Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

26.02.2012

Լավ կանեին` ընդհանրապես լռեին

Զարմանալի ոչինչ չկա

Այն բանից հետո, երբ մի խումբ երգիչներ հանդես եկան Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ» մրցույթը բոյկոտելու մասին հայտարարությամբ, «Բանակն իրականում» նախաձեռնության անդամ, բանակում սպանված Արտակ Նազարյանի քույրը՝ Ծովինար Նազարյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղադրեց եղբոր լուսանկարները` աստղերի հետ: Երեկ զրուցեցի Ծովինարի հետ:

- Ծովինար, դա ի՞նչ է նշանակում, ի՞նչ եք ուզում ասել` այդ նկարները տեղադրելով:
- Ես ալբոմի նկարագրության մեջ գրեցի, որ Արտակի նկարները հայկական աստղերի հետ հիշեցի, երբ տեսա նրանց հայտարարությունը «Եվրատեսիլին» չմասնակցելու մասին, որը տարօրինակ ձեւով կապում էին այն բանի հետ, որ ադրբեջանական դիպուկահարը սպանել է մի զինվորի Չինարի գյուղի դիմաց տեղակայված դիրքերում:
Դա, իմիջիայլոց, հենց այն վայրն է, որտեղ սպանվել է իմ եղբայրը` Արտակ Նազարյանը, բայց` հայի ձեռքով: Հետաքրքիր է, որ հայ աստղերն անընդհատ պնդում են, որ իրենք քաղաքականությանը չեն խառնվում, բայց այս դեպքում մենք տեսնում ենք, որ այնուամենայնիվ երբեմն խառնվում են: Ու ի՞նչն է տարօրինակ, որ ոչ մի անգամ որեւէ հայ աստղ իր ձայնը չի բարձրացրել հայ զինվորի սպանության դեմ, հայկական բանակում տիրող բռնության մթնոլորտի դեմ, երբ որ դահիճը հայ է եղել: Կարծում եմ` աստղերը լավ կանեին ընդհանրապես լռեին: Կամ էլ, եթե սա ազդակ է, որ իրենք որոշել են այսուհետեւ քաղաքացիական լուրջ դիրքորոշում դրսեւորել, շատ ուրախ կլինեմ, բայց շատ եմ կասկածում, որովհետեւ այդ հայտարարությունը «Եվրատեսիլին» չմասնակցելու մասին է, ոչ թե ընդհանրապես Ադրբեջանի վարքի, հայ զինվորին պաշտպանելու մասին:
- Այդուհանդերձ, կարծում եք` ավելի հեշտ է մեղադրել թշնամուն, երբ թիկունքիդ բանակն է ու պաշտպանված ես, քան թե խոսել հայկական բանակի վիճակի՞ մասին: 
- Այստեղ կան մի քանի հանգամանքներ: Նախ եւ առաջ, եթե ընդհանրապես քեզ համար սկզբունքային են հայ զինվորի կյանքը եւ առողջությունը, քեզ համար տարբերություն չպիտի լինի, թե ով է սպանում քո զինվորին: Դու պիտի միշտ ձայնդ բարձրացնես` անկախ նրանից` դա ադրբեջանցին է, թե հայն է: Ընդ որում, եթե ադրբեջանցին հստակ քո թշնամին է, շատ տխուր է, երբ որ դու թիկունքից ես հարված ստանում ու քո հայրենակիցը, այն էլ զինծառայողն է սպանում մեկ այլ զինծառայողի: Ինչու են աստղերը լռո՞ւմ: Արա Նեդոլյանը «Բանակն իրականում» նախաձեռնության կազմակերպած երթի ժամանակ մի հարցազրույցում այսպիսի արտահայտություն էր արել, որ բանակը կերակրատաշտ է: Եւ այո, բանակը կերակրատաշտ է նաեւ աստղերի համար: ՊՆ-ի բյուջեից իրենք շրջագայություններ են ունենում զորամասերում, երգեր են գրում` փառաբանելով բանակը, բանակին նվիրված օրերին համերգներ են ունենում: Սա շատ լավ, ապահով մի վայր է, էլ չեմ ասում այն մասին, որ իրենք անընդհատ մերձիշխանական շրջանակներում են, ընտրությունների ժամանակ նրանց երաժշտական ձեւավորումն են ապահովում միշտ` իշխանական թեկնածուի, եւ դրա համար ոչ մի անսպասելի բան չկա, որ այս մարդիկ կարող են այսպիսի հայտարարություն անել: Ես վստահ եմ, որ այդ հայտարարությունը իրենց ինքնուրույնության դրսեւորումը չէ բացարձակապես: Եւ համաձայն եմ «Էմփիռեյի» վոկալիստի հետ: Այո, անբարոյականություն է, երբ որ դու առիթ ես որոնում` «Եվրատեսիլ» չգնալդ հիմնավորելու համար եւ հանկարծ օգտագործում ես զինվորի մահը: Անբարոյական է էն «աստղը», որ զոհված զինվորի անունը չարաշահում է իր մոտակա անելիքները պլանավորելու համար, իսկ մարտի 1-ի զոհերի մասին ասում է՝ թող էնտեղ չլինեին, չսպանվեին:
Նկարում` Արտակ Նազարյանը երգիչ Հայկոյի հետ: Լուսանկարն արվել է 2002 թվականին` Իրանում ՀՀ դեսպանատանը, որտեղ աշխատել է Ա. Նազարյանը:  Նույն օրը նա լուսանկարվել է նաեւ Սյուզան Մարգարյանի, Սիրուշոյի, Ինգա եւ Անուշ Արշակյանների, Քրիստինե Պեպելյանի, Արսեն Գրիգորյանի հետ:

Комментариев нет: