»,- գոչեց գերագույն արծիվը` հայրենասիրական այս կազմակերպության հիմնադիր նախագահ ու ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Միջոցառմանը մասնակցելու համար այդ օրը մարզերից ձրի ավտոբուսներով Երեւան էին տեղափոխվել հազարավոր մարդիկ, որոնք հիմնականում երիտասարդներ էին: Իր բոցաշունչ ելույթում Խաչիկ Ասրյանը հավաքվածներին կոչում էր արծիվներ, միայն թե, ինչպես ավելի ուշ պարզվեց, արծիվներն այնքան էլ արծիվ չէին, իսկ շատերը նույնիսկ պատկերացում չունեին, թե ինչ է իրենից ներկայացնում «Հայոց արծիվներ» կազմակերպությունը: Իրենց դեմքին ու հայացքներում սոցիալական ծանր կյանքի կնիքը կրող այս երիտասարդներից ոմանք մեր զրույցում հայտարարում էին, որ կազմակերպված միջոցառումը պարզապես առիթ էր` Երեւան գալու համար, ոմանք էլ ասում էին, թե եկել են` հետաքրքրությունից դրդված: Որոշ երիտասարդներ ասում էին, թե հայոց արծիվներին «բալետ են անում», քանի որ սատարում է Սերժ Սարգսյանին, մի ուրիշն էլ արձանագրում էր, որ ինքը խաբված է: Արթիկցի ուսանող մի երիտասարդ մեր զրույցում անկեղծացավ. «Անձամբ ես շատ եմ հետաքրքրվում քաղաքականությամբ ու ասեմ մի բան, որ խաբեությամբ բերեցին հասցրեցին` իբր համերգի, բայց պարզվեց` Սերժ Սարգսյանի հանրահավաքն էր»:
Ինչ վերաբերում է Խաչիկ Ասրյանի հայտարարություններին, թե արծիվները սատարում են Սերժ Սարգսյանին, ապա, պարզվում է, դա չի նշանակում, որ պարտադիր հենց այդպես է, որ կա: Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ երիտասարդը հայտարարեց, թե ինքը չի խառնվում քաղաքականությանն ու չի հետաքրքրվում դրանով: Նույն մարզի Զառիթափ գյուղից ժամանած դպրոցականները, որոնք ասում էին, թե «Հայոց արծիվներ» կազմակերպության անդամ են, բայց չգիտեին, թե հատկապես ինչու են որոշել անդամագրվել դրան, Սերժ Սարգսյանի կողքին լինելու մասին Ասրյանի հավաստիացումներին ի պատասխան հայտարարեցին. «Մի քիչ որ մեծանանք, տարիքներս բավարարի, արդեն կմտածենք` ում կողքը լինենք»: Ինչեւէ: Նշեմ, որ սովետական երանելի ժամանակների շունչը փոխանցող «ողջո՜ւյն»-ների, «կեցցե»-ների եւ «ուռա՜»-ների պակաս Ազատության հրապարակում չզգացվեց: Եւ այդ մթնոլորտում Խաչիկ Ասրյանը հնչեցրեց իր ղեկավարած հայրենասիրական կազմակերպության կարգախոսն ու նրա որդեգրած արժեքային համակարգը: Սա է. «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ» եռամիասնություն: Ապա բացատրեց կազմակերպության նպատակը: «Ընդամենը երկու տարվա ընթացքում «Հայոց արծիվները» շրջագայեց հայկական բարձրավանդակի 450-ից ավելի բնակավայրերով` գեթ մեկ նպատակ հետապնդելով` «Հայոց արծիվների» որդեգրած կարգախոսը` «հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ», որպես եռամիասնության արժեքային հակամարգ մտցնել յուրաքանչյուր հայ մարդու արյան մեջ, յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ»,- հպարտությամբ հայտարարեց արծիվների առաջնորդը եւ հավաքվածներին կոչ արեց միշտ լինել այդ եռամիասնության տանիքի տակ: Ասաց նաեւ, որ չնայած նպատակ չուներ, բայց պարտավոր է անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին հայտարարություններից մեկին, թե Սերժ Սարգսյանը խորտակվող նավ է: Միայն իրեն հայտնի թվաբանության արդյունքում ընդգծելով, որ նույն Ազատության հրապարակում Հայ ազգային կոնգրեսի մարտի 1-ի հանրահավաքին 3-4 հազար մարդ է մասնակցել, իսկ ահա ընդամենը մեկ հասարակական կազմակերպության հավաքին ներկա է ավելի քան 13 հազար հոգի, Ասրյանը հայտարարեց. «Հիմա ո՞վ կամ ովքե՞ր են այս դեպքում խորտակված կամ խորտակվող նավերը: Լեւոն Տեր-Պետրոսյա՞նը` վամպիրիզմի տենչով ապրող եւ գործող բրուտոսյան ընդդիմության հետ միասին, թե՞ մենք: Իհարկե, խորտակվող նավը` իր կողքին կանգնած 18 կուսակցությունների հետ միասին, արդեն իսկ մայրամուտ են: Միշտ հիշեք, սիրելի արծիվներ, այսօր ես հպարտությամբ եմ դա փաստում, իսկ արեւածագը հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն է»: Ահա այսպիսի ճառից հետո սկսվեց հայրենասիրական երթը դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ էլ մի խումբ արծիվներ շուրջպար բռնեցին: Երբ Խաչիկ Ասրյանի հետ մեր զրույցում նկատեցի, թե նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չմեկնարկած` ինքն արդեն քարոզչություն է անում, հայտարարեց, որ դա քարոզչություն չէ, այլ կազմակերպության համագումարն ու տարեդարձը: Ինչ վերաբերում է համերգի մասին խոստումներին, ապա նա այսպես արձագանքեց. «Բացառվում է: Լավ, լավ, լավ: Արի պրովոկացիոն հարցեր մի տվեք»: Ասրյանը նշեց, որ կազմակերպության կարգախոսը գործելու է նաեւ այն դեպքում, երբ Հայաստանն այլ նախագահ ունենա: Միեւնույն ժամանակ հավելեց, որ արծիվները մեծագույն հայրենասեր Սերժ Սարգսյանի կողքին են լինելու նաեւ այն դեպքում, երբ նա նախագահ չլինի: Այդպիսով, «Հայոց արծիվներ» հայրենասիրական կազմակերպության նախագահը ուրվագծեց ապագայի մեկ այլ կարգախոս, որն արդեն, փաստորեն, կվերաբերի քառամիասնությանը` «Հայոց պետականություն, ազգային բանակ, հայոց նախագահ, մեծագույն հայրենասեր Սերժ Սարգսյան»:
Հ.Գ. Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը նույնպես ելույթ ունեցավ: Հավաքված երիտասարդներին դիմելով` նա ասաց, որ Սերժ Սարգսյանը պատերազմը կանխելու ունակ առաջնորդ է` ակնարկելով ու հասկացնելով, որ միայն նրա ընտրվելու դեպքում այդ երիտասարդները կարող են խուսափել պատերազմելու անցանկալի հեռանկարից: Ի դեպ, պաշտոնական տեղեկություններով` «արծիվները» Երեւան են տեղափոխվել 750 տրանսպորտային միջոցներով:
Комментариев нет:
Отправить комментарий