Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

29.02.2012

Հետսովետական ինքնադիմանկար

Հետսովետական ինքնադիմանկար

«Լոկուսի» «գլոբուսը»

«Նա նշեց, որ Մաշտոցի պուրակում բողոքի ակցիաները ունեն մի քանի շերտ եւ հեռու գնացող քաղաքական նպատակներ: Ըստ նրա` ակտիվիստների մի մասը ուղղորդվում է արտասահմանից, իսկ նպատակը Հայաստանում իրավիճակը ապակայունացնելն է»: Սրանք հատվածներ են ՀՀԿ պատգամավոր Մ. Բադեյանի շփումից մամուլի հետ: Իհարկե, գաղտնիք չէ, որ դավադրամոլությունը «վերլուծության» հիմնական ձեւն է Հայաստանում.
Ավելի ստույգ՝ վերլուծությունը շփոթվում է դավադրաբանության հետ: Սա հատկապես իշխանական օղակների հիմնական պատասխանն է ցանկացած հասարակական գործողության: Բանը, սակայն, հասնում է անհեթեթության, երբ դավադրաբանական լեզվով մեկնաբանվում են արդեն ոչ միայն զանգվածային քաղաքական գործընթացները, այլեւ համեմատաբար փոքր՝ տեղական նշանակության խնդիրները, ինչպես տվյալ դեպքում` Մաշտոցի պուրակի հարցը: Մյուս կողմից սա հեշտացնում է դավադրամոլության` որպես բացարձակ դատարկաբանության կազմաքանդման գործը, քանի որ քաղաքական ծավալուն գործընթացների դեպքում, երբ ավելի մեծ է նյութի ընդգրկումը, եւ ավելի բազմազան են գործոնները, այդ թվում այնպիսիները, որոնք հաճախ հասանելի չեն շարքային քաղաքացու անմիջական փորձին, ավելի հեշտ է նաեւ դավադրական սարսափազդու պատումներ հրամցնելը հասարակությանը, մանավանդ որ դավադրաբանությունն ինքնին սիրում է մեծ ծավալներ, հայերեն ասած՝ «գլոբալություն»: Նորից մեջբերում Բադեյանից. «Հիմնական զանգվածը` կազմակերպիչները, քողարկված են, կամավոր հանդես են գալիս մարտնչող տգետները, ովքեր իրենց մշակույթն են փորձում հաստատել Հայաստանում: Սա ընդամենը գծած հարվածներ են, որոնք պետք է հասցվեն քաղաքի իմիջին: Ինչի՞ են ցանկանում հասնել: Մաշտոցի պուրակում 10 տոկոսն են ազնիվ մարդիկ, իսկ մնացածն ուղղորդված են: Ես չեմ կարող ասել, թե ովքեր են ուղղորդում»: Զգացի՞ք ծավալների տարբերությունը: Մի կողմից` նույնիսկ բնապահպանական տեսակետից ոչ թիվ մեկ կարեւորության հարց, մյուս կողմից էլ՝ «ապակայունացնել իրավիճակը», «գծած նպատակներ», «արտասահման» եւ այլն: Խնդրի «լոկալության» եւ մեկնաբանության «գլոբալության» ծավալներն ակնհայտորեն չեն բռնում միմյանց հետ՝ ստեղծելով զավեշտի տպավորություն: Ակնհայտ է դառնում իշխող վերնախավի եւ նրա «լեզվի», առանց չափազանցման, բա՛ցա՛րձա՛կ անհամարժեքությունն իրավիճակին, քանի որ նույնիսկ համեմատաբար փոքր խնդրի դեպքում (էլ չասած` ավելի մեծերի մասին) կոնկրետ լուծումներ առաջարկելու փոխարեն` առաջ է քաշվում խնդրի հետ կապ չունեցող եւ որեւէ կերպ չհիմնավորվող (հատկանշական է՝ «չեմ կարող ասել` ում կողմից են ուղղորդվում») դատարկաբանությունը: Բայց մեր շարադրանքի տեսակետից սա, կրկնեմ, ձեռ է տալիս, քանի որ թույլ է տալիս ավելի պարզ պատկերացնել դավադրամոլության փառավոր եւ ծիրանածին սնանկությունը: (Բնականաբար չեմ ժխտում դավադրությունների գոյությունն առհասարակ, սակայն, խնդիրը տվյալ դեպքում այն է, որ չհիմնավորված դավադրաբանությունը մեզանում վերածվել է իրականության վերլուծման եւ բացատրության համընդհանուր եւ գրեթե միակ լեզվի): Եւ այսպես, ո՞րն է դավադրամոլ մտածողության կառուցվածքը: Ընդհանրացնելով մեզանում եւ առհասարակ հետսովետական տարածքում դավադրամոլ «խոսքը»՝ կարող ենք սա բաղկացած համարել երկու կարեւոր տարրերից:
Ա. Ցանկացած հասարակական գործողություն մեկնաբանվում է որպես դավադրություն: Չկա որեւէ կամք, որ դավադիր չլինի:
Բ. Ցանկացած գործողության ենթակա (սուբյեկտ) հռչակվում է սովորաբար չանվանարկված մութ եւ գաղտնի ուժը՝ արտասահմանյան կամ տեղական: Արդյունքում՝ չի կարող լինել ինքն իրենից բխող եւ ինքն իր վրա հիմնված գործողություն, կամք կամ ենթակա: Փաստորեն, այստեղ հետսովետական մարդը նկարագրում է ինքն իրեն: Նա չի կարող ինքն իրեն ընկալել որպես գործողության պատասխանատու, որպես մեկը, ով օժտված է սեփական կամքով եւ մտահղացմամբ գործողություններ կատարելու ունակությամբ եւ իրավունքով: Գործողությունը եւ նրա արտոնությունն ու նախաձեռնումը պետք է գան դրսից: Ենթագիտակցորեն նա ինքն իրեն պատկերացնում է որպես խամաճիկ, միաժամանակ իր այս որակները վերագրելով նաեւ շրջապատին եւ միջավայրին, որով նրա համար ինքնին կասկածելի է ցանկացած ինքնաբուխ եւ ինքնաբավ կամք ոչ միայն իր, այլեւ` այլոց մոտ: Սա, թերեւս, հասարակական յուրահատուկ դեպրեսիայի ցուցիչներից մեկն է, որի ակունքների ու պատճառների վերլուծումն առանձին խնդիր է:
Հ.Գ. Չնայած դավադրամոլությունը վերլուծեցի իշխանամետ գործչի խոսքի օրինակով, սակայն դավադրամոլական լեզվի դրսեւորումները հազվադեպ չեն նաեւ մեր հասարակության ակտիվ այլ շերտերում, որոշ դեպքերում` նաեւ ընդդիմության համակիրների, նաեւ «քաղաքացիականների» մեջ: Բոլորը բոլորին կասկածում են դավադրությունների մեջ, եւ ընդդիմադիր կամ քաղաքացիական դավադրամոլությունը ենթակա է նույն կազմաքանդման, ինչ իշխանականն ու իշխանամետը:

Հրանտ Տեր-Աբրահամյան , Ուստա Հրանտ - 29. 02. 2012

Комментариев нет: