Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

03.03.2012

Կոպիտ ասած` վերջը բարի լինի



Պալաչ. «Աբովյանում հաղթելու է ՀՀԿ-ն»

Սերժ Սարգսյանը խնդիր է դրել, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աբովյանում ՀՀԿ-ն համամասնական ընտրակարգով պետք է հաղթի Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ԲՀԿ-ին:


Այս մասին օրեր առաջ «ՀԺ»-ին հայտնել էին լավատեղյակ աղբյուրները: Վերջին օրերին մամուլում լուրեր հայտնվեցին, թե Աբովյանում Պալաչ անունով Արթուր Հարությունյանը, որը Ծառուկյանի սանիկն է եւ երբեմնի մերձավոր ընկերներից, մտել է ՀՀԿ եւ ԲՀԿ-աթափ է անում Աբովյանը: Գագիկ Ծառուկյանի եւ Արթուր Հարությունյանի հարաբերությունները խիստ սրվել են: 37-ամյա Հարությունյանին է պատկանում Աբովյանի «Կինգ դե լյուքս» տաքսի ծառայությունը, ինչպես նաեւ Երեւան-Աբովյան ավտոբուսային երթուղին: Ու հիմա իր սանիկին պատժելու համար Ծառուկյանը Երեւան-Աբովյան անվճար ավտոբուսներ է գործի գցել: Արթուր Հարությունյանը երեկ պատասխանել է մեր հարցերին:
- Պարոն Հարությունյան, ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ ինչո՞ւ են վատացել, եւ ճի՞շտ է, որ դուք ամեն ինչ անելու եք, որ ՀՀԿ-ն Աբովյանում հաղթի ԲՀԿ-ին:
- Ասեմ ձեզ, դուք գրում եք, որ ԲՀԿ-ից մտել եմ ՀՀԿ, նման բան չկա: Երբ ես Ծառուկյան Գագիկի հետ բարեկամ էի, ախպեր էի, այդ ժամանակ իր ԲՀԿ-ն ծնված չէր, եւ երբ ես ու Ծառուկյան Գագիկը իրար հետ ուղղակի չենք աշխատել արդեն, կապ չենք ունեցել, նույնպես այդ ժամանակ ԲՀԿ-ն դեռ ստեղծված չէր: Այսօր ես ներկայացնում եմ ՀՀԿ-ն եւ գտնում եմ, որ պետք է ՀՀԿ-ն Աբովյանում հաղթի: Իրենք գտնում են, որ ԲՀԿ-ն պետք է հաղթի, ես էլ գտնում եմ, որ ՀՀԿ-ն պետք է հաղթի: Այդքան բան:
- Իսկ ճի՞շտ է, որ դուք Աբովյանում գնացել եք քաղաքապետարանի մոտ կանգնել, հայհոյանքներ բարձրաձայնել Ծառուկյանի հասցեին:
- Դա կանի շատ խուլիգան, խուժան, ինտելեկտից ցածր մարդը, ես նման բան ո՞նց ինձ թույլ կտամ, ցավդ տանեմ, դա ուղեղից պակաս մարդը իրեն թույլ կտա: Ես, իրոք, այդ մակարդակը չունեմ, որ հայհոյեմ, ես եթե բան ունենամ ասելու, կբարձրանամ, քաղաքապետին կաբինետի մեջ ինչ պետք է` կասեմ: Ես վախկոտ չեմ, ոչ էլ հետեւից խոսող: Իսկ հայհոյանքը խոսքեր են, որ այսօր բոլոր քաղաքական գործիչները մեկը մեկի հետեւից հայհոյում են, 5 րոպե հետո նստում են սեղան, իրար կենաց են խմում իրենց կանանց հետ: Ես չեմ ուզում նմանվել այդ մարդկանց:
- Բայց խոսվում է, որ հայհոյել եք:
- Տենց բան չկա, մենք շատ վճռական ենք տրամադրված ընտրություններում քաղաքակիրթ ձեւով հաղթանակ տանելու համար:
- Իսկ դժվար չի՞ լինի Աբովյանում, որովհետեւ այդտեղ ավանդաբար ԲՀԿ-ն է հաղթել, ու Ծառուկյանը, գիտեք, այդ մարզի տերն է համարվում:
- Դե, այն ժամանակ այս տարածքը տրված է եղել ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն էլ հաղթել է: Հիմա այլ է վիճակը:
- Հիմա տրվա՞ծ չի Ծառուկյանին:
- Ոչ թե տրված չի, դուք լավ տեղյակ եք, որ ընտրությունները պետք է գնան հավասար պայմաններում, իսկ հավասար պայմաններում չի կարող նման հասկացողություն լինի, որ ինչ-որ մի բան պիտի նվիրեն իրենց:
- Ուղղակի հետաքրքիր է, որ նախկինում նվիրել են, հիմա չեն նվիրում:
- Դե, Հայաստանը այնպիսի երկիր է, առաջ հնարավոր է` շատ բաներ են եղել... վերջը... չենք խորանում: Ու միայն հեռվից է երեւում, որ այստեղ ԲՀԿ-ն միշտ հաղթել է: Էդ ամեն ինչը հեռվից շատ գունավոր է երեւում: Բայց դա այդքան էլ այդպես չէ:
- Այսինքն, իրականում չի՞ հաղթել:
- Լավ, ինձ տենց հարցեր մի տվեք:
- Իսկ կարո՞ղ է դուք մեծամասնականով այդտեղ պատգամավորի թեկնածու առաջադրվեք` ընդդեմ Ծառուկյանի:
- Ես կարծում եմ, առայժմ ոչ մի նման ծրագիր չկա, եթե, ասենք, մի շաբաթից, 10 օրից ինչ-որ մի բան կփոխվի, կարող է:
- Իսկ դուք մտավախություն չունե՞ք, որ Ծառուկյանի ու Սերժ Սարգսյանի ներկայիս հարաբերություններն իրականում սարքած լինեն, ինչպես ժամանակին Արթուր Բաղդասարյանի դեպքում էր, ու այդ ժամանակ դուք իրականում լուրջ խնդիրներ ունենաք, կոպիտ ասած` քաշվեք:
- Ես Ծառուկյանի դեմ դուրս չեմ եկել, ես պահում եմ ՀՀԿ-ին, որը գլխավորում է նախագահ Սերժ Սարգսյանը:
- Ուղղակի, այդ մարզում Ծառուկյանն է միշտ հաղթել, ԲՀԿ-ն է եղել, հիմա այլ որոշում է կայացվել:
- Առաջ դեմը մարդ չէր դրել, եթե դներ, ուրեմն կարող է եւ հաղթեր:
- Վստա՞հ եք, որ ՀՀԿ-ն Կոտայքի մարզում կհաղթի ԲՀԿ-ին:
- Կոտայքի մարզում` չգիտեմ, բայց եթե հավասար, արդար պայմաններ լինեն, Աբովյան քաղաքում կհաղթի, եթե, կոպիտ ասած, ինչպես հիմա տրամադրված են (ՀՀԿ-ում- խմբ), մինչեւ վերջ այդպես տրամադրվեն:
- Իսկ մտավախություն չունե՞ք, որ կարող է շատ մեծ լարվածություն ստեղծվի, ծեծ, ջարդ, արդեն ասում են, որ այդ ավտոբուսների հետ կապված խնդիրներ կան, իրենք այդ անվճար ավտոբուսները մտցրել են, ձեր բիզնեսում խնդիրներ կան:
- Հասարակ մարդը հասկանում է, որ նա բարերարություն չի անում, դա անում է ինչ-որ մեկի դեմ, որ նրան սնանկացնի: Բայց մարդ է, հիմա ինքը տենց է մտածում, ես էլ մտածում եմ, որ ինքը սխալվում է, մարդիկ էլ դա կտեսնեն:
- Այսինքն, ձեր դե՞մ է անում, որ ձեզ սնանկացնի՞:
- Այո, այո, որովհետեւ ես տրանսպորտով եմ զբաղվում, դե վերջը... դա կարեւոր չէ:
- Բայց ինչո՞ւ ինքը որոշեց իր սանիկին սնանկացնել:
- Եթե քավոր է, ուրեմն` սանիկի սեփականությունն իրե՞նն է:
- Դե, իրենք ասում են, որ իր օգնությամբ եք, չէ՞, այդ ամենն ունեցել:
- Ինչ-որ հոդվածներից մեկում գրել են, որ Ծառուկյանը Արթուրին հացի տեր է դարձրել, եւ Արթուրը իբր ուրացել է այդ հացը, եւ ես ոնց որ դուրս եմ եկել ԲՀԿ-ից, մտել ՀՀԿ, այդպես էլ այդտեղից մի տաք տեղ կգնամ: Ես երբ Ծառուկյանին ճանաչել եմ, ԲՀԿ-ն ծնված չէր, երբ իրար հետ արդեն չենք շփվել, ԲՀԿ չի էլ եղել: Իրականությունը այլ է, ինձ ոչ ոք, հատկապես իրենք չեն օգնել:
- Լավ, բա ինչո՞ւ է որոշել իր սանիկին սնանկացնել:
- Այդ հարցը իրեն տվեք:
- Ասում են, որ կարող է Աբովյանի ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարը դառնաք:
- Կարող է վաղը, մյուս օրը շատ բան դառնամ. այսօրվա վիճակով թույլ չենք տա, որ մի հատ ՀՀԿ-ականի իրենք նեղացնեն, որովհետեւ ՀՀԿ-ականի նեղացնեն, պետք է իմ վրայով անցնեն, որ նեղացնեն:
- Ձեզ Պալաչ են ասում, ինչո՞ւ:
- Ես շատ բարի տղա եմ, ես չգիտեմ:
- Շատ սահմռկեցուցիչ մականուն է, այնպիսի տպավորություն է, որ մարդկանց վիզ եք կտրում:
- Չէ, չէ, տենց բան չկա, միշտ մարդկանց մականունները հակառակ էֆեկտ են տալիս, տես, ասում են` Դոդի Գագո, բայց ինչքա՜ն խելացի է, ուրա՜խ (ծիծաղում է):
- Էդ ձեռ եք առնո՞ւմ:
- (Ծիծաղում է) Չէ, ինչո՞ւ եմ ձեռ առնում, իրականությունն եմ ասում: Իրենք ինձ անընդհատ ասում են` Պալաչը, Պալաչը, այսօր մեր ամբողջ Ազգային ժողովն է մականունավորներով լցված, նույն ինքը` Դոդի Գագոն: Բայց պիտի իրար հարգենք, մականունը չասենք, չնայած ինչքան էլ ասենք` մի ասեք, մարդիկ կասեն, ուղղակի թերթերով գոնե չի կարելի: Խնդրում եմ, մականուն չտանք, իսկ եթե սկսեցինք տալ, ուրեմն, ձեր կուսակցության նախագահի մականունը մի մոռացեք, իմը դեռ նորմալ մականուն է:
- Հիմա համարում եք, որ Ծառուկյանը շա՞տ խելացի է:
- Բա ի՞նչ է, բա որ շատ խելացի չլիներ, այդքան բանի տեր կլինե՞ր:
- Ես ի՞նչ իմանամ, դուք ասում եք` ձեզ փորձում է սնանկացնել, կարող է մի ուրիշին էլ է փորձել, կամ չգիտեմ, ո՞նց է դարձել:
- Դե, կողքից մեկը մի բան ասել է, կողքի մարդկանց թելադրածով է շարժվում: Ոչինչ, մարդ է, հիմա էս պահին երեւի տենց է մտածել կամ այդ պահին չի ուզել մտածի, այդ պահին ուզել է լսի իրա կողքի մարդուն:
- Ո՞ւմ թելադրածով է շարժվում:
- Լավ, հիմա... Չգիտեմ` ում թելադրածով է շարժվում, բայց ինքը հաստատ ամեն ինչը թելադրածով է շարժվում:
- Քոչարյանի՞ թելադրածով:
- Ես նման հարցերի չեմ ուզում պատասխանել: Մենք էլ սխալներ ունենք, ուղղակի պետք է ամեն ինչը համով, հոտով անենք, որ մեր աշխատածը, մեր ստեղծածը մենք վայելենք, մեր հետեւից ավել, պակաս բաներ չխոսեն: Իսկ այսօրվա դրությամբ Աբովյան քաղաքը ապրում է ճորտատիրական հասարակարգում: Պարոն Ծառուկյանը միշտ իր ելույթներում ասում է` պետք է օգնենք փոքր եւ միջին բիզնեսին, բայց ինքը առաջին խախտողներից մեկն է, ինքն ասում է` իմ խոսքը գործ է, որը չի համապատասխանում իրականությանը, ինքը բիզնեսմենին նեղություն է տալիս, մարդկանց նեղություն է տալիս, մարդկանց ժամանակ է տալիս Հայաստանը լքեն, բա կարելի՞ է նման բան: Գիտեն, Աբովյանը Գագոյի գաղութն է, էս օդն էլ վարձով է տվել, որ շնչենք, ո՛չ, ստեղ նորմալ մարդիկ են ապրում, դուխով են, ուզում են ազատ ապրել, հարգել բոլորին, թեկուզ այս տարածքի պատգամավորից բռնած, բայց եթե կա փոխադարձ հարգանք: 
- Ո՞ւմ է ժամանակ տվել:
