Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

18.02.2012

Փոքրամասնության քվեով

Վերջին գործիքը


Անցած կիրակի Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները ցույց տվեցին, որ կեղծարարության վերջին գործիքը ընտրակաշառքն է։

Եթե չես ուզում լցոնումներ անել, քվեատուփ կոտրել, լրագրող կամ դիտորդ ծեծել, վստահված անձ առեւանգել, բայց ուզում ես ընտրվել՝ հընթացս Արեւմուտքի աչքի առաջ ժողովրդավարի կերպար կերտելով, պետք է դիմես վերջին այդ գործիքին։ Անշառ, անվտանգ բան է։ Փաստը չես կարող արձանագրել` մինչեւ չմտնես երկուսի արանքը։ Եթե անգամ մտնես երկուսի արանքը, ո՞նց ես ապացուցելու, որ տրված 5000-ը հենց ընտրակաշառք է։
Գործնականում անբացահայտելի թվացող այս հանցանքն ունի լավ մշակված տեխնոլոգիա։ Ներսից դա ուսումնասիրելու գործում ինձ օգնեց Երեւանից ոչ շատ հեռու գտնվող քաղաքում ապրող մի ծանոթ, որը տարիների ընթացքում կուտակած պարտքերը մարելու նպատակով դարձել էր պրոֆեսիոնալ ընտրակեղծարար։ Պայմանականորեն այդ մարդուն կոչենք Սերժիկ ու հետեւենք նրա կյանքի ընթացքին։
Սերժիկը գնում է մարզպետարանում կամ քաղաքապետարանում աշխատող մի ազգականի մոտ, երկար-բարակ բողոքում իր վիճակից, կարճ ասում, թե ինչ կպատահի իր հետ, եթե չվերադարձնի պարտքերը։ Ազգականը, որը բնականաբար ՀՀԿ անդամ է, սկսում է լաց լինել, թե բա կարո՞ղ ա գիտես` մենք միլիոնների վրա ենք նստած, օր ա ըլնում կոպեկին կակա ենք ասում ու նման բաներ։
Սերժիկն՝ անորոշ ապագայի հեռանկարն աչքի առաջ, խռովքը հոգում, վախը սրտում գալիս է տուն։ Վրա հասած ընկճախտը երկար ժամանակ թույլ չի տալիս իրավիճակից դուրս գալու ուղիներ փնտրել, մինչեւ որ օրերից մի օր բարձրաստիճան ազգականը մարդ է ուղարկում Սերժիկի հետեւից (չի զանգում, որովհետեւ հեռախոսն անջատված է), թե ասեք՝ մի գա ինձ մոտ։
Սերժիկը վեր է կենում տեղից ու գնում է ազգականի մոտ՝ սրտում մի թաքուն հույս փայփայելով, թե նրա մեջ արթնացել է խիղճն ու որոշել է ինչ-որ բանով օգնել։ Ազգականը Սերժիկին ընդունում է սառը, որպեսզի վերջինս փողի-մողի հույս չունենա եւ աստիճանաբար տաքացող զրույցի ընթացքում բիզնես առաջարկ է անում. «Եթե ուզում ես գործերդ կարգավորվեն, առաջիկա ընտրություններում մեզ համար պետք է ապահովես 1000 ձայն։ Յուրաքանչյուր ձայնի համար 5000 դրամ կստանաս ընտրության օրը, իսկ պարտքերդ փակելու համար անհրաժեշտ գումարը (իհարկե՝ պարտքով) կտրվի գործը հաջողությամբ անելուց հետո»։
