Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

22.03.2012

ՀՀԿ-ն ամենաազդեցիկ ուժն է լինելու նաև առաջիկա 5 տարիներին


«Քաղաքական բոլոր ուժերը թևակոխում են նախընտրական փուլ, և մի քանի օրից կսկսվի ընտրապայքարը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Քաղաքականության մեջ սուբյեկտները վաղուց քաղաքական կուսակցություններն են, անցել են անկուսակցական գործիչների ժամանակները»,- հավելեց նա:

Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն ընտրությունների գնում է հանուն գաղափարախոսության: «Տարիներ առաջ մեր կարգախոսն էր՝ «Քեզ համար, Հայաստան», այսօր ասում ենք՝ «Հավատանք, որ փոխենք»: Ընտրությունները խաղալիք չեն, բայց դրանց պետք է գնալ կոռեկտության սահմաններում:
Մեզ կյուրոսյան հաղթանակ կամ 5 տոկոս ավելի ձայներ հարկավոր չեն, մեզ արդար ընտրություններ են անհրաժեշտ: Նրանք, ովքեր քննադատելու փոխարեն թույն են թափում ու աշխատում են սևացնել մյուսներին, ճիշտ չեն վարվում»,- նշեց նա:

Հարցին՝ ներկայացված ՀՀԿ համամասնական ցուցակը լավագո՞ւյնն է, թե՞ կարող էր ավելի կատարյալ լինել, Շարմազանովը պատասխանեց. «Սա ՀՀԿ ցուցակն է, որին, կարծում եմ, ժողովուրդը, ճիշտ դատելով, մայիսի 6-ին կտա իր վստահության քվեն:

ՀՀԿ-ն այս ընտրապայքարի քաղաքական ֆավորիտն է և հստակ գնում է ընտրությունների: ՀՀԿ-ն է այսօրվա հայաստանյան ամենաազդեցիկ քաղաքական ուժը, և համոզված եմ, որ ամենաազդեցիկ ուժն է լինելու նաև առաջիկա 5 տարիներին: Համոզված եմ, որ այս ընտրություններին հենց ՀՀԿ-ն է մեծամասնություն կազմելու»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ԲՀԿ-ի՞ն էր ուղղված ՕԵԿ-ի 15-ամյակին նվիրված միջոցառմանը Սերժ Սարգսյանի արտահայտած այն միտքը, որ չի կարելի երկուշաբթի բարոյական լինել, երեքշաբթի՝ անբարոյական, Շարմազանովը նկատեց, որ Սերժ Սարգսյանի խոսքն ուղղված էր ոչ թե կոալիցիոն գործընկերներին, այլ քաղաքական դաշտի ուժերին՝ առհասարակ:

«Այո, չի կարելի այսօր ասել՝ սատարում ենք, վաղն ասել՝ չենք սատարում, այսօր ասել՝ երկինքը կապույտ է, վաղն ասել՝ կարմիր է: Իսկ ընդհանրապես՝ այս բոլոր տարիների ընթացքում կոալիցիան, փոքր թերություններով հանդերձ, արդյունավետ է աշխատել»,- նշեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Ամփոփելով՝ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ ՀՀԿ-ն իր ցուցակը ԿԸՀ ներկայացնելու է այսօր՝ մինչև երեկոյան ժամը 5-ը:

Комментариев нет: