Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

21.03.2012

Արդեն սկսել են

ՀՀԿ-ի քարոզիչը չի՞ ընտրելու ՀՀԿ-ին


Հեղինակ՝ Արզօ
Այս օրերին Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) քարոզիչները շրջում են տնետուն, ցուցակագրում այն մարդկանց, ովքեր խոստանում են առաջիկա խորհրդարանական ընտրություններին քվեարկել ՀՀԿ-ի օգտին:

Օրերս մեր թղթակիցը ներկա է եղել Երեւանի բնակիչներից մեկի եւ Հանրապետական կուսակցության համար աշխատող ուսուցչուհու զրույցին, որը ներկայացնում ենք ստորեւ: 
Ուսուցչուհի - Ես Հանրապետական կուսակցության համար եմ աշխատում, եկել եմ դրա համար` ցուցակագրելու, եւ եթե կարելի է իմանալ` ո՞ւմ եք ընտրելու:
Բնակիչ - Ինձ թվում է` չի կարելի հարցնել:

- Գիտե՞ք ինչի համար, մենք ցուցակով գրում ենք` որպես Հանրապետական կուսակցության ընտրողների:
- Բայց դպրոցում դուք Հանրապետական կուսակցության հետ ի՞նչ կապ ունեք:
- Դպրոցի աշխատողներին ընդհանրապես հանձնարարում են ցուցակագրել: Մյուս կուսակցություններն էլ կգան, ձեզ կհարցնեն` դուք ո՞ւմ եք ընտրելու: Հիմա մենք ձեզ ասենք` ինչու ենք ուզում, որ դուք Հանրապետականին ընտրեք:
- Գիտե՞ք ինչ կա, բերեք թողնենք էդ ագիտացիոն պահը, որովհետեւ ես Հանրապետականին չեմ ընտրելու երբեք:
- Շատ լավ, դա պարտադրանք չի, որեւէ մեկին չենք պարտադրում:
- Չի կարող լինել պարտադրանք: Դուք ուսուցչուհի եք, հասկանո՞ւմ եք` ինչն է խնդիրը. ես չեմ վստահում ձեր դաստիարակած սերնդին, որովհետեւ հենց սա սխալ է, սա արդեն անօրինական է:
- Մեզ պարտադրում են:
- Ո՞վ է պարտադրում: Ո՞վ իրավունք ունի:
- Վերեւից են պարտադրում:
- Ոչ ոք չունի իրավունք ձեզ պարտադրելու: Մանավանդ մանկավարժին, որովհետեւ դուք սերունդ եք դաստիարակում: Ի՞նչ եք ասում ձեր երեխաներին:
- Երեխաների հետ առայժմ այսպիսի հարցեր չենք քննարկում:
- Մտել եք, չէ՞, ձեր աշակերտի տուն: Այսինքն` ձեր աշակերտը գիտի էդ մասին:
- Ես էս շենքի բնակիչ եմ:
- Կներեք իհարկե, բայց ձեզ ի՞նչ են ասում, որ պարտադրում են:
- Չէ, ես ոչ թե դպրոցի կողմից եմ եկել, դուք ինձ ճիշտ չհասկացաք: Իմ տղան Հանրապետական կուսակցության վստահված անձ է, եւ իրեն որպես վստահված անձի ասել են` քո շենքում ագիտացիա ես տանում: Կոնկրետ մեր թաղամասի կոմունալ բաժնի պետը թաղապետարանում է աշխատում, ինքը խոստացել է բավականին մեր շենքի համար գործեր կատարել:
- Ագիտացիան այլ բան է, որ դուք, օրինակ, Հանրապետական կուսակցության այս լավ բանը ասեք: Չնայած` այս երկրում ապրող յուրաքանչյուրը գիտի, որ Հանրապետական կուսակցությունը չունի արած լավ բան: Բայց եթե դուք գտնում եք, որ ունի, ասեք, դա նորմալ է, բայց ոչ թե գաք, ցուցակագրեք:
- Չէ, ուղղակի ասում ենք` ենթադրենք, եթե արդեն մարդը որոշել է, որ ինքը պիտի ընտրի, անունը գրենք:
- Ախր դուք ինչո՞ւ եք ստիպում, որ մարդիկ խաբեն: Այդ ես եմ ասում` չեմ ընտրելու: Ուրիշները ասելու են` այո, եւ չեն ընտրելու:
- Դա արդեն իրենց գործն է:
- Բայց ինչու՞: Դա արդեն անօրինական բան է ստացվում: Դուք մանկավարժ մարդ եք:
- Նորություն չի, մենք էլ ենք այս երկրում ապրում, մենք էլ ենք տեղյակ, բայց ստիպված ենք:
- Բայց ո՞վ պիտի փոխի երկիրը, եթե մանկավարժը չի փոխում: Եթե մանկավարժը հնազանդվում է անօրինականություն անելուն, ո՞վ կփոխի: Ձեր աշակերտը կլինի՞ օրինապահ, եթե դուք չեք:
- Աշակերտը այսօր մեզ ուղղություն է  տալիս, ասում է` այսպես պիտի լինի:
- Որովհետեւ դուք եւ իմ ուսուցիչը եւ ձեր ուսուցիչը այդպես են նրան սովորեցրել: Մեկ է, մենք նրա առաջին ուսուցիչները չենք:
- Հենց էդ է, առաջինը չենք:
- Բայց մենք շարունակում ենք, մենք չենք ուզում դադարեցնել դա, մենք չենք ուզում դեմն առնել:
- Կկարողանա՞նք: Շատ կներեք, դուք «Օրինացի՞ն» եք ընտրելու:
- Ոչ:
- Ընդհանրապես չե՞ք մասնակցելու:
- Մասնակցելու եմ անպայման, բայց չեմ ընտրելու դրանցից որեւէ մեկին:
- Բա էլ ո՞ւմ եք ընտրելու:
- Ոչ մի անազնիվ կուսակցության չեմ ընտրելու:
- Ուզում եմ իմանալ` եթե դուք ընտրելու եք, ո՞րն եք օրինական համարում, ազնիվ համարում:
- Բայց դուք ինչո՞ւ եք դա ուզում իմանալ: Դուք դա չպետք է ձգտեք իմանալ:
- Շատ ներողություն, ես ցուցակը գրում եմ, այսօր այս մարդը ասում է` ես կընտրեմ, բայց ինքը ոչ մեկին էլ չի ընտրում: Մեկն էլ ես, օրինակ եմ ասում, ասում եմ` Հանրապետական, բայց գնում եմ, ուրիշին եմ ընտրում: Դա էլ կա, չէ՞:
- Նախ, մենք սովորեցրինք խաբել մեր սերունդներին, որի իրավունքը մենք չունենք: Հետո` դուք ասում եք` կարող է մենք գնանք, չընտրենք: Բա էլ ինչո՞ւ եք եկել:
- Օրինակ եմ ասում:
- Այդ օրինակը վտանգավոր օրինակ է:
- Ուզում եմ ասել` պարտադիր չէ:
- Ես երբեք չեմ ասի` հա, կգնամ կընտրեմ, ու գնամ, չընտրեմ, որովհետեւ ես գիտեմ նաեւ մի ուրիշ բան. դուք եկել եք, ցուցակ եք արել, դուք ներկայացրել եք, որ օրինակ, 10-15 հոգի այս շենքից պիտի գնան, ընտրեն: Բացում են քվեատուփը, տեսնում են`  չկա, բայց իրենք գիտեն, որ այդ մարդիկ չեն ասելու` գիտեք ինչ, ես չեմ ընտել, որովհետեւ եթե ես ձեզ խոստացել եմ, որ պիտի ընտրեմ, հետո չեմ կարող ասել` չեմ ընտրել: Ու այնտեղ արդեն կսարքեն իմ ձայնը իրենցը, իմ բանավոր խոստումը իրենց համար քվեաթերթիկ կդարձնեն:
- Լավ, կներեք:
- Ցտեսություն: 
Աննա Զախարյան 20. 03. 2012

Комментариев нет: