Քո հաշվին, քեզնից թաքուն
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը փետրվարի 21-ին հայտարարել էր, որ Աբովյան փողոցում` առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա կառուցված շինությունները դրանց տերերին պատկանել են սեփականության իրավունքով:
Այդ կրպակները, հիշեցնենք, անցած տարեվերջին ապամոնտաժվելով, տեղափոխվել են Մաշտոցի պողոտայի այգուն հարակից տարածք` «Մարգարյան» ծննդատան հարեւանությամբ: Իսկ թե ովքեր են արտոնյալ դասի այն մարդիկ, որոնց թույլատրվել է սեփականություն ունենալ Աբովյան փողոցի հանրային տարածքներում կամ ով է նրանց տվել այդ իրավունքը եւ երբ, Երեւանի քաղաքապետարանը համառորեն գաղտնի է պահում: Տարոն Մարգարյանի հայտարարությունից հետո` փետրվարի 22-ին, գրավոր հարցում էի արել քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն եւ խնդրել հայտնել հետեւյալը.
1. Աբովյան փողոցի մայթերին ու կանաչ գոտում կառուցված շինությունների համար (որոնք տեղափոխվեցին Մաշտոցի պողոտային հարակից այգի) ե՞րբ, ո՞ւմ եւ ո՞վ է տվել սեփականության իրավունք:
1. Աբովյան փողոցի մայթերին ու կանաչ գոտում կառուցված շինությունների համար (որոնք տեղափոխվեցին Մաշտոցի պողոտային հարակից այգի) ե՞րբ, ո՞ւմ եւ ո՞վ է տվել սեփականության իրավունք:
2. Մաշտոցի պողոտային հարակից այգուց բացի, քաղաքի ո՞ր հատվածում են Աբովյան փողոցի կրպակների սեփականատերերին տարածքներ տրամադրվել, որպես փոխհատուցում:
3. Աբովյան փողոցի` ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերից յուրաքանչյուրին, որպես փոխհատուցում, մեկի դիմաց քանի՞ տաղավար է տրամադրվելու:
4. Ո՞ւմ միջոցներով են կառուցվում այդ նոր տաղավարները: Եթե քաղաքապետարանի, ապա խնդրում եմ հայտնել, թե որքան է կազմում այդ շինարարության համար ներդրվող կամ արդեն իսկ ներդրված գումարը:
Հարցումն ուղարկելուց 2 օր անց ստացա քաղաքապետարանի պատասխանը: Ըստ այդմ` Աբովյան փողոցի մայթերին ու կանաչ գոտում գտնվող շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտե, քանի որ սեփականության իրավունքը ծագում է դրա պետական գրանցման պահից, իսկ այդ գրանցումն իրականացնում է նշված մարմինը: Քաղաքապետարանի վստահեցմամբ` Աբովյան փողոցում ապամոնտաժված շինությունների սեփականատերերին փոխհատուցում տրամադրելու հարցը դեռեւս քննարկման փուլում է: Իսկ թե յուրաքանչյուր սեփականատեր քանի կրպակ է ստանալու, մնաց անպատասխան: Խնդրո առարկա զբոսայգու կառուցապատումը, ըստ պատասխանի, իր միջոցներով իրականացնում է «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն: Այս ընկերությունը, ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության է:
Այսպիսով, չնայած «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր անձ իրավունք ունի իր փնտրած տեղեկությունը ստանալու համար դիմել դա տնօրինողին ու ստանալ այդ տեղեկությունը, սակայն, տեղեկատվությանը տիրապետող Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է փոխանցել: Կամ` Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների սեփականատերերին փոխհատուցելու համար տաղավարներ են կառուցվում դարձյալ ՀՀ քաղաքացուն պատկանող մեկ այլ տարածքում` Մաշտոցի պուրակում, եւ կրկին հարկ չեն համարում տեղյակ պահել, թե ում են տրվելու դրանք: Այդ տաղավարները կառուցվում են «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության, ասել է թե` քաղաքապետարանի միջոցներով, որոնք էլ գոյանում են ՀՀ քաղաքացու վճարած հարկերից, այնինչ այդ նույն քաղաքացուն չեն բարեհաճում տեղեկացնել, թե որքան գումար է ծախսվել կամ ծախսվելու այգու կառուցապատման վրա:
Եւ ահա քաղաքացու նկատմամբ ավանդաբար դրսեւորվող այս արհամարհանքին ընդդեմ` Մաշտոցի պուրակում արդեն շուրջ 20 օր բողոքի ակցիաներ են ընթանում: Բնապահպաններն այսօր` ժամը 15-ին, հանրահավաք-ֆորում են անցկացնելու:
Քանի դեռ չի տրվում պաշտոնական պատասխան, ստիպված եմ հիշեցնել, որ ըստ շրջող լուրերի` Աբովյան փողոցից ապամոնտաժված էլիտար կրպակները կապվում են ՏԿ նախկին նախարար Էդուարդ Մադաթյանի ու Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի անունների հետ: Ասում են` այդ շինությունների կամ առնվազն մեկի սեփականատերը Գագիկ Բեգլարյանի եղբայրն է:
Հ.Գ. Ի դեպ, գրավոր դիմեցի նաեւ Կադաստրի պետկոմիտե` ովքե՞ր են Աբովյան փողոցից ապամոնտաժված կրպակների սեփականատերերը: Կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լուսինե Նազարյանը փոխանցեց, որ ՀՀ ԿԱ ԱԳԿՊ կոմիտեում իրավունքի գրանցումները կատարվում են ըստ անշարժ գույքի միավորների վերաբերյալ հասցեների եւ սեփականատիրոջ կամ օգտագործողի անվանմամբ, ուստի իմ հարցի պատասխանը ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետաքրքրող գույքի հասցեն կամ սեփականատիրոջ (օգտագործողի) անունը (անվանումը):
Աննա Զախարյան - 03. 03. 2012
Աննա Զախարյան - 03. 03. 2012
Комментариев нет:
Отправить комментарий