Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

18.02.2012

Իլհամ նախագա՞հ



Մեր «այլասերված» հասարակությունը


Հրազդանում տեղի ունեցած ընտրություններն, անշուշտ, հերթական հիասթափության առիթը դարձան բոլորիս համար: Չնայած ընդդիմության տպավորիչ միավորմանն ու լավ աշխատանքին, եւ չնայած նրան, որ հաջողությունը մի պահ շատ մոտիկ թվաց, այնուամենայնիվ ընտրակեղծարար ցանցն այս անգամ էլ հասավ հաջողության: Այդքանը դեռ, սակայն, առիթ չէ հերթական լուտանքների «սեզոնը» բացելու զանգվածաբար ընտրակաշառք վերցնող մեր ժողովրդի մի մասի նկատմամբ: Որքան էլ զայրույթն արդարացի լինի, բայց զայրույթն ինքնին չի կարող փոխարինել բանականությանը եւ իրավիճակի իրապաշտ գնահատական տալ ու ելքեր առաջարկել:
(Բնականաբար, է՛լ ավելի անիմաստ է մյուս ծայրահեղության մեջ ընկնելով՝ պատճենել «օրվա հացի կարոտ» եւ այդ կարոտից 5000-ով իր ձայնը ծախող «խեղճ ժողովրդի» մասին պատումները. նախ, որովհետեւ ընտրակաշառք վերցնողների մի մասը վաղուց ոչ թե օրվա հացի, այլ օրվա քյաբաբի խնդիր է լուծում, երկրորդ, եթե այդպես է, ուրեմն, ինչպես արդեն ճիշտ նկատել են շատերը, այդ նույն տրամաբանությամբ վաղը ՀՀ նախագահ կարող է «ընտրվել» Իլհամ Ալիեւը): Առավել եւս զարմանալի է, երբ ամեն մի այդպիսի իրադարձությունից հետո սկսում ենք խոսել այն բանի մասին, թե որքա՜ն է «այլասերվել» մեր ժողովուրդը: Մի՞թե: Եթե համարում ենք, որ մեր հասարակությունն այլասերվել է եւ այլասերվում է, հիմք ընդունելով ընտրակեղծիքները եւ ձայն վաճառելը, ապա լռելյայն ենթադրում ենք, որ ինչ-որ ժամանակ` անցյալում ունեցել ենք ավելի առողջ հասարակություն, որը ենթադրաբար եղել է օրինապաշտ եւ ընտրություններ չկեղծող: Լո՞ւրջ: Ե՞րբ է դա եղել՝ բրեժնեւյան զաստոյի՞, ստալինյան տեռորի՞, ցարական գաղութատիրությա՞ն, թե՞ պարսկա-թուրքական խանության ժամանակներում: Համեմատած դրանցից ո՞ր մեկի հետ ենք այլասերվել, եւ հատկապես այլասերվել` ազատ եւ արդար ընտրությունների եւ օրինապաշտության հարցում: Այդ ե՞րբ է մեզ համար ընտրության իրավունքը եղել սրբության սրբոց, որ մի հատ էլ հետընթաց ենք ապրել այդ առումով: Զարմանալին իրականում այն չէ, որ Հայաստանում մարդիկ իրենց ձայնը հինգ հազարով ծախում են (լավ է, գոնե ծախում են, կարող էին ձրի էլ տալ, այսինքն` այսօր ձայնը գոնե գին ունի, ի տարբերություն երանելի սովետական ժամանակների, երբ ընտրողին նույնիսկ գումար չէին տալիս իր ձայնը բացարձակ ձեւական, բայց չորս տարին մեկ ժամացույցի կանոնավորությամբ տեղի ունեցող անայլընտրանք ընտրությունների ժամանակ): Զարմանալին այն է, որ ՀՀ-ում կան մարդիկ, որոնք գիտակցում են իրենց քաղաքացիական քվեի արժեքը: Եվ եթե նույն Հրազդանը վերցնենք որպես կաղապար, ապա այդ մարդիկ ընտրության մասնակիցների գրեթե ուղիղ կեսն են կազմում: Ա՛յ, դա իրոք զարմանալի է եւ հուսադրող: Համարձակվեմ նույնիսկ այնպիսի պնդում անել, որը գուցե շատերին ընդունելի չթվա: Մեր հասարակությունը ոչ թե այլասերվում է, այլ ինչ-որ իմաստով առաջընթաց է ապրում: Համենայն դեպս, եթե խոսքը քաղաքացիական գիտակցության, օրինապաշտության եւ սեփական ընտրության իրավունքի արժեվորման մասին է, ապա հաստատ վիճակն ավելի բարվոք է, քան եղել է երբեւիցե նախկինում: Այլ բան է, որ ՀՀ իշխանությունն այս խնդրում որեւէ ներդրում չունի, այլ ճիշտ հակառակը, այսօր հենց ի՛նքն է ամենամեծ խոչընդոտներից` հասարակական գիտակցության հետագա առաջընթացի տեսակետից: Պատճառները պարզ են՝ հիմնվելով հասարակության հետընթաց միտումների վրա եւ ամրապնդելով ու կատարելագործելով դրանք, իշխող վերնախավը գտել է, կարծես, իշխանությունը մեկ խմբի ձեռքում հավետ պահելու բանալին: Ամենամեծ վտանգը սակայն, այս ամենում այն է, որ դրանով իշխանությունն անում է այն, ինչում սիրում է մեղադրել իր ընդդիմախոսներին՝ խարխլում է պետության հիմքերը, որովհետեւ պետությունը հիմնված է օրինականության վրա, այլ ոչ թե ցանցային համայնքային համերաշխության, որի վրա կառուցվել է ընտրակեղծարար մեխանիզմը: Մենք իրապես անկախ պետություն կդառնանք միայն այն ժամանակ, երբ վերականգնենք ընտրության մեր սահմանադրական իրավունքը:


Комментариев нет: