Ցանցերն ընդդեմ պետության
Ընտրակաշառքն անշուշտ դատապարտելի է թե՛ քրեական օրենսգրքով, թե՛ քաղաքացիական բարոյականության տեսակետից, սակայն որքան էլ հայհոյենք իր ձայնը 5000-ով ծախողին (չնայած հայհոյանքը ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է որպես անարդարության զգացմունքից ծնված վրդովմունքի լիցքաթափման ձեւ), իրավիճակը դրանից արմատապես չի փոխվի: Կարեւոր է հասկանալ այն մեխանիզմը, որը գործում է հայաստանյան ընտրական համակարգում իր ամբողջության մեջ եւ իր կապերի մեջ: Ես կոչ կանեի մեր հասարակագետներին` համապատասխան մեթոդներով կատարել այսպիսի հետազոտություններ, որովհետեւ դա հաստատ մեր հասարակության առջեւ կանգնած կարեւորագույն թեմաներից է՝ շատ ավելի էական` մեր իրականությունը հասկանալու եւ բարեփոխելու տեսակետից, քան բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք դառնում են հետազոտման առարկա: Իհարկե, կարող է այնպես ստացվել, որ մի օր հեղափոխական քաղաքական կամքն ավելի արագ լուծի այս խնդիրը, քան գիտական միտքը հասկանա դա:
Սակայն ավելի ճիշտ կլիներ երկուսի զուգահեռ աշխատանքը, որը կարող էր ապահովել խնդրի ոչ միայն առավել ամբողջական, այլեւ առավել անցավ լուծում: Մի փոքր բացեմ միտքս: Ենթադրում եմ, որ խնդիրը ոչ միայն իշխանամետ ուժերի կողմից պարզապես կաշառք բաժանելն է ընտրողների որոշակի խմբերին` յուրաքանչյուր ընտրության ժամանակ (երեւույթ, որը հայտնի է դեռ հին հռոմեական հանրապետության ժամանակներից), այլ այն, որ առկա է լավ կազմակերպված եւ գրեթե անխափան աշխատող մի ցանց, որի մասին հիշում ենք միայն ընտրությունից ընտրություն, եւ որի միայն մակերեսային դրսեւորում՝ դրամային ընտրակաշառքն ենք սովորաբար ամենից հաճախ դատափետում, բայց որը հաջողությամբ գործելու համար պետք է ավելի խորքային հիմքեր ունենա, քան ավելորդ եւ «նիսյա» 5000 դրամ «վաստակելու» ցանկությունը: Ցավոք, միայն ենթադրություններով կարող եմ խոսել, բայց կարծում եմ, որ այս ցանցերի բոլո՛ր, այլ ոչ միայն առավել ազդեցիկ անդամներին, միավորում են յուրահատուկ շահերն ու հասարակական կապերը, ինչը խնդիրն ավելի լայն եւ ավելի բարդ է դարձնում, քան միանգամյա դրամական ընտրակաշառքի հարցը: Իհարկե, կարծում եմ նաեւ, որ չի կարելի պնդել, թե այսպիսի միավորումները բացարձակ ազատ եւ կամավոր են բոլոր ներգրավվածների համար՝ ամեն դեպքում այստեղ, բացի շահից եւ կապերից, առկա է նաեւ իշխանական բռնության գործոնը, այլապես մեր երկրում նմանատիպ սկզբունքների շուրջ կարող էին ձեւավորվել նաեւ տվյալ պահի իշխող ուժին այլընտրանքային ցանցեր: Այսինքն՝ ընտրակեղծիքի մեջ ներգրավված ցանցերի շարքային եւ միջին անդամների շահագրգռվածությունը որոշ իմաստով պարտադրված շահագրգռվածություն է: Բայց մյուս կողմից, իհարկե, միայն մաքուր բռնությունն էլ չէ, որ ձեւավորում է ընտրակեղծարար «համայնքը», այլապես կունենայինք սովետականի տիպի «կամավոր-պարտադիր» անայլընտրանք «ընտրություն», որի մասին, ի դեպ, ոչ ոք չի էլ հիշում որպես ընտրակեղծարարության հիմք, թերեւս, հենց այն պատճառով, որ այդ ժամանակվա մեխանիզմը կազմակերպված էր մաքուր պարտադրանքի շուրջ՝ առա՛նց շահագրգռվածության գործոնի: Ինչ էլ լինի, փաստորեն գործ ունենք հասարակական ինքնակազմակերպման յուրահատուկ ձեւի հետ (հասարակական ինքնակազմակերպումը հո պարտադիր չէ, որ միայն օրինական եւ դրվատելի արժեքների շուրջ լինի), որը կառուցապատվում է նյութական եւ հասարակական յուրահատուկ շահերի ու կապերի, ինչպես նաեւ իշխանական պարտադրանքի շուրջ: Ենթադրելի է, որ ինքնակազմակերպման այս ձեւը շատ բան փոխառել է հասարակական կազմակերպման արտապետական՝ համայնքային եւ կլանային ձեւերից, որով մի կողմից առավել կենսունակ է դառնում՝ շատ գծերով պատճենելով մեզանում ավանդաբար գոյություն ունեցող հասարակական ձեւաչափերը (սա կարեւոր է նաեւ, եթե հաշվի առնենք, որ մեր հասարակությունը քաղաքացիական ու պետական կազմակերպման ձեւաչափերի նվազագույն փորձ ունի), մյուս կողմից էլ` առավել վտանգավոր է դառնում Հայաստանում իրապես անկախ պետության կայացման տեսանկյունից, քանի որ անկախ ազգ եւ պետություն կարող ենք դառնալ` հաղթահարելով համայնքային գիտակցության ավանդույթները, այսինքն` կազմակերպվելով առավելապես ոչ թե «մարդկայինի», այլ օրինականի եւ իրավականի շուրջ: Սա կարեւոր է հասկանալ, որովհետեւ, եթե մի կողմից դատապարտում ենք ընտրակաշառքը որպես անբարոյականություն եւ օրենքի խախտում, ապա մյուս կողմից նկարագրված ցանցերում ներգրավված մարդիկ իրենք իրենց տեսակետից գործում են «ազնիվ» դաշտում, օրինակ, երբ համարում են, որ եթե վերցրել են գումարը, ապա չպետք է խաբեն եւ ձայն տան այլ թեկնածուի, կամ երբ պահանջում են խոստացված, բայց իրենց չհասած ընտրակաշառքի գումարը: Սա կարելի է կոչել միամտության կամ հակառակը՝ ցինիզմի ծայրահեղ դրսեւորումներ, բայց երկու դեպքում էլ հասկանալի է, որ հայաստանյան հասարակության տարբեր հատվածներն ապրում են բացարձակ տարբեր աշխարհներում եւ խոսում են տարբեր լեզուներով:
Հրանտ Տեր-Աբրահամյան -
15. 02. 2012
Ուստա Հրանտ
Комментариев нет:
Отправить комментарий