Նոր շոու սրտացավության թեմայով
Աննա Զախարյան -25. 02. 2012
Մեր թերթի դեռեւս հունվարի 24-ի համարում գրել էինք, որ ըստ մեզ հասած տեղեկությունների` Ադրբեջանում կայանալիք «Եվրատեսիլ-2012»-ին Հայաստանը ներկայացուցիչ չի ուղարկի, չնայած մասնակցության հայտ է ներկայացրել:
Գրել էինք նաեւ, որ փորձ է արվելու դա ներկայացնել որպես հանրային պահանջ` Երեւանում մի շարք բողոքի ցույցեր կազմակերպելով: Եւ ահա փետրվարի 23-ի ուշ երեկոյան, ինչպես հայտնի է, հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները հայտարարություն տարածեցին` բոյկոտելով Բաքվում անցկացվելիք երգի այս մրցույթը: Այդ որոշումն առաջին հերթին բացատրվում էր հետեւյալով.
«Փետրվարի 23-ին, Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետում, ադրբեջանցի դիպուկահարի արձակած կրակոցից զոհվել է ՀՀ զինված ուժերի ժամկետային զինծառայող Ալբերտ Ադիբեկյանը: Եւ սա այն պարագայում, երբ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի միջնորդ երկրները բազմիցս կոչ են արել հակամարտող կողմերին` հետ քաշել դիպուկահարներին շփման գծից: Հայկական կողմը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է այդ քայլին: Ադրբեջանը, ինչպես տեսնում ենք, ոչ միայն չի ընդունում այդ առաջարկը, այլեւ ցանկացած առիթ օգտագործում է հայի արյուն հեղելու համար»:
Բավական ծավալուն ու դիվանագիտական ոլորտի մասնագետի բառապաշարով շարադրված այս հայտարարության տակ ստորագրողների ավելի քան երկու տասնյակ անուններ են նշվում` Նունե Եսայան, Հայկո, Արթուր Իսպիրյան, Էմմի, Նադեժդա Սարգսյան, Էրիկ, Վարդան Բադալյան, Եվա Ռիվաս, Լիլիթ Հովհաննիսյան, Վահրամ Պետրոսյան, Արման Հովհաննիսյան, Ալլա Լեւոնյան, Արամո եւ ուրիշներ: Բաքու մեկնել հրաժարվողների ցանկում, սակայն, առաջինը Երգի պետական թատրոնի ղեկավար Արթուր Գրիգորյանն է: Հայտարարության նախաձեռնությունն էլ, ինչպես մեր զրույցում ասաց Գրիգորյանը, իրենն է: Ավելի ճիշտ, «նախաձեռնելը ոնց է. ես ի սկզբանե դեմ էի, որ Բաքվում կայանալիք «Եվրատեսիլին» մեր մասնակիցը լինի, եւ ինձ հետ էլ երգիչներ, որոնց անունները արդեն կարող եմ տալ»: Հարցին` ո՞վ է գրել տեքստը, Արթուր Գրիգորյանն այսպես պատասխանեց` տեքստը խմբագրած է, իսկ թե ում կողմից, կարեւոր չէ: «Միտքն է կարեւոր, միտքը»,- հայտարարեց նա եւ ավելացրեց. «Ես ուզում եմ` մեր երգիչները հասկանան, որ բացի երգիչ լինելուց, նրանք պետք է քաղաքացի կոչվեն: Մի երկիր, որ իմ երեխեքին այդքան սպանել է, մի երկիր, որտեղ այդքան գերի երեխեք ունեմ, ես ոնց թողնեմ, որ մի հատ երգի համար գնա այդ հողում երգիչը երգի: Ինչքանո՞վ է դա նորմալ, ինչքանո՞վ է դա բարոյական: Եւ այդ ի՞նչ մրցույթ պետք է լինի, որ այդքան կարեւոր լինի Հայաստանի համար, որ ինչպես մենք ենք սիրում ասել` եռագույնն այնտեղ ծածանվի: Մեր դրոշը որտեղ որ պետք է, ծածանվում է»: Ադրբեջանցի դիպուկահարի կողմից հայ զինծառայողի սպանությունն, ըստ նրա, վերջին կաթիլը դարձավ` նման հայտարարությամբ հանդես գալու համար:
Այն, որ խաղաղ պայմաններում զինծառայողի սպանությունը կարող է զայրույթի ու բողոքի ալիք բարձրացնել, բնական ու հասկանալի է, բայց հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները նման կերպ չեն արձագանքում, երբ հայկական բանակում հայ զինվորին իր իսկ ծառայակիցն է սպանում: Արթուր Գրիգորյանն, անդրադառնալով այս դիտարկմանը, հայտարարեց. «Ի՞նչ պետք է անեմ, զանգեմ ձեզ, արձագանքե՞մ: Ինձ մոտ խայտառակ վիճակներ են լինում, երբ այդպիսի բաներ են տեղի ունենում: Բայց մենք խոսում ենք հիմա ուրիշ բանի մասին, մենք խոսում ենք «Եվրատեսիլից»: Ի՞նչ կապ ունի դա»:
Ու թեեւ Հանրային հեռուստաընկերությունը չի շտապում հայտարարել, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ երգիչ-երգչուհիների հայտարարությունը`«Եվրատեսիլ-2012»-ին մասնակցություն ունենալու առումով, Արթուր Գրիգորյանը կարծում է, որ Հայաստանի ներկայացուցիչ չի ուղարկվի Բաքու: «Ես արդեն ասել եմ Ալիկ Հարությունյանին, որ այսպիսի բան է պատրաստվել, եւ նա դեմ չէ այս բաներին»,- ասաց նա: Ուշագրավ է, սակայն, որ երգիչներից շատերին, որոնց անունները դրված են մրցույթն այս տարի բոյկոտելու հայտարարության տակ, մինչ այդ, ընդ որում` զինծառայողի սպանությունից ընդամենը շատ կարճ ժամանակ անց, զանգահարել են Հանրային հեռուստաընկերությունից` հետաքրքրվելու, թե արդյոք նրանք դեմ չե՞ն Բաքու մեկնելուն եւ հարցրել` չէի՞ն ցանկանա միանալ այդ թեմայով կազմված հայտարարությանը: Ասել է թե` Հանրային հեռուստաընկերությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը ներկայացված չլինի «Եվրատեսիլ-2012»-ում: Բայց ահա պաշտոնապես համապատասխան հայտարարություն դեռեւս չի անում: Երգի այս մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը երեկ ասաց. «Մենք դեռ որոշում չունենք, այսինքն` հայտարարման համար դեռ որոշում չկա, հիմա չենք կարող մեկնաբանել դա»: Վերջնական հայտարարություն, ըստ նրա, կլինի մինչեւ մարտի 18-ը: Հենց մինչեւ այդ ժամկետը պետք է հայտնի դառնային մրցույթի մասնակիցն ու ներկայացվող երգը: Ի դեպ, փաստը, որ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր, թե երգիչն ու երգն ընտրվելու են ներքին մրցույթով, նույնպես հուշում է այն մասին, որ Բաքու չմեկնելու որոշումը եղել է շատ ավելի վաղ:
Հ.Գ.- Ըստ որոշ լուրերի` «Եվրատեսիլին» չմասնակցելու դեպքում Հայաստանը ստիպված է լինելու մեծ տուգանքներ վճարել` 100 հազար դոլարի չափ: Գոհար Գասպարյանը պարզաբանեց այդ տեղեկությունները` ասելով, որ խոսքը մասնակցության վճարի մասին է, որն ամեն դեպքում պետք է վճարվի: Գումարի չափը, սակայն, ըստ նրա չափազանցված է: Իրական թիվը Գասպարյանը չնշեց` ասելով, որ իրավասու չէ:
Հ.Գ.-2 Նշենք, որ Empyray խմբի վոկալիստ Սարգիս Մանուկյանը երեկ կարծիք է հայտնել, որ անբարոյականություն է զինվորի մահը կապել «Եվրատեսիլի» հետ: Իսկ, օրինակ, Անդրեն ու «Դորիանս» խումբը հայտարարել են Բաքու մեկնելու իրենց պատրաստակամության մասին:
Комментариев нет:
Отправить комментарий