Էս անգա՞մ ինչի թռիչք է
Սա մի ցուցանիշ է, որին կնախանձեին ամբողջ աշխարհում` ԱՄՆ-ից ու Եվրամիությունից բռնած` մինչեւ Ճապոնիա, նկատի ունենալով համաշխարհային տնտեսության վիճակը: Իսկ ամենաուշագրավն այն էր, որ այդ աճը ապահովվել էր հիմնականում արդյունաբերության «թռիչքային զարգացման» շնորհիվ: Ըստ ԱՎԾ-ի` հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ, արդյունաբերությունն աճել է 21 տոկոսով: Այս ցուցանիշը ամերիկաներին ու եվրոպաներին արդեն կարող է լրիվ շոկի մեջ գցել, որովհետեւ իրենց մոտ արդյունաբերության աճի կամ նվազման տոկոսները նույնն են, բայց` դիմացից մի զրո ավելացրած, այսինքն` մի 0.2-0.3 տոկոս: Բայց մի կողմ թողնենք ամերիկացիներին ու եվրոպացիներին, որովհետեւ նրանք, ի տարբերություն մեզ, այդպես էլ չհաղթահարեցին ճգնաժամը ու նույնիսկ չֆահմեցին ճգնաժամից դուրս գալու համար խորհուրդներ հարցնել մեր կառավարությունից:
Նրանք երեւի գիտեն, թե ինչպես են մեզ մոտ ստանում նմանատիպ աճերը: Իսկ ստանում են ահա այսպես: Օրինակ` արտահանումը, ըստ պաշտոնական վիճակագրության, անցած հունվարի համեմատ աճել է 0.4 տոկոսով, կամ կարելի է ասել` գրեթե չի աճել: Բայց սա այն դեպքն է, երբ կարելի է ասել, որ իրականում արտահանումը նվազել է մոտ 8 տոկոսով: Ինչպե՞ս: Ահա այսպես: Անցած տարվա հունվարին ՀՀ-ից արտահանվել է 71 միլիոն 199 հազար դոլարի ապրանք: Դրանից 4 միլիոն դոլարը թանկարժեք քարերն ու մետաղներն էին: Այս տարվա հունվարին Հայաստանից արտահանվել է 71 միլիոն 498 հազար դոլարի ապրանք, որից թանկարժեք քարերի ու մետաղների մասնաբաժինը արդեն ավելի քան 10 միլիոն դոլար է կազմել: Այսպիսով, 2011-ի հունվարին արտահանումը, առանց ոսկու ու ադամանդների, եղել է 67.2 միլիոն դոլար, այս տարի` 61.4 միլիոն դոլար: Ստացվեց, որ այս հունվարին մեր տնտեսության բոլոր մյուս ճյուղերը միասին վերցրած` 8 տոկոսով ավելի քիչ արտադրանք են արտահանել, քան անցած տարի: Բայց «անհանգստանալու» կարիք առանձնապես չկա: Պաշտոնական վիճակագիրները փետրվարին կունենան արտահանման հզոր աճ ցույց տալու հիմքեր: Խնդիրն այն է, որ արտահանման հունվարյան նվազումը տեղի է ունեցել նաեւ շնորհիվ հանքահումքային արտադրանքի եւ գունավոր մետաղների արտահանման նվազման հաշվին: Իսկ ըստ նույն վիճակագրության, այս տարվա հունվարին, օրինակ, պղնձի խտանյութի արդյունահանումը աճել է 20 տոկոսով, մոլիբդենինը` 10 տոկոսով, կոնվերտորային պղնձինը` 30 տոկոսով: Այսինքն, հանքերից դրանք արդյունահանվել են, բայց դեռ Հայաստանում են: Պարզ է, որ հանքահումքային այդ արտադրանքը արտահանվել է փետրվարին եւ շուտով, երբ կամփոփվեն փետրվարի տվյալները, մենք ականատես կլինենք, թե ինչպես է մեր արտահանումը «առաջանցիկ» տեմպերով աճում: Եթե լրիվ անկեղծ լինենք, ապա տպավորությունն այնպիսին է, որ մեր վիճակագիրները որեւէ ամսվա թվերը դզել-փչելիս անպայման «զապասներ են» թողնում հաջորդ ամիսների համար: Ու քանի որ ամենալավ թվերը պետք են գալու հատկապես ապրիլի կեսերին, ինչը պայմանավորված է մայիսյան ընտրություններով, ապա հիմա «զապասների» կարիքը ավելի մեծ է:
Комментариев нет:
Отправить комментарий