Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

04.03.2012

Դաշինքի մասին մարտի 11-ին


Րաֆֆի Հովհաննիսյան
Երեկ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ «ժառանգություն» կուսակցության համագումարը, եւ ընտրությունների վերաբերյալ որեւէ որոշում չհրապարակվեց:
Րաֆֆի Հովհաննիսյանի մեկուկես ժամանոց ելույթի ընթացքում, որի ժամանակ գրեթե բոլոր կուսակցականները քնել էին, միայն փոքրիկ ակնարկ արվեց «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցության անհրաժեշտության մասին: Փոխարենը, համագումարի ավարտին ընդունվեց բանաձեւ, ըստ որի` մարտի 18-ին պետք է հրավիրվի կուսակցության խորհրդի նիստ, որն էլ լիազորված է առաջիկա ընտրությունների վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասությամբ: Նույն բանաձեւով որոշվեց «կոչով դիմել ազգային-ժողովրդավարական ուժերին ու քաղաքացիական ողջ հանրությանը` կատարելու համարձակ ու համատեղ քայլեր շոշափելի համախմբման ուղղությամբ` օգտագործելով հնարավոր բոլոր ուղիները` ընտրությունից մինչեւ հրապարակային միասնություն»: Համագումարին մասնակցում էր «Ազատ դեմոկրատների» հանրությանը հայտնի գրեթե ամբողջ կազմը` Խաչատուր Քոքոբելյան, Արարատ Զուրաբյան, Ալեքսանդր Արզումանյան, Անուշ Սեդրակյան, Մասիս Այվազյան... Նրանք նստել էին ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանի եւ Վարդան Օսկանյանի կողքին:
«ժառանգության» հյուրերի թվում էին ՀՅԴ-ից Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, ՀԺԿ ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Ժողովրդավարական Հայրենիքի» ղեկավար Պետրոս Մակեյանը, ազատամարտիկ Վարդան Հարությունյանը, ՕԵԿ-ից վերջերս հեռացած Գագիկ Բաղդասարյանը, «Ազգային համաձայնության» ղեկավար Արամ Հարությունյանը, ՀՌԱԿ-ից հեռացված Էդվարդ Անտինյանը, Կարապետ Ռուբինյանը: ՀՀԿ-ից համագումարում ոչ ոք չկար, իսկ ՕԵԿ ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը համագումարի վերջին 15 րոպեին հասավ: Ողջույնի խոսքով հանդես եկողներից գրեթե բոլորը իրենց խոսքում հույս հայտնեցին, որ կկայանա «Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» դաշինքը: «Հույս ունեմ, որ ընդհանուր լեզու կգտնվի, եւ շատերի համար սպասելի ազատական նախընտրական դաշինքը կկայանա, ու համախոհներին չեք կանգնեցնի ծանր երկընտրանքի առջեւ»,- իր խոսքում ասաց Կ. Ռուբինյանը:
Մինչ համագումարը կավարտվեր, զրուցեցինք Արարատ Զուրաբյանի հետ:
- Պարոն Զուրաբյան, ինչո՞ւ համագումարում չհայտարարվեց ձեր կուսակցության հետ համագործակցության մասին:
- Կարելի է արձանագրել, որ այդ համագործակցությունը առկա է, եւ հավանաբար շատ շուտով նաեւ բոլորը կտեղեկանան, որ ձեւավորվելու է մի նոր դաշինք` «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միջեւ: Կարծում եմ, մնացածը արդեն զուտ տեխնիկական հատվածն է: Այսինքն, համագումարը չի, որ հայտարարում է դրա մասին: Համագումարն ընտրում է համապատասխան մարմին` կուսակցության ղեկավար մարմին, որն էլ այդ որոշումը կայացնում է:
- Ձեր խոսքից ճի՞շտ հասկացանք. արդեն կասկած չկա՞, որ դաշինք է լինելու:
- Դաշինք կլինի, համոզված եմ դրանում...
- Իսկ ցուցակում կլինի՞ 50/50 համամասնություն:
- Կարծում եմ, որ կլինի:
- Ինչու՞ միեւնույն ցուցակով չեք գնում: Դաշինքով կհաղթահարե՞ք 7 տոկոսի շեմը:
- Որովհետեւ մենք երկու տարբեր քաղաքական ուժեր ենք: ՀՀ օրենքը որոշակի սողանք է թողել, որ, ասենք, մի քաղաքական ուժը կարող է լուծվել մյուսի մեջ եւ մասնակցել ընտրություններին, բայց մենք չենք ցանկանում նման սողանքից օգտվել: Մենք համոզված ենք, որ հեշտությամբ կհաղթահարենք դաշինքին անհրաժեշտ 7%-ը: Շուտով կհամոզվեք:
- Դաշինքի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը ե՞րբ կլինի:
- Կարծում եմ, վերջնականը կլինի ամսի 11-ին: Այդ օրը այս նույն տեղում լինելու է մեր կուսակցության համագումարը, այդ ժամանակ կհայտարարվի: Այդ ժամանակ հավանաբար ցուցակը կներկայացնենք նաեւ, կամ` դրա հիմնական սկզբունքները: 
- Ի՞նչ եք կարծում` ի՞նչ տեղեր կզբաղեցնեք խորհրդարանում:
- Մենք պայքարելու ենք հաղթելու համար: Երբ որ քաղաքական գործընթացը սկսվում է, շատերի մոտ ինչ-որ թերահավատ մոտեցում է լինում: Երբ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտնում էր քաղաքական գործընթացի մեջ, նույն թերահավատությունը կար: Շատերը քմծիծաղ էին տալիս, ասում էին, որ բայց ինչ հաջողություն, որեւէ բան չի լինի, բայց տեսեք, որ ինչ-որ հաջողություն եղավ: Հիմա այդ նույն քաղաքական թիմի հիմնարար, սկզբից այդ գործընթացը տարած մարդկանցից մի զգալի հատված այստեղ է: Հավատացած եղեք, որ նոր անակնկալներ ձեզ համար կլինեն: 
Համագումարի ավարտից հետո զրուցեցինք նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ:
- Պարոն Հովհաննիսյան, վերջին շրջանում շատ էր խոսվում «Ազատ դեմոկրատների» հետ դաշինքի մասին, բայց այսօր որեւէ բան չհայտարարվեց: Ինչո՞ւ:
- Համագումարը որոշել է ընտրություններին վերաբերող բոլոր որոշումները վերապահել կուսակցական խորհրդին, որի նիստը կգումարվի մարտի 18-ին, եւ այն ժամանակ արդեն բովանդակալից ամբողջական պատկերը կունենանք:
- Այսինքն, դաշինքի վերաբերյալ որոշում չկա՞:
- Ոչ, որոշում չկա:
- Այդ դեպքում ինչպե՞ս «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը քիչ առաջ պնդեց, որ դաշինքի մասին որոշում ըստ էության արդեն կա եւ իրենց համագումարի օրը կհայտարարվի այդ մասին: Իրենց համագումարը մարտի 11-ին է, ձեր վարչության նիստը` 18-ին:
- Երբ որ որոշում լինի, դուք դրա մասին կիմանաք: Ներկա դրությամբ կա գործընթաց, որ ընթացքի մեջ է: Ներկա դրությամբ ընդհանրապես որեւէ քննարկում չկատարելով ցուցակների պահով, մենք աշխատում ենք ծրագրային, գաղափարական առումով իրար ավելի լավ ծանոթանալ:
- Մամուլում կարծիք է շրջում է, որ որոշակի տարաձայնություններ կան, քանի որ «Ազատ դեմոկրատները» ուզում է դաշինքի ցուցակը ձեւավորվի 50/50 հարաբերակցությամբ, իսկ «Ժառանգությունը»` 70/30: Դա այդպե՞ս է:
- Ես կասեի, որ ինչպես շատ լուրեր Հայաստանի հասարակությունում եւ լրատվական դաշտում, այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Մենք չենք քննարկել ցուցակները, քվոտաները, անվանումները, մենք գործընթացի մեջ ենք: Մենք, անկախ առաջիկա գործընթացներից, «Ազատ դեմոկրատների» մեջ գտել ենք լավ գործընկերներ, հեռանկարային է այդ համագործակցությունը, «Ժառանգությունը» միշտ կողմնակից է եղել մեծ լուծումների, եւ հույս ունենանք, որ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ կգնանք այդ մեծ լուծումներին:

Սյուզաննա Պողոսյան - 03. 03. 2012

Комментариев нет: