Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

26.02.2012

Էջի պատասխանատու - Վալդեմար Ֆռանգուլյան


Խորհրդավոր զույգն ու շոուբիզնեսը

Փետրվարի սկզբին «Ջոս» («Jose») համալիրում տեղի ունեցած միջադեպի վրա լրագրական լռություն է իջել. այն, ինչը մի քանի օր տաք-տաք քննարկեց ողջ Հայաստանը, հանկարծ դարձավ սպառված թեմա: Իրականում կրակն ինքնիրեն չի շիջել, եւ պահանջվել է կրակի վրա լիքը ջուր լցնել: Հետաքրքիր էր պարզել` ով եւ ինչու էր շահագրգռված դրանում: Եթե հիշում եք, երգչուհի Քրիստինե Պեպելյանը «կայֆավատ» անելու անմեղ նպատակով «Ջոս» է գնացել ոչ միայն իր ամուսնու` Վստրեչի Ապեր-Արամի, այլեւ մեկ այլ խիստ խորհրդավոր զույգի հետ:

Նրանք ինչ-որ բան են պատվիրել, եւ երբ Քրիստինե Պեպելյանի ամուսնու պատվերը, իր կարծիքով, ուշացել է, նա հրահանգել է «տղերքին»` ծեծել մենեջեր Գեւորգ Ավետիսյանին, իսկ դրանից հետո Գեւորգին ավտոմեքենայով տարել են: Ի դեպ, այդ օրերին նշվում էր, որ մենեջերը «Ջոս»-ի նախկին սեփականատիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայրն է: Այ, հենց այդտեղ էլ թաքնված է շան գլուխը: Ենթադրեցինք, թե լրագրողներն իրոք չէին կարողացել բացահայտել այդ անհայտ զույգի ինքնությունը, ու փորձեցի ինքս անել այդ մութ ու սեւ գործը:
Նորափեսա Վստրեչի Ապերը խրոխտացել է ոչ միայն եւ ոչ այնքան իր նորատի կնոջ առաջ, որքան խորհրդավոր զույգի, որոնց մոտ կռուտոյ երեւալը հատուկ կարեւորություն է ունեցել: Ինչո՞ւ: Ում պատվին է ծեծ կերել «Ջոս»-ի նախկին սեփականատիրոջ` Մհեր Ավետիսյանի եղբայր Գեւորգը: Ումից վախենալով է «Ջոսի» տնօրեն Գեորգի Հարությունյանը երդվել-պատռտվել, թե այդ օրը ոչ մի սկանդալ էլ չի եղել, ուղղակի «Լեւոն Թրեւլ» ըկերության սեփականատեր Կարպիս Թիթիզյանի ծննդյան տարեդարձն էր, շոու-բիզից ով ասես կար, բացի Պեպելյանից:
Ծեծկռտուք չի եղել նաեւ այն պատճառով, ըստ Հարությունյանի, որ լրագրողները շփոթել են. մենեջերը ոչ թե ոչ այնքան հաղթանդամ (մեղմ ասած) Գեւորգն է, այլ համարյա աժդահա Վահագնը: Սույն պարոնը դիմել է նաեւ հայկական իրականության մեջ տարածված ուրացման եղանակին` հետին թվով աշխատանքից ազատել է արդեն իսկ ծեծից տուժած, ոչ այնքան հաղթանդամ Գեւորգին: Երեւի ժելեած մազերով պատգամավոր, «Ջոսի» նոր սեփականատեր Փամբուկյան Հարութն է հուշել՝ էդ աղմուկի պատրվակն օգտագործելով, նախկին սեփականատերերի հետ կապը լրիվ խզել:
Բա մարդը կոպեկ-կոպեկ 12 միլիոն դոլար է հավաքել, օբյեկտ առել, որ հին տիրոջն աշխատավարձ տա՞: Մանավանդ որ նրանց ձեռքն էլ չոր քարի տակ չէ. նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանն առանձնակի բախտավոր մարդ է` նա Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի սանիկն է: «Գոլդըն» սանիկն իր քավորին լավ էլ արժանի մարդ է եղել աչքիս. շռայլորեն ասել է` քանի «Ջոսը» կա, քավորս «Բենթլիով» ա ֆռֆռալու, կներեք, գնալու հոգեւոր ծառայություն մատուցելու:
Հիմա մոտենում ենք խորհրդավոր զույգին. «Վստրեչի պատերազմից» հետո հայտնի դարձած Ապերն էլ պակաս շրջապատ չունի: Եվ քանի որ Աստված երրորդություն է սիրում, պատումի մեջ կա երրորդ քավոր, բայց այդ մասին` հետո:
Թեթեւակի հասկացանք, թե ինչու էր «Ջոսի» տնօրենը կմկմալով հրաժարվում, թե ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել: Դժվարությամբ, բայց հասկացանք, թե տուժողն ինչու է հրաժարվում: Հիմա փորձենք հասկանալ ոստիկանության լռության մոտիվացիան: Միջադեպի շուրջ աղմուկի պիկի օրերին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը փոխանցել է, որ դեպքի կապակցությամբ որեւէ հաղորդում չի ստացվել, եւ, չնայած դրան, օրենքին մեռած ոստիկաններն այցելել են «Ջոս» եւ պարզել, որ ինչ կռիվ, ինչ բան. մարդիկ «չայ» էին խմում:
Այ հիմա ճիշտ ժամանակն է ասելու, թե ովքեր էին խորհրդավոր երկուսը` չհաշված Քրիստիկն ու Ապերը: Ըստ որոշ տեղեկությունների` ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի դուստր Աննա (Վլադիմիրի) Գասպարյանն իր ամուսնու` Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանի հետ, քանի որ Աննան եւ Քրիստինեն հին ընկերուհիներ են եւ սիրում են միասին ժամանակ անցկացնել: Ավելին, շատերը գիտեն, որ այս նույն երկու զույգերն իրար հետ են Արաբական Էմիրություններում անցկացրել իրենց ամառային հանգիստը: Լավ է, որ Ապերն այնտեղ մարդ-մուրդ չի ծեծել, թե չէ իր ախպերությունը դժվար թե կարողանար Դուբայներում հայկական տարբերակով հարց լուծել:
Օտար մենթալիտետով մարդիկ կհասկանային որոշ մարդկանց` պատվանուն Վստրեչի Ապերին ստոր հրապարակումներից պաշտպանելու նուրբ մղումները: Մի խոսքով, հասկանում ենք, որ «Ջոսի» տնօրենը Վովչիկին ոչ մի կերպ չէր կարող մերժել ու էդ փոքրիկ լավությունը չանել` չի՞ եղել, չի եղել, պարոն գեներալ, հարց չկա…
Իր աղջկա ամենամոտ ընկերուհու` Քրիստիկի նոփ-նոր ամուսնու պատվի հարցն է եղել հրապարակի վրա, Վովչիկը տարբեր թերթեր է գործուղել նաեւ հայտնի Ճուտին: Երեւի Վովչիկը լրջորեն մտածում է` Ճուտին-մուտին որ օգտագործի, վրայից Վանոյի հոտ կգա: Որպես միջնորդ, սակայն, Ճուտը կատարյալ չէր. լինելով վերջերս բոլորովին բացահայտված, նա իսկական ընդդիմության դուռը գնալու երես չուներ, չնայած երեսը պնդացնելով` մեկ-երկու տեղ գնացել է, խնդրել, որ հերքում տպեն…
Այս պատմության հմայքն այն է, որ ամեն րոպե կարող է շարունակվել` անկախ հարց լուծողների կամքից: Բանն այն է, որ, ըստ մեր հավաստի տեղեկությունների, այդ հիշարժան օրը «Ջոսում» ներկաներից մեկը հասցրել է պապարացիություն անել եւ հեռախոսով նկարել է ամբողջ տուրուդմփոցը` կից հայհոյանքներով եւ մնացած մանրամասներով: Այնպես որ, եթե «Վստրեչի» եւ «Ջոսի» ճակատամարտերի մասնակից, «թաղային փառքի» 2-րդ աստիճանի «ասպետ» Ապերը միանգամայն արդարացիորեն (իսկ ինչու ոչ) մտածում է մեծամասնականով պառլամենտ գնալու մասին, ամեն օր պետք է պատրաստ լինի «Յութուբից» տհաճ անակնկալի:

Комментариев нет: