Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

18.02.2012

Քաղաքական շնականություն



Ցնծա՜, ժողովուրդ հայոց եւ ազգս ֆռանկաց: Դարավոր իղձդ, հազարամյա ձգտումդ դեպի մայր Եվրոպա` իրականություն դարձավ: Միանգամից երկու հայաստանյան իշխանամետ կուսակցություններ՝ Հանրապետականը եւ Օրինաց Երկիրը, փետրվարի 10-ից դարձան Եվրոպական Ժողովրդական կուսակցության դիտորդ-անդամներ, ինչի մասին ի լուր առաջադեմ մարդկության հանդիսավոր հայտնում է ԵԺԿ-ի պաշտոնական կայքը, որտեղ նաեւ իմիջիայլոց նշվում է, թե Սերժ Սարգսյանը 6-րդ ոչ եվրոպական պետության կամ կառավարության գլուխն է, որը ներկայացված է ԵԺԿ-ում: Կատարելով այս պատմական գործը, ԵԺԿ քաղաքական ասամբլեայի բազմատանջ (բայց` անտրտունջ) անդամները բանաձեւեր ընդունեցին, որոնցով եւ հատկապե՛ս որոնցում իրենց մտահոգությունը հայտնեցին Նիգերիայի եւ Բելառուսի քաղաքական զարգացումների կապակցությամբ (քոռանա՛մ ես, աղջի): Կրկին անդրադառնալով մեզ վերաբերող խնդիրներին, ԵԺՊ (եթե այս պահին մտածեցիք, որ այս հապավումը բացվում է որպես «եվրոպեյսկայա ժոպա», ապա ես, համենայն դեպս, հեռու եմ նման բան պնդելուց, բայց ձեր վարկածը պատրաստ եմ դիտարկել որպես հավանական) նախագահ՝ Բելգիայի 44-րդ վարչապետ (1979-ի ապրիլից 1981-ի ապրիլ եւ 1981-ի դեկտեմբերից՝ 1992), ծագումով ֆլամանդացի (էս մեկն իմ սեւ բախտից էր, ախր ինչո՞ւ հենց ֆլամանդացի, չէ՞ որ հեռվից հեռու այդքան սիրել եմ եվրոպական այդ փոքրիկ երկրամասը), հորս թվի տռան բիձա (1936-ին ծնված)՝ Ուիլֆրիդ Մարտենսը (ֆլամանդերեն արտասանվում է՝ Մախտենս) չհապաղեց նշել, որ «ԵԺՊ կարեւոր առաքելություններից է առաջ տանել մեր արժեքները եւ եվրոպական ստանդարտները եվրոպական հեռանկարով այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է: Հանրապետական կուսակցության, Ժառանգության եւ Օրինաց Երկրի անդամակցումը ծայրահեղ կարեւոր է այդ առաքելությունն ամբողջացնելու տեսակետից»: (Կարծում եմ, «ժառանգներն» ինձ այս դեպքում կներեն՝ հասկանալով, որ նյութիս հեգնանքը տվյալ դեպքում իրենց չի վերաբերում): Բա՛, կամ ինչպես կասեր հայ դասականներից մեկը՝ «բյլա՛տը»: Ի՞նչ ասեմ, սիրելի ընթերցող, չեմ ուզում «հավուր պատշաճի» զայրույթի եւ վրդովմունքի սլաքներ ուղղել եվրոպական քաղաքական շնականության այս հերթական (հենց է՛դ է, որ հերթական) դրսեւորման առիթով, չնայած, ինչ մեղքս թաքցնեմ, այս անգամ մի փոքր զարմացած եմ, որովհետեւ, անտեղյակներին ասեմ, որ ԵԺՊ-ն իրոք հենց այնպես տեղ չէ, այլ եվրոպական աջ-կենտրոնամետ պահպանողական խոշոր եւ հարգի կուսակցությունների գլխավոր միավորումն է ԵՄ շրջանակներում՝ հիմնված քրիստոնյա-դեմոկրատական ուղղություն ունեցող ուժերի կողմից: Բայց ոչ այնքան ջղայնանալս է գալիս, որքան հեգնելու ցանկությունս: Իհարկե, ցավալի է գիտակցել, որ դը Գոլի, Ադենաուերի եւ այլ իրական արժեքներով լուրջ քաղաքական ֆիգուրների հիմնած կուսակցությունների արդի ներկայացուցիչներն այսօր այն են, ինչ որ կան՝ Սերժիկի եւ ախք-ի կարգի «քաղաքական» դեմքերի հետ իրենց լավ զգացող եւ քաղաքական տեքստը բացարձակ դատարկության վերածող պուպուշիկներ, բայց մեծ հաշվով ո՛չ ինձ, ո՛չ էլ եվրոպական արժեքները սեփական նախնիներից ժառանգած, այլ ոչ թե այլուստ փոխառած Հայաստանի այլ քաղաքացիներն են վնասվում այդքանով. եթե վնասվող կա այստեղ, ապա դա միայն նույն եվրոժոպաներն են, որոնք, իրենց արեւին, պրագմատիկ քաղաքականություն վարելով` իրականում իրենց իմիջը Հայաստանում արդեն ոչ թե զրո, այլ զրոյից էլ ցածր են դարձնում: Չեմ ուզում խոսել նաեւ չարաբաստիկ «աշխարհքաղաքական» շահերից, որովհետեւ դրանցից առավելապես գլուխ են հանում հայաստանյան իմաստուն փորձագետները, իսկ նրանից` ինչից իրենք գլուխ են հանում, ես սովորաբար ոչինչ չեմ հասկանում ու, մեր մեջ ասած, շատ էլ լա՛վ եմ անում, որովհետեւ ժամանակ չունեմ գլուխս պարապ բաներով լցնելու: Այս ամենն, ի վերջո, նորություն չէ: Նոր չենք նկատում, որ եվրոպական առաջնորդներին սերժիկենց եւ այլ հետսովետական դոդոների հետ միավորում են ոչ միայն «գեոպոլիտիկ» շահեր եւ հաշվարկներ, այլեւ իրականում մարդկային գորշ եւ գաղջ տիպը, ինչպես նաեւ քաղաքականությունը դատարկաբանության եւ ցռան անպատասխանատվության վերածելու ներքին միտումը: Վաղուց եմ կասկածում, որ իրական արժեքներով առաջնորդվող, «տաք», «հավատավոր» քաղաքական շարժումներից իրենց «դեմոկրատիայի հայրեր» զգացող եվրոպական առաջնորդներն իրականում մի տեսակ վախենում են: Եվրաչինովնիկների մեծ մասը Գալուստ Սահակյանի տիպի գործիչներից տարբերվում է միայն արտաքին շղարշով: Եվ Աստված իրենց հետ: Միայն թե թող չմտածեն, որ այստեղ իրենց ասածն ու արածը լուրջ ընդունող կա: Երբ Հայաստանի ժողովուրդը կառուցի իր անկախ պետությունը՝ հիմնված եվրոպական, այո՛, իրապես եվրոպական արժեքների վրա, իսկ մենք դա ուշ թե շուտ անպայման անելու ենք, ապա լավագույնն` ինչ որ կարող ենք առաջարկել արգո եժպականներին՝ մի երկու սեմինար-դասախոսություն իրենց համար, թե ինչպես պետք է մաքուր պահել սեփական քաղաքական հետույքները:

Комментариев нет: