Գլխավոր էջ

ԱՎԵԼԻՆ ԼՐԱՀՈՍ ԻՐԱՎՈՒՆՔ ԾԱՂՐԱՆԿԱՐ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ

21.02.2012

Դե, մենք ենք, Ամերիկան, Ավստրիան...


Սիրուն թվերի թակարդը

Հեղինակ՝ Արզօ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեւի իրեն ներշնչել է, որ իր հրապարակած վիճակագրական ցուցանիշները ուսումնասիրում են միայն ճապոնացիներն ու մեքսիկացիները: Այսինքն նրանք, ովքեր բոլորովին տեղյակ չեն հայկական իրականությանը:
Երեկ ԱՎԾ-ն հրապարակել է այս տարվա հունվար ամսին Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական ցուցանիշները: Ըստ այդմ ստացվել է, որ անցած տարվա հունվարի համեմատ` մեր երկրի արդյունաբերությունը աճել է ուղիղ 21 տոկոսով: ԱՎԾ-ի ներկայացրած այսպիսի ցուցանիշները արդեն զուտ սպորտային հետաքրքրություն են առաջացնում: Հետաքրքիր է, թե մինչեւ ուր կհասնենք այս ցուցանիշներով: Խնդիրն այն է, որ եթե այս տեմպերով շարունակենք, ապա մի քանի տարվա ընթացքում մեր տնտեսությունը, ըստ ԱՎԾ-ի թվերի, կհասնի ու կանցնի ԱՄՆ-ի ու Չինաստանի տնտեսությունները միասին վերցրած: Սա չափազանցություն չէ: Ընդամենը 5-6 տարի առաջ տնտեսական երկնիշ աճ ստանալու համար քոչարյանական վարչակազմը գյուղատնտեսությունում այնպիսի աճի պատվերներ էր իջեցնում ԱՎԾ-ին, որ մի պահ մենք գրեթե հասանք ԱՄՆ-ի մակարդակին:
Այդ ժամանակ բնակչության մեկ շնչի հաշվով արտադրվող կաթի քանակով մենք ընդհուպ մոտեցել էինք ԱՄՆ-ի նույն ցուցանիշին: Հիմա նույնը կարծես թե տեղի է ունենում արդյունաբերության հետ: Արդեն երրորդ տարին աճեր նկարելով այնպես է ստացվել, որ 2009-ի հունվարի համեմատ` այս տարվա հունվարին արդյունաբերությունում արձանագրվել է արդեն 72 տոկոս աճ: Պատկերացնո՞ւմ եք` 72 տոկոս: Իսկ անցած 10 տարվա ընթացքում մեր արդյունաբերությունը արդեն աճել է մոտ 3 անգամ: Ինչ է դա նշանակում: Իսկ դա նշանակում է, որ այն, ինչ արտադրում էինք 10 տարի առաջ, հիմա արտադրում ենք դրանից 3 անգամ շատ` անձեռոցիկներից սկսած, մետաղահատ հաստոցներով վերջացրած: Տեսնես` ԱՎԾ-ում պատկերացնո՞ւմ են, թե ինչ է նշանակում արդյունաբերական արտադրանքի 1 տոկոս, 20 տոկոս, 50 տոկոս աճ: Եթե պատկերացնում են ու գրում են 10 տարվա ընթացքում 300 տոկոսանոց աճ, ապա ԱՎԾ-ին միայն կարելի է կարեկցել: Լրիվ լուրջ: Խնդիրն այն է, որ ԱՎԾ-ն ստիպված է այսպիսի աճեր նկարել առաջիկա մի քանի ամիսներին` մինչեւ ԱԺ ընտրություններ: Ախր «Առաջ` Հայաստանը» պետք է համեմվի նաեւ գեղեցիկ թվերով: Բայց ԱՎԾ-ի դժբախտությունն այն է, որ ԱԺ ընտրություններով նրա նկարչությունը չի ավարտվելու, եւ նա ստիպված է լինելու թվեր նկարել նաեւ մինչեւ հաջորդ նախագահական ընտրություններ: Դե, ինքներդ եք հասկանում` էլի՛ «Առաջ, Հայաստան», էլի՛ ճառեր... Դրա համար էլ սիրուն թվեր են պետք: Եւ ահա ստացվում է, որ եթե ամեն ինչ գնա իշխող վարչակարգի սցենարով, ապա ԱՎԾ-ն ստիպված է լինելու թվեր նկարել մինչեւ հաջորդ տարվա փետրվար: Ընդ որում, պետք է նկարի օրեցօր ավելի ու ավելի սիրուն թվեր: Ու արդյունքում կստացվի այն, ինչ կանխատեսում ենք: Մինչեւ հաջորդ տարվա փետրվար մեր արդյունաբերությունը կաճի եւս մի 2-3 անգամ, ու կստացվի, որ առաջ ենք անցել թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Չինաստանից:
Այդուհանդերձ պետք է նկատել, որ նույնիսկ այսպիսի նկարչություն անելով` ԱՎԾ-ն չի կարողանում թաքցնել սոցիալ-տնտեսական իրավիճակի ընդհանուր պատկերը: Անցած տարվա համեմատ, մասնավորապես, գրեթե աճ չի արձանագրվել գյուղատնտեսությունում եւ շինարարությունում: Միջին ամսական աշխատավարձը, ըստ ԱՎԾ-ի, աճել է 7.4 տոկոսով, բայց մանրածախ առեւտրի ծավալը չի աճել: Թե ինչ են արել մարդիկ այդ ավելացած աշխատավարձը, այնքան էլ պարզ չէ: Բացի դրանից, չնայած արդյունաբերության 21 տոկոսանոց աճին, տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը ընդամենը 4.4 տոկոս է: Սա ուշագրավ է նրանով, որ անցած տարվա հունվարին ԱՎԾ-ն արձանագրել էր տնտեսական ակտիվության 7.7 տոկոս աճ: Այլ կերպ ասած, նույնիսկ ԱՎԾ-ն է արձանագրում աճի տեմպի նվազում: Եթե ԱՎԾ-ի բեղուն գրիչն է արդեն խեղճանում, ապա կարելի է ենթադրել, թե իրականում ինչ վիճակում է մեր տնտեսությունը:

Комментариев нет: