Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնի համար կպայքարեն երկու թեկնածու: Թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար հենց այդքան մարդ է դիմում ներկայացրել քաղծառայության խորհուրդ: Թե ովքեր են նշված պաշտոնի հավակնորդները, ՔԾԽ-ից չէին հայտնել` պատճառաբանելով թեկնածուների նկատմամբ հնարավոր ինչ-ինչ ճնշումներ: Մենք, սակայն, գրել էինք, որ ըստ որոշ տեղեկությունների, դիմում ներկայացնողներից մեկը Սերգո Երիցյանն է: Ինչպես հայտնի է, նա 2010 թվականից ղեկավարում է Լեզվի պետական տեսչությունը` պետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով: Եւ ահա երեկ տեղեկացանք, որ երկրորդ թեկնածուն նույն տեսչության պետի տեղակալ Մարինե Հովյանն է: Մեր զրույցում տիկին Հովյանը հաստատեց այս տեղեկությունը եւ նշեց, որ մրցույթում հաղթելու իր շանսերը լավ է գնահատում: Իսկ ահա Սերգո Երիցյանից դարձյալ չհաջողվեց հաստատում կամ հերքում ստանալ իր հնարավոր մասնակցության վերաբերյալ: Երեկ էլ, ինչպես արդեն որերորդ անգամ, լսելով, որ իրեն դիմողը «Հայկական ժամանակից» է, նա առաջարկեց զանգահարել ավելի ուշ եւ այլեւս չպատասխանեց հեռախոսազանգին: Հավելեմ, որ ըստ որոշ լուրերի, սակայն, Սերգո Երիցյանին գործազուրկ դառնալու վտանգ է սպառնում: Այդպիսի նպատակ, ըստ նույն լուրերի, ունի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը կկայանա մարտի 13-ին:
Комментариев нет:
Отправить комментарий