Ուրախալի այս լուրը լսելուն պես Սերժիկը սկսում է հաշվել պոտենցիալ ընտրակաշառվողներին՝ ես, մերս, հերս, ախպերս, ախպորս կինը, քուրս, քրոջս մարդը, քրոջս մարդու քուրը… եղավ, ասենք՝ քսան։ Մեր դասարանի Արոն, Սարոն, Կարոն, Մարոն, Ժիրոն եւ մյուսները… էս էլ եղավ երեսուն։
Հետո Սերժիկը հիշում է խմիչքի նկատմամբ ընդգծված հակում ունեցող հարեւաններին, հարեւանների բարեկամներին, բարեկամների ծանոթներին, որոնց երբեք չեն խանգարի մի քանի շիշ խմիչքն ու զակուսկին։
Սա էլ հաշվելուց հետո էլցանցերում աշխատող ծանոթ էլեկտրիկներից պարզում է լույսի վարձը դժվարությամբ մուծողների ցուցակը եւ առանձին-առանձին նրանց մոտենալով փորձում հասկանալ, թե ում կընտրեին, եթե էլցանցում կուտակված պարտքը մարվեր։ Դե, էդ խեղճ մարդիկ էլ Սերժիկին հո չե՞ն ասելու` սպասիր, ծանոթանանք Ահարոն Ադիբեկյանի անցկացրած հարցումներին, նոր պատասխանենք։ Բոլորն էլ շատ լավ գիտեն, որ Սերժիկի առաջարկի հետեւում կանգնած եւ Ահարոն Ադիբեկյանի հարցումներով հաղթող մարդը միշտ նույնն է, դրա համար էլ Սերժիկին ասում են՝ հա, մեռնեմ ջանիդ, էդ լույսի հարցը մի բան արա, անպայման մեր ձայնը կտանք։
Երբ ինքնախոստովանությամբ տարված ծանոթիս հարցրի՝ չե՞ս վախենում, որ փողը վերցնողը կամ առաջարկվող ծառայություններից օգտվողը կարող է քեզ քաշել ու չընտրել քո ուզած թեկնածուին, նա, առանց երկար մտածելու՝ ասաց. «Ընտրակաշառք սովորաբար վերցնում են բացառիկ ազնիվ մարդիկ։ Էն, ով հանկարծ սկսում է ինչ-որ իրավունքներից խոսել, վաղը-մյուս օրվա մասին հարցնել, միանգամից դուրս ա թռնում ցուցակից։ Ավելի լավ ա` մի 50-60 հոգի պակաս լինի, քան թե դրանց պես նախալների հետ գործ բռնեմ»։
Ըստ Սերժիկի՝ բոլորին ընտրակաշառք բաժանել հնարավոր չէ։ Կան մարդիկ, որ քյալ են, ընդդիմությանն են ձայն տալիս, հետո մանթռաժ ընկած մի երկու օր հույ-բույ են անում ու սսկվում։ («Սրանցից Աստված հեռու պահի»,-ասում է։) Կան, որ փողի կարիք չունեն, բայց միշտ իշխանավորի հետ են։ Սրանք գործի-մործի, պաշտոն-մաշտոնի հարցով են ընտրություն անում, մեր կոնտինգենտը չեն։ Կան, որ անգյալ են՝ փող չէ, ոսկի էլ տաս, տեղներից չեն վեր կենա ու չեն գնա տեղամաս։ Տակը մնում ա ընտրության բուն իմաստը հասկացող փոքրամասնությունը՝ մի 1000-3000 մարդ, ու միշտ էդ փոքրամասնությունն ա որոշում, թե ով ա լինելու բոլորի տերը։
«Էդ որ ասում են ժողովրդավարություն ու հասկանում են մեծամասնության ընտրածը, տենց բան չկա։ Տենց որ ըլներ, 65 միլիոնանոց Ֆրանսիայում խի՞ էին ընկնելու 350-500 հազար հայի հետեւից։ Ամեն տեղ էլ փոքրամասնությունն ա ընտրում՝ մի տեղ քյաշ փողով, մի տեղ էլ պատմական արդարությունը վերականգնելու խոստումով»,- եզրափակում է Սերժիկը՝ լավ ապագայի հույս չթողնելով։

Комментариев нет: