Աննա Զախարյան
Աշոտյանը Անահիտին տո՞ւն կբերի
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը կարծես վճռական է տրամադրված հեթանոս Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը Լոնդոնի Բրիտանական թանգարանից Հայաստան բերելու հարցում:
Նախարարն օրերս նման ցանկություն հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում: Սոցիալական այդ ցանցի իր ընկերներին առաջարկել էր միանալ եւ մի ընդհանուր գրությամբ` համապատասխան ստորագրություններով, դիմել ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` պահանջելով Հայաստանին վերադարձնել Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու հանրահայտ արձանի բեկորները` գլուխն ու ձեռքերը: Նախարարը միաժամանակ նկատել էր, որ մշակութային արժեքների` Բրիտանիայից հայրենիք վերադարձնելու փորձ արդեն կա: Մասնավորապես, ըստ նրա, Եգիպտոսն է հաջողել մի քանի հարցում:
Երեկ փորձեցի պարզել` Արմեն Աշոտյանը կոչից գործի անցե՞լ է, եւ ի՞նչ արձագանք է գտել նրա հայտարարությունը: Նաեւ հետաքրքիր էր իմանալ` արդյոք նախարարը, լինելով կառավարության անդամ, չի՞ մտածել հեթանոս աստվածուհու քանդակի խնդրով դիմել արտաքին գործերի ու մշակույթի նախարարությունների օգնություն-միջամտությանը: Աշոտյանը մամուլի քարտուղարի միջոցով փոխանցեց միայն, որ իր կոչը մեծ արձագանք է գտել հատկապես երիտասարդների եւ ուսանողների շրջանում: Հենց նրանք էլ ստորագրահավաք են սկսել, որի ավարտին նրանց կմիանա նաեւ նախարար Արմեն Աշոտյանը, եւ կդիմեն Մեծ Բրիտանիայի դեսպանատուն:
Պետք է նկատել, սակայն, որ ըստ մասնագետների` Բրիտանական թանգարանում իրականում ոչ թե հայ դիցաբանության պտղաբերության աստվածուհի Անահիտի, այլ հունական սիրո եւ գեղեցկության աստվածուհի Աֆրոդիտեի արձանի բեկորներն են: ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, անտիկ արվեստի մասնագետ Հասմիկ Մարգարյանը երեկ մեր զրույցում նշեց, որ արձանի բեկորները գտնվել են Արեւմտյան Հայաստանի տարածքում` Սատաղ վայրում` 1872 թվականին: Արձանի գլուխը, ինչպես նաեւ դաստակն ու հագուստի մի մասը գտել են գյուղացիները` հողային աշխատանքների ժամանակ: Գտածոն նրանք վաճառել են Կոստանդնուպոլսում, որտեղից էլ մի որոշ ժամանակ անց գնել է Բրիտանական թանգարանը: «Քանդակը մ.թ.ա. առաջին եւ մ.թ. առաջին դարերի գործ է: Հելլենիստական արվեստի նմուշ է, Աֆրոդիտեին է պատկերում: Անահիտ անվանումը, որ այսպես տարածվել է հայագիտության մեջ, Ղեւոնդ Ալիշանի աշխատանքի հետ է կապված: Այդ վայրը` Սատաղը, շատ մոտիկ է Ագաթանգեղոսի եւ Մովսես Խորենացու մոտ հիշատակված Անահիտի հայտնի տաճարից, ընդամենը 10-12 կմ հեռավորության վրա է գտնվում, եւ երբ Ղեւոնդ Ալիշանը տեսել է Աֆրոդիտեի այս քանդակը, մտածել է, որ այսպիսի մի քանդակ պիտի որ դրված լիներ Անահիտի նախկին տաճարում եւ այդպես պայմանականորեն անվանել է Անահիտ»,- ասաց Հասմիկ Մարգարյանը: Նշեմ, որ Բրիտանական թանգարանի կայքում արձանը ներկայացվում է որպես արեւելյան աստվածուհի Անահիտա, որը համապատասխանում է, օրինակ, հունական Աֆրոդիտեին: Ի դեպ, այստեղ նաեւ արձանի կրկնօրինակն է առաջարկվում` 2 հազար 750 ֆունտ ստեռլինգի դիմաց, որը համարժեք է ավելի քան 4 հազար 300 դոլարին: Հայաստանի պատմության թանգարանում նույնպես կա Անահիտ աստվածուհու արձանի կրկնօրինակը: Ինչպես պատմեց թանգարանի աշխատակցուհին, 50-60-ական թվականներին մի սփյուռքահայ, Սփյուռքի կոմիտեի միջոցով, դիմել է Բրիտանական թանգարանին եւ ստացել կրկնօրինակը, ապա նվիրել Հայաստանի թանգարանին: Բայց մինչ այդ Բրիտանական թանգարանը կնքել է արձանի վրա, որ դա պատճեն է` արված Բրիտանական թանգարանի կողմից:
Հավելեմ, որ Մեծ Բրիտանիայի դեսպանությունը արձագանքել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կոչին` դարձյալ ֆեյսբուքյան իր էջում: Դեսպան Քեյթի Լիչը, մեկնաբանելով Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը Հայաստան վերադարձնելու ցանկությունը, գրել է. «Բրիտանական թանգարանն, իրավամբ, պատկանում է աշխարհին. ամեն տարի մոտ 6 մլն այցելու անվճար մուտք ունի այնտեղ, եւ երկար տարիներ հնարավորինս տրամադրել է իր եզակի նմուշները՝ աշխարհով մեկ ցուցադրելու համար: Հրաշալի կլինի, եթե փոխանակման այդպիսի ծրագիր իրականացվի Բրիտանական թանգարանի ու Հայաստանի պատմության պետական թանգարանի միջեւ»: Դեսպանն, այսպիսով, փաստորեն, ակնարկել է արձանը ոչ թե վերադարձնելու, այլ ժամանակավոր ցուցադրության ուղարկելու հնարավորության մասին: Իսկ թե ուսանողներին ու Աշոտյանին որքանո՞վ կհաջողվի փոխել իրերի ընթացքը, ցույց կտա ժամանակը: Նշեմ, սակայն, որ երեկ ինձ հետ զրուցած մասնագետներն այդ պահանջն անհեթեթ ու անիրատեսական էին գնահատում:
«Ավելի լավ է` դա Բրիտանական թանգարանում մնա, շատ մարդ տեսնի: Ասվի, որ դա հելլենիստական Հայաստանի տարածքից է գտնված եւ այդ ժամանակաշրջանի Հայաստանի մշակույթն է ներկայացնում, քան բերվի մեզ մոտ: Դա նույն բանն է, որ հոլանդացիները գան, ասեն` գիտեք ինչ, դուք պատկերասրահում Ռուբենս ունեք, այդ Ռուբենսը տվեք մեզ: Կամ` Դոնաթելլո ունենք մենք պատկերասրահում: Իտալացիները գան, ասեն` մեր Դոնաթելլոյին մեզ տվեք»,- ԳԱԱ աշխատակից, անտիկ արվեստի մասնագետ Հասմիկ Մարգարյանն, օրինակ, այսպես մեկնաբանեց իր անհամաձայնությունը:
Комментариев нет:
Отправить комментарий