- Խնդրում եմ, ինձ նման հարցեր մի տվեք, որովհետեւ դրա պատասխանը չեք ստանա: Պարոն Ծառուկյան, Աբովյան քաղաքը քո սեփականությունը չէ, Աբովյանը բոլորինն է, նաեւ ձերն էլ է, բայց միեւնույն է, հաղթելու է ՀՀԿ-ն:
- Հիմա Աբովյանում լարված վիճակ չկա՞:
- Նորմալ է:
- Իսկ որ ասում եք` ՀՀԿ-ն ԲՀԿ-ին Աբովյանում պետք է հաղթի, դա ի՞նչ ձեւով եք պատկերացնում, դա ինչպե՞ս կարող է լինել:
- Դա պետք է լինի հստակ, պարզ:
- Չէ, երեւում է, այդտեղ վերջը մարդասպանություն է լինելու ընտրությունների ժամանակ:
- Աստված չանի: Մենք անելու ենք ընդամենը մեր գործը: Հետո մարդիկ պետք է իրար աչքերի նայեն, իրար բարեւ տան, հո ամեն ինչ չվերջացա՞վ: Եթե իրենք ուզում են վերջացնեն, ես երկու ձեռքով պատրաստ եմ, ես կարող եմ այդ նույնը օրը վերջացնեմ, բայց ես ուզում եմ ամեն ինչ խաղաղ լինի, լավ լինի: Մարդասպանությունը ծայրահեղություն է, որին Աստված չանի, որ հասնի, եւ պետք չէ, որ լինի:
- Դե, դժվար է պատկերացնել, որ Ծառուկյանը գոնե Աբովյանի մարզը զիջի ՀՀԿ-ին, դուք էլ ասում եք` հաղթելու եք:
- Իրեն որ հարցնենք, ինքը չի զիջի, մեզ հարցնեք, մենք չենք զիջի, բա բնական է, բայց մենք մեր գործն ենք անելու, մենք հո չե՞նք հարցնելու` պարոն Ծառուկյան, դուք կզիջե՞ք, թե` ոչ: Մենք դա վերցնելու ենք:
- Հա, բայց վերցնելը հեշտ չի լինի, դրա համար եմ ասում` կարող է ծեծ, ջարդ, մարդասպանություն դառնա:
- Չէ, ես ամեն ինչ անելու եմ, որ ընտրությունները նորմալ, հանգիստ գնան, մենք գործ ունենք հասարակ մարդկանց հետ, այսօր ես ընդամենը խառնվել եմ նրա համար, որ մենք բոլորս հանգիստ ապրենք, Աբովյանցին էլ իր քաղաքի մեջ հանգիստ ապրի:
- Հիմա հանգիստ չե՞ն ապրում:
- Ինձ եք խոսացնո՞ւմ:
- Կներկայացնե՞ք ձեզ:
- 37 տարեկան եմ, ավարտել եմ ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը, հիմա գործարար եմ:
- Ձեր սեփականությունը միայն այդ ավտոպարկն է ու տաքսի ծառայությո՞ւնը, թե՞ ուրիշ բիզնեսներ էլ ունեք:
- Կան, Աբովյան քաղաքում ֆուտբոլային թիմ ունեմ, այս տարի եմ բացել, սպորտի ոլորտում էլ...
- Վերջը որոշել եք Ծառուկյանին լրիվ դուրս մղե՞լ այդտեղից:
- Ինչքան տեղ կա ձգելու... ես ուզում եմ, որ լավ մթնոլորտ լինի, մարդիկ իրար հարգեն, սիրեն:
- Բայց դժվար եմ հավատում, որ Աբովյանում ՀՀԿ-ն հաղթի ԲՀԿ-ին:
- Այո: Ուզում եք, մենք ընդհանրապես գումար չբաժանենք, այսինքն, ոչ թե ընտրակաշառք, ասենք, էս անվճար ավտոբուսները, սա էլ է, չէ՞, ընտրակաշառք, մենք այդպիսի ոչ մի բան չանենք, գովազդներ չխփենք, բայց լինեն արդար ընտրություններ, կտեսնեք, որ այդ դեպքում էլ է ՀՀԿ-ն ԲՀԿ-ին այստեղ հաղթում:
- Ես ոնց հասկանում եմ, այդտեղ խիստ հետաքրքիր պայքար է սպասվում:
- Ձեզ էլ շատ հետաքրքիր թեմաներ են սպասվում:
- Ծառուկյանը ձեր հարսանիքի քավո՞րն է եղել:
- Ինքը ե՛ւ իմ հարսանիքի քավորն է, ե՛ւ իմ աղջկա կնունքի քավորը, բայց ինքը ուրացել է այդ մեռոնը: Պարոն Ծառուկյանն է ուրացել մեռոնը, ոչ թե` ես:


Комментариев нет: