Խուրդում ենք Դալման
Նախագիծը ներկայացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Սարսափելիության աստիճան հետաքրքիր նախագիծ է սա: Նախ պարզվում է, որ Դալմայի այգիների մի հսկայական հատված կառուցապատվելու է: Երկրորդ. պարզվում է, որ եթե քաղաքապետարանը նույն սկզբունքներով շարունակի Դալմայի այգիների միջով ավտոմայրուղիների կառուցումը, ապա ամբողջ այգին է կառուցապատվելու: Երրորդ. պարզվում է, որ Երեւանի քաղաքապետարանի համար մրցույթով որեւէ ծառայություն կամ ապրանք գնելը «զապադլո է». քաղաքապետարանը ամեն ինչ անում է «ուղղակի վաճառքների ձեւով»: Չորրորդ... Այսպես կարելի է շատ երկար շարունակել, բայց նախ ներկայացնենք նախագիծը:
Հայկ Գեւորգյան - 06. 03. 2012
Կառավարության առաջիկա նիստում քննարկվելու է Դալմայի այգիների միջով նոր ավտոմայրուղու կառուցման նախագծին հավանություն տալու հարցը:

Ուրեմն, քաղաքապետարանը որոշել է պայմանագիր կնքել «Սահակյանշին» ընկերության հետ այն մասին, որ վերջինս կառուցում է 2.6 կիլոմետր երկարությամբ ավտոմայրուղի, որը իրար է կապում Լենինգրադյան փողոցը (Մարզահամերգային համալիրի մոտից) եւ Իսակովի պողոտան (ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հարող տարածքում): Բայց դրա դիմաց քաղաքապետարանը «Սահակյանշին»-ին վճարում է ոչ թե գումար, այլ հողատարածք 5.3 հեկտար մակերեսով` նույն Դալմայի այգիներում, հենց ՄՀՀ-ին հարող տարածքում: Ըստ էության, սա է նախագծի բովանդակությունը: Ի՞նչն է այստեղ տարօրինակ: Նախ, այդ ինչպե՞ս քաղաքապետարանն իմացավ, որ «Սահակյանշինը» աշխարհի ու տիեզերքի միակ կազմակերպությունն է, որը պատրաստ է նման պայմաններով ճանապարհ կառուցել: Գուցե կա մեկ այլ ընկերություն, որն իր աշխատանքի դիմաց կվերցնի ոչ թե 5.3 հեկտար, այլ, ասենք, 2.5 հեկտար տարածք: Ի՞նչ պիտի աներ քաղաքապետարանը` համոզվելու համար, որ ավելի էժան առաջարկ անող ընկերություն չկա: Ճիշտ է: Պետք է մրցույթ հայտարարեր, լայնորեն գովազդեր իր մտադրությունը: Բայց` ոչ. պետք է պատերի անկյուններում ինչ-որ մութ բանակցություններ տանեն` այնպես, որ հանկարծ դրա մասին ուրիշները չիմանան ու հո՛պ` հանրությանը կանգնեցնեն կատարված փաստի առաջ: Բա ես ի՞նչ իմանամ` ով ում ինչքան կաշառք է տվել, որ հանկարծ մի ուրիշ ընկերություն էլ դրան չխառնվի: Ուշագրավ է, որ քաղաքապետարանի ներկայացրած նախագծի վերաբերյալ առաջարկություններ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարությունը: Ֆիննախը առաջարկել է մրցույթ անցկացնել եւ հենց դրա արդյունքում գտնել այն ընկերությանը, որը կհամաձայնի նմանատիպ պայմաններով ավտոմայրուղի կառուցել: Քաղաքապետարանը կտրականապես մերժել է այդ առաջարկը: Տարածքային կառավարման նախարարությունը առաջարկել է բյուջետային միջոցներով, նախ, կառուցել ավտոմայրուղին, որի շինարարությունը գնահատված է 3.7 միլիարդ դրամ, ապա դրան հարակից հողամասերը վաճառել աճուրդային կարգով, քանի որ ավտոմայրուղու գոյության պայմաններում հողամասերի գները էականորեն կբարձրանան: Քաղաքապետարանը այս առաջարկն էլ է կտրականապես մերժել: Այսինքն` ակնհայտ է, չէ՞, որ այստեղ ինչ-որ բան այնպես չէ: Ակնհայտ է, որ քաղաքապետարանը համառորեն ուզում է, որ այդ ճանապարհը կառուցի հատկապես «Սահակյանշինը»:
Մյուս հարցը, որ ծագում է` այս ճանապարհի նպատակահարմարությանն է վերաբերում: Ըստ քաղաքապետարանի, այս ճանապարհը նախատեսված է Երեւանի գլխավոր հատակագծով: Ստուգել այս պնդումը` չենք կարող, քանի որ այդ հատակագիծը ամբողջական հրապարակված չէ եւ համարվում է պետական գաղտնիք: Բայց ակնհայտ է, որ այս ճանապարհի կառուցումը ամենեւին էլ նպատակ չի հետապնդում թեթեւացնել տրանսպորտային ծանրաբեռնվածությունը: Խնդիրն այն է, որ այս ճանապարհն ընդամենը ՄՀՀ-ի շրջակայքը կապում է ԱՄՆ դեսպանատան շրջակայքի հետ, այսինքն` գրեթե կրկնում է Ծիծեռնակաբերդի խճուղի-Աթենքի փողոց-Իսակովի պողոտա երթուղին, որը շատ մեծ վերապահումներով կարելի է համարել ծանրաբեռնված: Այսինքն, նպատակն այլ է` կառուցել մի նոր ճանապարհ, իսկ դրա շրջակայքը կառուցապատել ու ծախել: Եւ այդ ամենը Դալմայի այգիների տարածքի հաշվին: Դալմայի այգիներով անցնելու է եւս երկու մայրուղի, որոնց շինարարությունը վճարելու համար էլի կառուցապատման համար հեկտարներով տարածքներ են կորչելու: Ի վերջո, Դալմայի այգիների փոխարեն կունենանք կազարմաներով խիտ կառուցապատված եւս մի տարածք, մոտավորապես «Բանգլադեշի» կամ «Էրեբունի մասիվի» պես: Այնինչ Դալմայի այգին մի մեծ, խիտ ու վայրի բուսականությամբ այգի կարելի էր դարձնել` մոտավորապես այնպիսին, ինչպիսին Նյու Յորքի կենտրոնական այգին է: Բայց դա մեզ չի «սպառնում»:
Комментариев нет:
Отправить комментарий