Վերջին օրերին առավել քան ակնհայտ են դարձել հասարակությանը քրեաօլիգարխիկ համակարգի կողմից նետված նորանոր մարտահրավերները:
Կարծես փորձ է արվում գլխիվայր շուռ տալ ընդունված արժեքները, կանոնները, օրենքները եւ վերջնականապես ճնշել հասարակությանը աղավաղված արժեհամակարգով: Ամենավառ օրինակը խորհրդարանում արձանագրված կեղծ քվեարկություններն են: Այդ կեղծիքները իրականացրել են այն անձինք, որոնք ընդունված են միջազգային հանրության կողմից, տարբեր կառույցներում ներկայացնում են Հայաստանը, իսկ հասարակության, ԶԼՄ-ների լայն շերտեր առնվազն լոյալ վերաբերմունք ունեն այդ կեղծարարների նկատմամբ: Խոսքս բացահայտ ստախոս Գագիկ Մելիքյանի մասին չէ, որի համար եւս մեկ կեղծիք անելը սովորական բան է, այլ կարկառուն հանրապետականներ Դավիթ Հարությունյանի եւ Հերմինե Նաղդալյանի: Զավեշտն այն է, որ այս մարդիկ են համոզում եվրոպական չինովնիկներին, որ առաջիկա ընտրությունները լինելու են արդար եւ ազատ: Միջազգային չինովնիկներին մոլորեցնելուն զուգահեռ, նրանք գալիս են ԱԺ եւ բոլորի աչքի առաջ քվեարկում այլ պատգամավորների փոխարեն.
Տեսանյութերը դիտելուց հետո մեկ հարց է առաջանում, թե այդ անձինք ինչո՞վ են տարբերվում սովորական կեղծարարներից: Իմ կարծիքով, նրանք ավելի վտանգավոր են հասարակության համար, որովհետեւ սովորական կեղծարարին կարելի է պատժել եւ մեկուսացնել: Վերոնշյալ մարդկանց (այսօր) հնարավոր չէ պատժել, որովհետեւ, չարաշահելով պատգամավորական անձեռնմխելիությունը, նրանք կատարում են մի գործողություն, որի իրավունքը չունեն եւ չեն պատժվում: Ավելին, նրանք չունեն համարձակություն` խոստովանելու իրենց հանցագործությունը, չնայած առկա բոլոր ապացույցների: Հիմա այդ մարդիկ օրուգիշեր երաշխիքներ են տալիս օտարերկրացիներին, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ չեն լինելու: Կեղծարարն ու ստախոսը խոստումներ են տալիս: Հայաստանը երբեք չի եղել այլասերման նման ճահճում: Խնդիրն ունի նաեւ միջազգային հարթություն. այդ երկու կեղծարարները նաեւ ԵԽԽՎ զեկուցողի կարգավիճակ ունեն, այսինքն` միջազգային մակարդակի կեղծարարներ են: Կարելի է պատկերացնել, թե նրանց կազմած զեկույցներից ինչ է բուրում: Մեկ այլ զարհուրելի միջադեպ եղավ լրատվամիջոցի վրա կատարված ճնշման տեսքով: Պաշտպանության նախարարի ցուցումով, ՊՆ պաշտոնական ներկայացուցիչը (մամուլի քարտուղարը չի կարող նման հանդուգն ապօրինություն թույլ տալ իրեն` առանց վերադասի հրահանգի) ճնշում է գործադրում լրատվամիջոցի` epress.am-ի վրա` պահանջելով կայքից հանել իր ղեկավարի` պաշտոնական միջոցառման ժամանակ քնելու վերաբերյալ տեսանյութը:
Ապշել կարելի է, թե ինչպես հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող չինովնիկը պաշտպանում է մեկ այլ պաշտոնյայի, որի պարտականությունն է արդարացնել այն բարձր աշխատավարձը, որն իրեն վճարում է ժողովուրդը: Պաշտոնական միջոցառման ժամանակ քնելը, բնավ, հանցագործություն չէ, եւ, ըստ իս, բավարար պատճառ չէ պաշտոնանկության համար, սակայն նման անհարմար վիճակից արժանապատիվ դուրս գալը կլիներ չինովնիկի հրապարակային բացատրությունը` ափսոսանք ու ներողամտություն հայցելը: Բայց արի ու տես, որ հերիք չէ` չկա որեւէ հոդաբաշխ արձագանք, դեռ դրա փոխարեն հրահանգվում է մամուլի քարտուղարին` ճնշումներ գործադրել լրատվամիջոցի վրա: Բանակում եւ հասարակությունում բարոյահոգեբանական վիճակը էլ ավելի սրելու համար ավելի գործուն միջոց դժվար էր գտնել:
Այս երկու դիպվածները շատ բնորոշ են այս իշխանությանը: Եթե ժողովուրդը չկարողացավ ազատվել կեղծ ժողովրդավարներից, ավազակաբարո չինովնիկներից, դրանց կերակրատաշտակից օգտվող եւ օրուգիշեր քծնող լրագրողներից, կգան նորերը` ավելի երիտասարդ եւ կարիերիստ, որոնք այլեւս ոչ մի բարոյական խոչընդոտ չեն ունենա խաբելու, կեղծելու եւ հարստահարելու ժողովրդին: Զգալով, որ նման վարկաբեկված կադրերով հեռու չի գնա` Ս. Սարգսյանը նոր գրոհ է պատրաստում. ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկվելու են տասնյակ կարիերիստ եւ անդեմ երիտասարդներ` այս անգամ էլ միջազգային եւ հայաստանյան հանրությանը ցույց տալու համար` իբր ՀՀԿ-ն «բարեփոխումների» հակված ուժ է: ՀՀԿ-ի հիմնած արժեհամակարգում մուտացիայի ենթարկված այդ երիտասարդ դավիթհարությունյանները ավելի վտանգավոր են, քան «բարի» եւ մեզ քաջ ծանոթ ավանդական հանրապետականները:
ՀՀԿ ցուցակը «զարդարել» կոչված եվրաերիտասարդները, որոնք լռել եւ համակերպվել են, ծառայել եւ քծնել են իշխող վերնախավին (միաժամանակ ոչ մի օգուտ չբերելով իրենց իսկ հարազատ կուսակցության վարկանիշին` վերջին չորս տարիների ընթացքում), Հայաստանը ավելի ետ կգցեն զարգացման ճանապարհից, քան նույնիսկ վերոնշյալ անուղղելի կեղծարարները:
Комментариев нет:
Отправить комментарий